Հռոմի կանոնադրությունը նախևառաջ Ադրբեջանի ու Թուրքիայի պատերազմական նկրտումները զսպելու միջոց է լինելու. Արտաշես Խալաթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը

– Պարո՛ն Խալաթյան, Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։ Ըստ այդմ՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Ի՞նչ հնարավորություններ է տալու այս կանոնադրությունը Հայաստանին։

– Այս կանոնադրության վավերացումը նախատեսված է 2017 թվականին Եվրամիության հետ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության մասին կնքված համաձայնագրով, այսինքն՝ դա մեր ուղիղ միջազգային պարտավորությունն է։ 

Նշենք, որ Հայաստանը ստորագրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, սակայն չէր վավերացրել, այսինքն՝ ընդհանուր առմամբ Հայաստանի միջազգային պարտավորություններն ընթանում էին այդ ուղղությամբ, վաղ թե ուշ սա պետք էր անել։ 

Հռոմի կանոնադրության վավերացումը թույլ է տալիս նաև մի կողմից հզոր երաշխիքներ ստանալ առ այն, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց ենք դնում մեր խաղաղասիրական բնույթը, այսինքն՝ այն հանգամանքը, որ մենք շեշտադրում ենք, որ մենք պատրաստ ենք բոլոր երկրների հետ բարիդրացիական փոխշահավետ հարաբերություններ հաստատել: 

Հռոմի ստատուտը մեզ վրա դնում է ուղիղ պարտավորություն, որ որևէ պատերազմի ժամանակ մենք չենք կատարի պատերազմական որևէ հանցագործություն, այսինքն՝ մենք սրանով ցույց ենք տալիս միջազգային հանրությանը, որ մենք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով հանդիսանում ենք խաղաղասիրական պետություն և մեր ունեցած ռազմական պոտենցիալը չենք ծառայեցնի որևէ պատերազմական հանցագործության կատարմանը։ 

Սա նաև հնարավորություն է Ադրբեջանի պատերազմական հնարավոր հանցագործությունների դեպքում դրանց կատարողների հանդեպ միջազգային քրեական հետապնդում հարուցելու համար։ Սրանով մենք կդիմենք Միջազգային քրեական դատարան՝ այդ անձանց նկատմամբ միջազգային քրեական հետապնդում հարուցելու համար։ Սրանով կզսպվեն Ադրբեջանի հանցագործ նկրտումները Հայաստանի նկատմամբ։ 

Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ մի բան է տեղի ունենում, երբ Հայաստանը, փաստորեն նաև ներքաղաքական առումով, հզոր երաշխիք է ստանում, որ մարտի 1-ի նման հանցագործություններ Հայաստանում այլևս չեն լինի:  Որովհետև մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ևս, որոնց մեջ մտնում է մարտի 1-ը:  Բայց, ցավոք սրտի, հետադարձության արգելքի պատճառով դա չի կարող կիրառում ստանալ, բայց մարտի 1-ի նման հանցագործությունները հենց մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են, ու որևէ քաղաքական էսկալացիա պարզապես մարտի 1-ի չի կարող հանգեցնել, քանի որ Միջազգային քրեական դատարանը հնարավորություն կունենա, անգամ եթե պետությունն անկարող լինի հանցագործներին դատելու, միջազգային քրեական հետապնդում հարուցել այդ մարդկանց նկատմամբ և դատապարտել որպես միջազգային հանցագործների։ Այսինքն՝ սա Հայաստանի ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայություն ամրապնդող շատ կարևոր գործիք է լինելու։

– Այսինքն՝ այս կանոնադրությունը հնարավորություն է տալիս կանխելու և՛ ներքին, և՛ այլ երկրի կողմից պատերազմի ժամանակ կատարված հանցագործություննե՞րը։

– Այո՛-այո՛, դա նախևառաջ Ադրբեջանի ու Թուրքիայի պատերազմական նկրտումները զսպելու միջոց է լինելու նաև, և ներքին հարցերում, իհարկե։

– Հիմա Հայաստանը կարո՞ղ է արդեն պատերազմական հանցագործություններ կատարելու հիմքով դիմել միջազգային դատարան։

– Այո՛, իհարկե, և հենց սա է, որ լինելու է մեզ համար շատ կարևոր աղյուս մեր նոր արտաքին քաղաքականության մեջ, որը ես կանվանեմ միջազգային իրավունքի վրա հիմնված արտաքին քաղաքականություն, և մենք շատ կարևոր ուշադրություն ենք դարձնում ոչ թե քաղաքական, այլ առավելապես իրավական միջոցներով։ Ու այստեղ Հռոմի ստատուտի վավերացումը շատ կարևոր աղյուս է։

– Պարո՛ն Խալաթյան, իսկ սա ենթադրո՞ւմ է, որ այդ Միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, որովհետև մենք ունենք Հաագայի դատարանի որոշումը, որը, ըստ էության, չի կատարվում Ադրբեջանի կողմից։

– Միջազգային քրեական դատարանը անձանց անհատական քրեական պատասխանատվության է ենթարկում, իսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցնում է պետությանը, իսկ պետությանը պարտավորեցնելը առավելապես քաղաքական գործիքակազմով կարող է լինել։ 

Այստեղ մենք գործ ունենք կոնկրետ անձանց հետ, որոնց նկատմամբ, ինչպես, օրինակ՝ Վլադիմիր Պուտինի պարագայում, կարող է միջազգային հետախուզում հայտարարվել, և Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միացած ավելի քան 120 պետություն պարտավոր է այդ անձին իրենց տարածքում հայտնաբերելու պարագայում ձերբակալել ու հանձնել։ Սա շատ ավելի ուժեղ գործիք է, քան ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը իր որոշումներով, քանի որ վերաբերում է կոնկրետ անձանց, այս դատարանի որոշումները շատ ավելի իրավական են այդ առումով և շատ ավելի կոնկրետ։

– Այսինքն՝ Հաագայի դատարանի որոշումը չի կատարվում, որովհետև Ադրբեջանի նկատմամբ չկա քաղաքական ճնշո՞ւմ։

– Այո՛, և նաև պետության պատասխանատվությունը շատ ավելի անորոշ է որոշման գործադրման առումով, քան անձի նկատմամբ կոնկրետ միջազգային քրեական իրավունքով, որի դեպքում դատապարտում են կոնկրետ անձի, մենք գործ ունենք քրեական պատասխանատվության կառուցակարգերի հետ՝ պարզապես միջազգային մակարդակում։ Որոշման կատարումից խուսափելու հավանականությունն այս պարագայում շատ ավելի քիչ է լինելու։

– 2004 թվականին նույն այս կանոնադրությունը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել, քանի որ այդ պահին գործող Սահմանադրության մի քանի դրույթի հետ անհամապատասխանության հարցեր կային։ Հիմա ամբողջությամբ համապատասխանո՞ւմ է, որովհետև արդեն հնչում են որոշ մասնագիտական կարծիքներ, որ այս պարագայում ևս կա անհամապատասխանություն։

– 2004-ին Սահմանադրական դատարանն առավելապես քաղաքական պատճառներով չի վավերացրել Հռոմի ստատուտը։ Ընդհանրապես, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը թույլատրում է որոշակի երկար ժամանակ անց հարցի վերաբերյալ այլ սահմանադրական լուծում տալ, այսինքն՝ քանի որ Սահմանադրությունը հանդիսանում է կենդանի փաստաթուղթ, ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, նաև հարմարվում է հասարակական կյանքի փոփոխմանը, միջազգային կյանքի փոփոխմանը, Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրին, հետևաբար, նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով է թույլատրվում վերանայել նախկինում կայացված որոշումները։ 

Փոփոխված Սահմանադրության 81-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները մեկնաբանելիս հաշվի են առնվում նաև Հայաստանի մասնակցությամբ պայմանագրերով նախատեսված միջազգային մարմինների որոշումներն ու պրակտիկան։ Այսօր Սահմանադրությունը նախատեսում է շատ ավելի հստակ կառուցակարգեր, որոնք որևէ խնդիր չեն առաջացնում Հռոմի ստատուտը վավերացնելու համար։ 

Նման կարծիքները համարում եմ քաղաքականացված ու անհիմն։ Մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչի հիման վրա նման բան պետք է ասեն՝ իբր Հայաստանում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները, իսկ դուք վավերացնում եք Հռոմի ստատուտը և այլն։ Պետք է նշեմ, որ այս ստատուտի քրեական իրավազորությունը լրացուցիչ է, այսինքն՝ եթե Հայաստանի արդարադատության համակարգը դատապարտի միջազգային հանցագործներին ներքին օրենքներով, Հաագայի դատարանը չի ունենա որևէ իրավազորություն։ 

Հաագայի դատարանը, ինչպես և ՄԻԵԴ-ը գործում են այն ժամանակ, երբ պետությունը դիմում է այդ դատարաններ, ինչպես նաև, երբ պետությունը ունակ չէ լուծում տալու այս կամ այն հարցին կամ լուծում է տալիս մարդու իրավունքների խախտումներով։ Այսինքն՝ սա որևէ կերպ չի խախտում Հայաստանի դատարանների մենաշնորհային դիրքերը ներքին իրավական հարցերը լուծելու առումով։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am