«Կուտոյանի մահվան այս վարկածն ինձ համար հասկանալի չէ, ոչ մեկն այդ վարկածին չի հավատում». Սեդա Սաֆարյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Սեդա Սաֆարյանը

– Տիկի՛ն Սաֆարյան, ՔԿ-ն հրապարակել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքների նախնական տվյալները: Որքանո՞վ են արժանահավատ ներկայացված տվյալները: Օրինակ այն, որ բազմաբնակարան շենքում 38 կրակոց է հնչել, և որևէ մեկը չի լսել: 

– Ընդհանրապես ինքնասպանության հասնելու կամ ինքնասպանության հասցնելու վարկածը, երբ առաջին իսկ պահից շրջանառության մեջ են դնում, ինձ համար միշտ անհասկանալի է: Կոնկրետ այս դրվագով, երբ ասվում է, որ կան բազմաթիվ կրակոցներ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես եղավ, որ այդ բազմաթիվ կրակոցներից հետո մարդը որոշեց ինքն իրեն սպանել:

Կարծում եմ՝ այնպես չէ, որ այս իշխանության օրոք իրավապահ համակարգն աշխատում է այնպես, որ կարելի է այդ դժգոհությունը չունենալ: Ես հակված չեմ դա ասել, քանի որ իմ ամենօրյա շփումը ինձ թույլ է տալիս ասելու, որ բարեխիղճ քննիչներ շատ քիչ կան: 

Հետևապես, ինձ համար վստահություն չի ներշնչում այն, ինչ ասում են: Բայց ես շատ կուզեի այդ գործի նյութերին ավելի լավ տիրապետել, որ իմ կարծիքը հստակ ասեի: Բայց այն նկարագիրը, որի պայմաններում խոսում ենք, Կուտոյանի մահվան այս վարկածն ինձ համար հասկանալի չէ: Անկեղծ լինեմ, շփվում եմ ժողովրդի հետ, ոչ մեկն այդ վարկածին չի հավատում:

– Հնարավո՞ր է արդյոք 38 կրակոց հնչի բազմաբնակարան շենքում, և որևէ մեկը չլսի դրանք:

– Հնարավոր չէ, որ որևէ հարևան առաջին-երկրորդ կրակոցից հետո գոնե զանգած և կանչած չլինի այդ տարօրինակ պահվածքի համար: Այս առումով էլ հասկանալի չէ, թե ինչո՛ւ են անտարբերության մատնել, ինչո՛ւ այդ կրակոցի պարագայում տեղի ունենալիք ողբերգությունը կանխելուն ուղղված ոչինչ չի ձեռնարկվել: Սա էլ է անհասկանալի: 

Տիկի՛ն Սաֆարյան, ասում են, որ Գեորգի Կուտոյանը խմիչքի հանդեպ որևէ հակում չի ունեցել, հիմա, ըստ քննչական կոմիտեի նկարագրության, նա խմած է եղել:

– Չգիտես ինչու, վերջին սպանություններով կամ շամպայնի, կամ կոնյակի շիշ է կողքը լինում: Ավելի վատ մեզ համար, որ մեր կողքը նորմալ, պարկեշտ մարդը սկսել է խմել, և ԱԱԾ նախկին տնօրենին ոչ մեկը չի մոտեցել հարցնի, թե ինչո՛ւ է նման պահվածք դրսևորում, ի՛նչն է իրեն տանջում: Ընդ որում, ինքնասպանության հանգելու հետ կապված հարցը շատ ավելի լուրջ է, ինքնասպանություն գործելու հարցը՝ որպես դեպք, նախորդող փուլեր է ունենում: Չի կարողանում մի օր, մեկ րոպե որոշի, որ իրեն խփում է ու խփի: Այսինքն՝ հոգեբանորեն պետք է պատրաստ լինի, իսկ այդ հոգեբանական զարգացումների հետ կապված զարմանալի անտարբերություն է եղել իրավապահ համակարգի կողմից: Ես սա էլ չեմ կարողանում հասկանալ:

– Նշվում է նաև, որ այդ կրակոցները եղել են դեկտեմբերին, և փաստորեն վերջին կրակոցներն էլ չեն լսել, իսկ ընտանիքը եկել է, քանի որ չի արձագանքել հեռախոսազանգերին:

– Ընտանեկան խնդիրներն էլ չեմ կարծում, որ կարող էին այնպիսի ազդեցություն ունենալ, որ վճռորոշ քայլի դիմեր: Չեմ կարող ասել, թե արտառոց ինչ պետք է պատահած լինի, որ մարդը ինքն իր վրա ձեռք բարձրացնի: Ես հակված եմ ասելու, որ նա տիրապետել է ինչ-որ ինֆորմացիայի և լուրջ ինֆորմացիայի, և դա կարող էր այս ամենի հիմքը հանդիսանալ:

– Դուք կապ տեսնո՞ւմ եք Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի մահվան դեպքերի միջև:

– Ես կապ տեսնում եմ այն առումով, որ բոլորն իրենց անցյալի հետ մի տեսակ բախվում են, և այդ անցյալն իրենց խանգարում է, որ ապրեն աշխարհում: Այս առումով ես կապ տեսնում եմ:

– Եթե այս դեպքը չբացահայտվի, հերթական շղթա՞ն ենք ունենալու:

– Կարծում եմ՝ այս դեպքը պետք է սթափեցնի իրավապահ համակարգին, և կանխարգելիչ գործողություն կատարելու մասին մտածեն այն մարմինները, այն ստորաբաժանումները, որոնք դրա համար են ստեղծված:

Մանե Հարությունյան

MediaLab.am