Հումորով եմ պատասխանել լրագրողին. Վահան Քերոբյանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը վերահաստատել է, որ ինքը հույսեր ունի՝ երկրում երկնիշ տնտեսական աճ կլինի:

«Իհարկե, հումորով եմ պատասխանել լրագրողին: Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ այդ տնտեսական աճը լինի: Ընդհանուր առմամբ դա չեմ համարում լուրջ ձեռքբերում կամ լուրջ արդյունք, որովհետև մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները ավելի բարդ են և խրթին, քան տնտեսական աճը: Մենք պետք է որակական փոփոխության բերենք մեր տնտեսությունը, դարձնենք ավելի արտադրողական», – «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում ասել է նախարարի պաշտոնակատարը:

Նկատենք՝ վերջերս Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ «Եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտամ»:

Անդրադառնալով հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է նոր կառավարության կազմում, Քերոբյանը պատասխանել է, թե հիմա որևէ հստակ բան ասել չի կարող՝ նշելով. «Չեմ բացառում գործադիրում, բացառում եմ օրենսդիրում»: