Հայկական կողմը մշակութային կենտրոնների նկատմամբ հրթիռակոծություն երբեք չի իրականացնի․ Արծրուն Հովհաննիսյան

Եթե ընդհանուր առմամբ ամփոփենք ադրբեջանական ագրեսորների հարվածները քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում, ունենք հետևյալ պատկերը․ 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթև կամ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ ծանր։ Կա 20 զոհված։ Այդ մասին այսօր Հայկական միասնական կենտրոնի ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք շարքից դուրս է եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային օբյեկտներ։

ՊՆ ներկայացուցիչը միաժամանակ ընդգծեց, որ այս տվյալների մեջ ամփոփված չեն երեկ գիշեր և այսօրվա ցուցանիշները։

Ռուս լրագրողը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հայկական կողմը համարժեք հարված հասցնի հակառակորդին, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե համարժեք պատասխան ասելով հասկանում եք մշակութային կենտրոննների նկատմամբ հրթիռակոծություն, ապա հայկական կողմը նման քայլի երբեք չի դիմի»։

Հիշեցնենք՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին այսօր երկու անգամ հրթիռակոծվել է, ինչի հետևանքով նաև լրագրողներ են հայտնվել թիրախում։ Ռուս լրագրողներից մեկի վիճակը այժմ ծանր է, և նա վիրահատվում է։

Նրա խոսքով, թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաև միջազգային լրագրողներ, բայց անտեսելով դա՝ թիրախավորում են նրանց։ «Մինչ այս նաև Մարտունիում էր դեպք եղել, երբ վիրավորվել էր ֆրանսիական թերթի լրագրողը։ Հակառակորդը ուղղակի կրակում է խաղաղ բնակչության ուղղությամբ ու վերջ։ Ստեփանակերտն ու Շուշին մեծ քաղաքներ չեն, և շատ լավ հայտնի է՝ որտեղ ինչ կա։ Ուզում եմ որ ամբողջ աշխարհն իմանա սրա մասին»,-հավեեց Հովհաննիսյանը։