Փայլանը բացատրություն է պահանջել Թուրքիայի փոխնախագահից Էրդողանի «գյավուր» բառի համար. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը, քննադատելով Էրդողանի ատելության խոսքը, այն անընդունելի է համարել: Այդ կապակցությամբ Փայլանը  գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայից պատասխանել հետևյալ հարցերին.

1) Չգիտե՞ք, որ «գյավուր» բառը ատելության խոսք է և սերունդներ շարունակ որպես հայհոյանք օգտագործվել է ձեր համաքաղաքացիների դեմ:

2) Չգիտե՞ք, որ «գյավուր» ատելության խոսքը հանգեցնում է ատելության հանցագործության:

3) Տեղյա՞կ եք, որ որպես նախագահ ատելության խոսք օգտագործելը կխախտի սոցիալական խաղաղությունը:

4) Հետ կվերցնե՞ք «գյավուր» արտահայտությունը և ներողություն կխնդրե՞ք:

Փայլանը նաև նշել է, որ ինքը, որպես պատգամավոր, բազմիցս «գյավուր» հայհոյանքով հարձակման է ենթարկվել:

«Պետք է տեղեկացնեմ, որ նախագահի կողմից օգտագործված այդ ատելության խոսքը, որն ըստ Թուրքիայի լեզվագիտական ընկերության նշանակում է «անհավատ, ոչ մուսուլման, անխիղճ, դաժան» բնավ ընդունելի չէ»,- ասել է պատգամավորը: 

Աղբյուր` Ermenihaber.am