Սերժ Սարգսյանը չպետք է լռի, քանի որ Լավրովի հայտարարությունը իրեն է հասցեագրված. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրկին վստահեցրել է, որ «ՀԱՊԿ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին 1-2 օրվա հարց է, եթե Հայաստանը դրան համաձայնի»։ ՀԱՊԿ-ի օգնությունից հրաժարվելու Հայաստանի որոշումն ինչպե՞ս եք գնահատում։

– Իրականում ամեն ինչ բավականին պարզ է ու հստակ։ Ես կուզեի հետևյալը նշել․ հենց այդ հարցազրույցում պարոն Լավրովը բավականին պարզ ու հստակ բացատրում է, թե ինչու Հայաստանը չի ուզում, որ ՀԱՊԿ-ի այդ մոնիթորինգային առաքելությունը տեղակայվի։ Նա նշում է, որ Ադրբեջանը «վերադարձրել է իր տարածքները, որոնք Հայաստանի կողմից օկուպացված են եղել», բայց որևէ կերպ չի նշում, որ այսօր Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները։ Մեր դաշնակից հանդիսացող պետությունը, որն այսօր չի նշում դա, մենք կարող ենք հասկանալ, թե ինչ կարող ենք ակնկալել այսօրվա Ռուսաստանից։

Շատ լավ, այդ առաքելության տեղակայումը 1-2 օրվա հարց է, այսինքն՝ եթե Ռուսաստանում լինի այդ ցանկությունը, ապա ընդամենը մեկ օրում նրանք կարող են գալ ու տեղակայվել, բայց այստեղ հարց է առաջանում. եթե դա այդքան հեշտ է, ինչո՞ւ 2021 թվականին՝ մայիսյան հարձակման ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա ու օկուպացրեց Հայաստանի տարածքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվեց ու սպանեց հայերին, ինչո՞ւ Ռուսաստանը որևէ կերպ չարձագանքեց։

Պետք է հասկանանք, որ հարձակման ենթարկված բոլոր կողմերում կա ռուսական ներկայություն, ու նրանցից որևէ մեկը չարձագանքեց, ուղղակի հետ քաշվեցին ու վերջ։

Հիմա հարց է առաջանում. եթե մենք ունենք ռուսական ռազմական ներկայություն, այսինքն՝ մեր երկրի դաշնակցի զորքերն են ներկա, բայց նրանք որևէ կերպ չեն արձագանքում, մենք պետք է սպասենք, որ ՀԱՊԿ մոնիթորինգային խո՞ւմբը պետք է արձագանքի, որտեղ կլինեն ղրղզներ, ղազախներ, բելառուսներ, որոնք Ալիևի անմիջական դաշնակիցներն են, այսինքն՝ դա ինքն իրենով նոնսենս է, ու ես կարծում եմ, որ պարոն Լավրովը շատ լավ հասկանում է դա, ուղղակի այս դիվանագիտական քայլով փորձում է մեղքը բարդել Հայաստանի վրա՝ իր անգործության համար։

Իսկ այն, որ Ռուսաստանն անգործություն է դրսևորում վերջին 2 տարվա ընթացքում՝ սկսած 44-օրյա ադրբեջանական ագրեսիայից, փաստ է։ Այս առումով Երևանի դիրքորոշումը, ըստ որի ՀԱՊԿ-ի մոնիթորինգը չպետք է տեղակայվի սահմանին, միանշանակ արդարացված է, որովհետև այն ուղղակի չի գործելու, այդ մոնիթորինգային առաքելությունը չի կարող որևէ իմաստ ունենալ, և մենք պետք է հասկանանք, որ լավագույն դեպքում նրանք ուղղակի անգործության են մատնվելու, վատագույն դեպքում՝ սադրելու են ու պահելու Ադրբեջանի կողմը, ամեն ինչ շատ պարզ է։

– Ձեր նշած ռուսական անգործության մեջ հայկական դիվանագիտությունն իր մեղքի բաժինն ունի՞։

– Հայկական դիվանագիտությունը որևէ մեղք այս ամենում չունի, որովհետև այս ամենը Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանք է։ Այս ամենը Ռուսաստանի սխալ հաշվարկի հետևանք է․ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, մտածելով, որ մի քանի ամսում կարող է ամբողջ Ուկրաինան գրավել, մտցնել միութենական պետության կազմ ու հետո ԱՊՀ բոլոր երկրները հերթով մտցնել այդ պետության կազմի մեջ։

Ռուսաստանի հաշվարկներն ի սկզբանե եղել են սխալ, ու նա պարտվել է, նկատի ունեմ աշխարհաքաղաքական պարտություն, որովհետև ռազմական պարտություն Ռուսաստանը չի կրել, ու այս պատերազմը դեռ երկար է շարունակվելու, իսկ այդ պարտության հետևանքով Ռուսաստանը շատ մեծ կախվածության մեջ է հայտնվել Թուրքիայից, իսկ մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը Թուրքիայի սատելիտն է ու այս իրավիճակում Ռուսաստանից սպասել, որ վերջինս կարող է գալ, ու ավելի վատ՝ ՀԱՊԿ-ը կարող է գալ ու ինչ-որ հայանպաստ գործունեություն ծավալել այս կոնֆլիկտում, առնվազն միամտություն է: Սա ունի օբյեկտիվ հիմք, Հայաստանի իշխանությունները սրա հետ որևէ կապ չունեն՝ անկախ հանգամանքից, թե ով է իշխանության ղեկին։ Կա աշխարհաքաղաքական իրողություն, որը մենք փոխել չենք կարող, Ռուսաստանն էլ չի կարող, նա ստիպված է այսպես գործել՝ իր սեփական սխալների հետևանքով, որի հիմքը դրվել է դեռ 44-օրյա պատերազմով ու նրա տարած պասիվ դերով այդ պատերազմում։

– Պարո՛ն Ստեփանյան, Լավրովը նաև հայտարարել է, թե «Հայաստանը երկար ժամանակ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ 7 շրջանները, Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, Հայաստանի նախկին իշխանությունը ոչ այնքան դրական էր ընդունում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չի հավակնել։ Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց այն տարածքները, որոնք իրեն էին պատկանում»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը, ու կա՞ արդյոք սրա մեջ ինչ-որ դրական բան, ասենք այն, որ Շուշին ու Հադրութը Ռուսաստանը չի համարում ադրբեջանական տարածք։

– Այստեղ երկու հանգամանք կա․ երբ Լավրովն ասում է, որ Հայաստանին առաջարկվել է 7 շրջան հանձնել, Հայաստանը չի համաձայնել, Լավրովը ստում է։ Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարել է, ու ես հավատում եմ այդ հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է եղել գնալու այդ ճանապարհով և պատրաստ է եղել դեռ 2011 թվականին, երբ Կազանում տեղի ունեցավ Պուտին-Ալիև-Սարգսյան հանդիպումը, այսինքն՝ այդ համաձայնությունը Հայաստանը տվել է, Ալիևը համաձայնել է, բանակցությունների երկրորդ օրը եկել է ու ներկայացրել ավելի մեծ պահանջներ, որոնց մեջ մտնում էր նաև Շուշին, որքան ես գիտեմ, չեմ կարող պնդել, այսինքն՝ այն կոնֆիգուրացիան, որը ձևավորվել է 44-օրյա այդ հանցավոր համաձայնության հետևանքով, որի կողմերն էին եղել Թուրքիան, Ադրբեջանն ու նույն Ռուսաստանը։

Հասկանո՞ւմ եք՝ ցինիզմը որտեղ է հասնում, նույն Լավրովը, որը ժամանակին առաջարկել էր համանուն պլանը, հիմա Հայաստանին մեղադրում է դրան չհամաձայնելու համար, և նույն Սերժ Սարգսյանը հիմա լռում է, երբ իրականում սա իրեն է հասցեագրված։

Երկրորդ՝ ես որևէ հուսադրող բան չեմ տեսնում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանն ուղղակի իր շահերն է պաշտպանում, իսկ այդ շահն այն է, որ Արցախի հիմնախնդիրը մնա չլուծված։ Ռուսաստանը որևէ շահ չունի, որ այդ խնդիը լուծվի, ու իր համար որևէ տարբերություն չկա, թե ինչպես է լինելու այդ հիմնահարցի չլուծված վիճակը։

Նրանք ասում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց մենք պետք է այնտեղ ներկա լինենք, ու այդ կարգավորումը դեռ պետք է երկար տարիներ ձգվի։ Մենք ձգտում ենք Արցախի անկախությանը հասնել, իսկ Ռուսաստանը երբեք չի խոսել անկախության մասին, Ռուսաստանն ընդամենը ուզում է, որ արցախյան կոնֆլիկտը չլուծվի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները վերջնականապես չկարգավորվեն, այդ վերքը շարունակ մնա բաց, շարունակեն հայեր ու ադրբեջանցիներ զոհվել, ինքն էլ շարունակի այդ կոնֆլիկտը օգտագործել իբրև լծակ՝ հայերին ու ադրբեջանցիներին ճնշելու համար։ Այսքանը, որևէ հուսադրող բան ես չեմ տեսնում։

– Ձեր նշած այդ համատեքստո՞ւմ դիտարկենք նաև Լավրովի հետևյալ միտքը «Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հովանու ներքո ստորագրել են փաստաթուղթ, որով պատրաստակամություն են հայտնել խաղաղության պայմանագիր կնքել Ալմա Աթայի 1991-ի դեկտեմբերի հռչակագրի հիման վրա։ Մեզ համար արդեն դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետև Ալմա Աթայի հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնում են Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմաններով։ Իսկ Ադրբեջանական ԽՍՀ կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»։

– Այո՛, Ռուսաստանը դրան համաձայն չէ, որովհետև այդ հռչակագրով ստացվում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ ես արդեն ասացի, թե ինչու Ռուսաստանը դրան համաձայն չէ։ Երկրորդը, ինչը շատ կարևոր է, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի հաշիվները Հայաստանի հետ չեն վերջանում Արցախով, ինչի մասին Ալիևը բազմիցս շատ պարզ ասել է․ նրանք պահանջում են 8 գյուղ, Սյունիքի տարածք, որտեղ լինելու է միջանցք։ Այսինքն՝ եթե Ալմա Աթայի հռչակագրով այս կոնֆլիկտը լուծվում է, իսկ Հայաստանը դրան պատրաստ է, Ադրբեջանը չի կարող որևէ հավակնություն ունենալ Հայաստանի տարածքների նկատմամբ։

Իսկ հանձնաժողովում, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո, այս հարցերը բարձրաձայնվում են Ադրբեջանի կողմից, ու Ռուսաստանը դեմ չէ դրանց, ես ձեզ վստահեցնում եմ, որովհետև Ռուսաստանի համար կարևոր չէ, թե քանի գյուղ մենք կտանք Ադրբեջանին, նրա համար կարևոր է, որ իր գենշտաբի քարտեզներով լուծվի հարցը, նույնը «Զանգեզուրի միջանցքի» մասով է։

Նրան ձեռնտու է, որ այդ միջանցքը բացվի, ու, ինչպես նշված է այդ չարաբաստիկ թղթում, լինի ռուսական վերահսկողություն։ Հայաստանի համար այստեղ ապրիորի որևէ շահ չկա ու չի կարող լինել, ու հենց այս պատճառով էլ Հայաստանն այսօր փորձում է հեռավորություն պահել ռուսական միջնորդությունից, որովհետև ՀԱՊԿ-ի «պաշտպանությունը» Հայաստանի համար որևէ դրական բան չի պարունակում իր մեջ, ու դա չոր փաստ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am