Չէ՛, չէ՛, չէ՛, ԵՊՀ-ն ռեկտոր ունի, դուք չափն անցաք. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը դատարանի որոշումը աբսուրդ է համարում

Երևանի պետական համալսարանում բարդ իրավիճակ է ստեղծվել. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 17-ին կայացրել է որոշում, որով անվավեր է ճանաչվել ԵՊՀ-ի ա խորհրդի թիվ 43 որոշումը, և դադարեցվում են ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները: Հայցը դատարան ներկայացրել էր «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը։ Այսինքն՝ ստացվում է՝ ԵՊՀ-ն չունի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ռեկտոր կամ ռեկտորի պաշտոնակատար։

«Մեդիալաբը» փորձեց մի քանի հարցեր ուղղել Գեղամ Գևորգյանին։

– Պարո՛ն Գևորգյան, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, փաստորեն, դադարեցրել է ձեր լիազորությունները։

– Չէ՛, չէ՛, ի՞նչ եք ասում, իմ լիազորությունները դադարեցված չեն, իմ լիազորությունները ես ամբողջ ծավալով կատարում եմ։ Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։

– Այսինքն՝ վիճարկելո՞ւ եք առաջին ատյանի դատարանի որոշումը։ 

– Երևի, էլի, բա ի՞նչ պետք է անեմ, աբսուրդ որոշում է, թողեմ մնա՞։

–  Ո՞ր մասն է մասնավորապես, աբսուրդը։

– Ես որևէ մեկից ոչինչ չեմ թաքցրել։ Ավելին, լրագրողները բազմիցս հարցրել են, ես դրական պատասխաններ եմ տվել։ Դատի տվողը նույնպես այդ մասին շատ լավ գիտեր՝ հարցրել է, պատասխանել եմ։ 

– Չեք թաքցրել ի՞նչը, որ բանկերից մեկի հոգաբարձուների խորհրդո՞ւմ եք։ 

– Այո, ես երբևէ չեմ թաքցրել ոչ մեկից, իսկ դատարանի որոշումը էդ հանգամանքը թաքցնելու մասին է։ 

– Բայց դատարանը փաստացի որոշել է, որ դադարեցված են ձեր լիազորությունները։

– Դե դրա համար էլ ասում եմ՝ աբսուրդ որոշում է։ 

– Չե՞ք ընդունում դատարանի որոշումը, համաձայն չե՞ք դրա հետ։ 

– Նախ՝ չեմ էլ ստացել, որ ընդունեմ կամ չընդունեմ։ Լրագրողներից եմ իմացել դրա բովանդակության մասին։  

– Պարո՛ն Գևորգյան, ինչո՞ւ է ԵՊՀ-ի շուրջ այսպես պարբերաբար աղմուկ բարձրանում, նման իրավիճակներ ստեղծվում։ 

– Դուք կարո՞ղ եք որևէ գործող մարմին ասել, որի շուրջ խոսակցություններ չեն լինում։ Գիտե՞ք Հայաստանում որևէ գործ անող մարմին, որի շուրջ զանազան խոսակցություններ չեն լինում։ 

– Այսինքն՝ ակտիվ աշխատում եք, դրա համա՞ր են նման իրավիճակներ առաջանում։

– Այո՛, ես աշխատում եմ, և իմ աշխատանքը որոշ մարդկանց սրտով չէ, փորձում են պղտորել։

– Ովքե՞ր են այդ որոշ անձինք։ 

– Կարևոր չէ՝ ովքեր են, ներսից են, թե դրսից։ Կան շրջանակներ, որոնց սրտով չէ, որ ԵՊՀ-ն ակտիվ աշխատում է։

– Լավ, պարո՛ն Գևորգյան, այս պահին, փաստորեն, ԵՊՀ-ն չունի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հոգաբարձուների խորհրդի քարտուղար, ռեկտոր կամ ռեկտորի պաշտոնակատար…

– Չէ՛, չէ՛, չէ՛, ռեկտոր ունի, դուք չափն անցաք, ռեկտոր ունի, դուք ռեկտորի հետ եք խոսում հիմա։ 

– Բայց կա դատարանի որոշում…

– Դե, դատարան է, մի բան ասել է։ Բայց, ախր, այդ որոշումը ուժի մեջ չի մտել, դա չպետք է ընդունել վերջնական ակտ, ինչ-որ մի ատյանի դատարան մի բան ասել է, հետո ի՞նչ։

– Պարո՛ն Գևորգյան, դո՞ւք էլ էիք պահանջում վարչապետի հրաժարականը…

– Դա ֆեյք էր, երեկ երեկոյան եմ իմացել, որ իմ անունից նման հայտարարություն է տարածվել։ Ուղղակի արդեն էնքան մարդ էր կարդացել, որ անիմաստ էր հերքելը։ Ես նման հայտարարություն չեմ ստորագրել։ Ես գիտեմ նաև, որ Գոգյան Սմբատինն էր կեղծ ու պարզ է, որ շատերինը կեղծ եղած կլինի։ Այնպես որ, նման թղթերին, հայտարարություններին լուրջ մի՛ վերաբերվեք։ 

– «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն է դրվել շրջանառության մեջ. ըստ ձեզ՝ ի՞նչ ճակատագիր է սպասում ԵՊՀ-ին։ 

– ԵՊՀ-ն կա, եղել է ու կլինի, մի՛ անհանգստացեք։ Իսկ ինչ վերաբերում է այդ նախագծին, ապա դա արդեն երեք կառավարություն է քննարկում, և շատ հնարավոր է, որ այդ նախագիծը քննարկի նաև չորրորդ կառավարությունը։ Արդեն յոթ տարի է՝ այդ նախագիծը քննարկվում է։ 

– Ի դեպ, այդ օրինագծի հետ կապված կար մտավախություն, որ այն թույլ է տալիս կառավարությանը բուհի ռեկտոր նշանակել, ինչը հնարավորություն կտա ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին հեշտորեն նշանակվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։

– Այս օրենքը շրջանառության մեջ է դրվել Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք, եղա՞վ, այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը չէր կարող դավադիր բաներ անել։ 

– Բայց այդ դրույթը վերջերս էր ավելացել։

– Վայ, ի՞նչ եք ասում, ես ասում եմ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներից է այդ օրենքը շրջանառվում, դուք ասում եք… Ինչ վերաբերում է այն հարցին, որ այս կամ այն անձը ուզում է դառնալ այս կամ այն պաշտոնյա, դրա մեջ պախարակելի ոչ մի բան չկա։ Հիմա դուք էլ կարող է՝ ուզենաք դառնալ գլխավոր խմբագիր։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Եթե մարդիկ ձգտում են ինչ-որ լավ բանի, ապա դրա մեջ պախարակելի որևէ բան չկա։ Եթե զինվորը չձգտեր գեներալ դառնալ, մենք գեներալ չէինք ունենա ընդհանրապես։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am