Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովից մեծ ակնկալիքներ չէր կարող ունենալ . տեսակետներ` իրավիճակի շուրջ

Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովից մեծ ակնկալիքներ չէր կարող ունենալ . տեսակետներ` իրավիճակի շուրջ
Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովից մեծ ակնկալիքներ չէր կարող ունենալ . տեսակետներ` իրավիճակի շուրջ

Հայաստանի համար ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի հիմնական արդյունքներն այն էին, որ Բրյուսելը և Երևանը շարունակելու են վիզաների ռեժիմի դյուրացման և նոր պայմանագրի պատրաստման ուղղությամբ երկխոսությունը: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին օրերս Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին Հայաստանի մասնակիցները:

Մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրից պարզ է դառնում, որ Եվրամիությունը շարունակելու է երկխոսել «արևելյան գործընկերների» հետ, բայց այս անգամ ցուցաբերելով ավելի տարբերակված մոտեցում: Փորձագետները և Եվրամիության ներկայացուցիչները դա բնական են համարում, քանի որ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրները Եվրամիության հետ ինտեգրացիայի տարբեր մակարդակներում են գտնվում: Եվրոպական միության տարբերակված քաղաքականության որդեգրման մասին նախկինում հնչող ենթադրությունները հաստատեց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը Ռիգայի գագաթնաժողովից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ: 
 
Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո, ըստ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի, Հայաստանը Ռիգայի գագաթնաժողովից մեծ ակնկալիքներ չէր կարող ունենալ: «Հայաստանին գագաթնաժղովը շատ բան չէր կարող տալ, բայց մի ոլորտ կա, որում կարևոր արդյունք գրանցեցինք: Քանի որ Հայաստանը վիզաների հարցում տեխնիկական առաջընթաց ունի, բարձրացրեցինք Հայաստանի համար նոր առաջընթացի դուռ բացելու հարցը: Այդ առաջարկը ընդունվեց և տեղ գտավ գագթնաժողովի հռչակագրում», – նշեց Ստեփան Գրիգորյանը:
 
«Հանրային արձագանք ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներին» թեմայով «Մեդիա կենտրոնում» մայիսի 27-ին Ստեփան Գրիգորյանի, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մասնակցությամբ անցկացվեց քննարկում: Բանախոսները, ովքեր մասնակցել էին Ռիգայում օրերս կայացած ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումին, կիսվեցին իրենց դիտարկումներով և նկատառումներով:
  
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննադատաբար մոտեցավ հարցին՝ նշելով, որ Ռիգայի գագաթնաժողովը ոչինչ չտվեց Հայաստանին, քանի որ Երևանը «պատրաստ չէր որևէ բան վերցնել»: «Սակայն կարևոր եմ համարում, որ ֆորումում առնվազն արձանագրվեց քաղբանտարկյալների ազատման հարցը», – նշեց իրավապաշտպանը՝ կարևորելով քաղաքացիական հասարակության ընդգրկվածության խնդիրը Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացում:
 
Նրա խոսքով, քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ արձանագրվեց այն հանգամանքը, որ Արևելյան գործընկերության ծրագրի գլխավոր մարտահրավերը Ռուսաստանի քաղաքականությունն է: Ըստ այդմ նա եզրակացրեց, որ մինչև Եվրամիությունն Արևելյան գործընկերության տեսակետից չձևակերպի իր անելիքները Ռուսաստանի մասով, «մենք հաջողություն չենք արձանագրի»: Այս տեսանկյունից, վստահ է բանախոսը, կա սահմանափակում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար:
 
«Այդ սահմանափակումը Եվրասիական տնտեսական միությունն է, որին անդամակցել է Հայաստանը: Այս առումով ՀՀ իշխանությունները համապատասխան օրենսդրական բազա են ձևավորում», – հավելեց նա:
 
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն իր խոսքում ևս շեշտեց քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը եվրոպական ինտեգրացիայի գործընթացում:
 
«Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հույսեր կան, այդ ուղղությամբ արդեն լուրջ քայլեր արված են, և Եվրամիության կողմից մանդատ ստանալու դեպքում կսկսվեն բանակցություններ: Այս անգամ գլխավոր ձեռքբերումը կլինի այն, որ գործընթացը լինի հանրության համար բաց, որպեսզի քաղաքացիական հասարակությունն իր մեջ ներուժ գտնի բանակցելիք հարցերի շուրջ ունենալ դիրքորոշում և ծավալել քննարկումներ», – պարզաբանեց Մինասյանը:
 
Քննարկման ավարտին բանախոսներն ընդգծեցին, որ Եվրոպական միությունը բաց է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար, և ՀՀ-ից է կախված Բրյուսել-Երևան համագործակցության խորացման հեռանկարները:     

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
 
Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր