«Մահացած զինվորներից շատերի վրա կապտուկներ կան, ծեծված, խոշտանգված են». ըստ իրավապաշտպանի՝ հեղափոխությունից հետո բանակում փոփոխություններ չկան

«Մահացած զինվորներից շատերի վրա կապտուկներ կան, ծեծված, խոշտանգված են». ըստ իրավապաշտպանի՝ հեղափոխությունից հետո բանակում փոփոխություններ չկան
«Մահացած զինվորներից շատերի վրա կապտուկներ կան, ծեծված, խոշտանգված են». ըստ իրավապաշտպանի՝ հեղափոխությունից հետո բանակում փոփոխություններ չկան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Եթե ամփոփենք վերջին երկու տարիները, ի՞նչ ունենք բանակում, ի՞նչ փոփոխություններ և ի՞նչ բացեր կան, որ այդպես էլ մնում են չլուծված:

– Հեղափոխությունից հետո բանակում փոփոխություններ չկան, եթե չհաշվենք սնունդը, հագուստը և այլն, որի մասին շարունակ խոսում են: Ավելի կարևոր հարցերը, ինչպես, օրինակ՝ կյանքի իրավունքի հարցերը, անպատժելիության մթնոլորտը, նույնությամբ պահպանվում են բանակում: Ես արդեն որևէ հույս չեմ տածում, որ հնարավոր է ինչ-որ բան փոխվի: 

– Եթե մի քանի խնդիրներ նշենք, որոնք շտապ լուծման կարիք ունեն և այդպես էլ չեն լուծվում բանակում, որո՞նք են:

– Ուղղակի վերցնենք երեկվա դեպքը՝ զինծառայողի մահվան դեպքը, որն աննախադեպ բան էր, որովհետև մայրը, տղայի դին թողած տանը, եկել էր վարչապետի մոտ, պահանջում էր իր տղային, 20 օր անց ոչինչ չի արվել, որևէ մեկը չի ձերբակալվել և իրենց հեքիաթային թրիլլերը պահպանել են, չեն բացահայտելու:

Երեկվա այդ աղմուկը, վարչապետի ընդունելությունը ցույց տվեցին, որ ոչինչ չի փոխվելու: Այն, ինչ ասաց վարչապետը, երևաց, որ բան չի փոխվելու: Վարչապետի ասածն այն էր, ինչ դեռ նախորդ ռեժիմի ժամանակ կրկնում էին բոլորը՝ հրամկազմի ներկայացուցիչները, պաշտպանության նախարարները: Ասում էր, որ «քուչից երեխաներ են գնում, բա ի՞նչ պիտի լինի»: 

Չէր ասում՝ «քուչից» երեխան որ գնում է, պետք է զգաստանա զորամաս մտնելիս, որովհետև փակ տարածք է մտնում, որտեղ պետք է օրենքը, կանոնադրությունը գործեն: Կամ՝ ասում էր, որ «նախարարը չի կարող գալ ու զինվորների կողքին նստել», կամ թիրախավորել էր շարքային զինծառայողներին, որոնք հենց «քուչից են եկել»: 

Իսկ սպայակազմի 50 տոկոսը քուչից չի գնացել, այլ կրիմինալից: Այսինքն՝ թիրախավորել են շարքային ծառայողին, և մահվան դեպքերով նույնիսկ վաշտի հրամանատարը պատասխանատու չէ, նույնիսկ դիրքի ավագը պատասխանատու չէ: 

Վարչապետը չխոսեց այդ հարցերի մասին, որ պետք է անպատժելիության մթնոլորտը վերացնել, և զորամասերում ինչպիսի իրավիճակ պիտի ստեղծեն, որ մահվան դեպքերը գոյություն չունենան մեր բանակում: Առաջինը պիտի հանրայնորեն վարչապետի խոսքը հնչեր, որովհետև մարդիկ նայում էին այդ հանդիպումը: 

Նա շատ կարևոր խոսքեր պիտի ասեր բանակը փոխելու առնչությամբ, բայց ոչինչ չասաց: Ավելին, դեռ փորձում էր պաշտպանել համակարգը: Նախաքննության գաղտնիության մասին էր խոսում, բայց չգիտեր, որ նախաքննության գաղտնիություն տուժող կողմի համար գոյություն չունի: Նա լիարժեքորեն իրավունք ունի ծանոթանալու բոլոր փաստաթղթերին: 

Մենք արդեն սովորել ենք, որ դեպքի վայրի զննություն կամ չգիտեմ ինչ չեն տալիս, բայց, ամեն դեպքում, շեշտում էր անընդհատ, դա աջակցությունն էր քննչական կոմիտեին, որը բացի գործերը կոծկելուց ուրիշ ոչ մի բանով չի զբաղվում: 

Մենք ոչ մի նախատինքի խոսք չլսեցինք՝ ուղղված քննչական կոմիտեին, իրավապահ մարմիններին կամ զորամասի հրամանատարությանը: Հենց վարչապետից սկսած ինքը գլխով է պատասխանատու ամեն մի զինվորի համար: 

Հիմա այնտեղ է հասել, որ մարդիկ գյուղերից ընտանիքներով գալիս են կառավարության շենքի դիմաց: Եվ այսուհետ այսպես է լինելու, որովհետև մի սահմանագիծ է հատվել: Այս հեղափոխությունը, որը մարդկանց մեջ հույսեր, ակնկալիքներ էր առաջացրել, կտրեց այդ հույսերը: Եվ սա շատ բուռն ընդվզման պատճառ է: 

– Իսկ սննդի, օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված, մանավանդ ինքնասպանության հասցնելու պատժի տարիների երկարացումը բարեփոխումնե՞ր չէին: 

– Սննդի փոփոխությունը բարեփոխում է: Իհարկե, զինվորը իրեն պետք է մարդ զգա: Սնունդը, հագուստը իհարկե շատ կարևոր նշանակություն ունեն, բայց մենք այնպիսի խնդիրներ ունենք բանակում, որ սրանք չպետք է առաջնային դարձնել:

Դա զինվորի կյանքի իրավունքն է, բռնության չենթարկվելու իրավունքն է: Մի հատ տեսեք մահացած զինվորներին, շատերի վրա կապտուկներ կան: Բոլորը ծեծված, ջարդված, խոշտանգված են: Խնդիրն այն է, որ իրենք մտածում են, որ նրանք իրենց երեխաները չեն: Այս վերաբերմունքը, երբ ասում է` «քուչի երեխա», օտար երեխա է համարում նրանց:

Մանե Հարությունյան

MediaLab.am