«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, Հայաստանում վարչապետի և ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ կարող եք փոխանցել այդ հանդիպումներից:
– Վաղը տեղի է ունենալու Կառավարության նիստ՝ ընդլայնված կազմով, որից հետո նաև ԱԺ-ում է նախագահը հանդիպելու պատգամավորների հետ, մեծ քննարկում է լինելու: Այսինքն՝ հետագա քայլերի մասին պաշտոնական տեղեկատվությունը վաղը լրացուցիչ կտանք:
Արցախն առաջ է տանում «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» մոտեցումը: Մենք մեր այդ դիրքորոշումը հայտնել ենք և՛ապրիլի 14-ի ԱԺ-ի մեր հայտարարության մեջ, և՛ նաև վերջերս Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությամբ: Մեր դիրքորոշումը նույնն է, և այդ ճանապարհով մենք գնում ենք: Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն հնարավոր չէ ոչ մի պարագայում:
– Հայաստանի և Արցախի իշխանությունների դիրքորոշումներում կա՞ տարբերություն:
– Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև հանդիպումներին չեմ մասնակցել: Բայց մեր դիրքորոշման մասով հստակ կարող եմ ասել, որ փոփոխություն չկա և չի կարող լինել ոչ մի պարագայում:
– Կարո՞ղ է կոնֆլիկտ առաջանալ երկու կողմերի միջև:
– Եթե հետագայում այլ տարբերակով գնան գործընթացները, մենք մեր դիրքորոշումն էլի կհայտնենք:
– Իսկ դուք ուղիղ շփում Բաքվի հետ պատկերացնո՞ւմ եք:
– Մենք մեր Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նշել ենք, որ պատկերացնում ենք միայն մի դեպքում, որ միջազգային հանրությունը կերաշխավորի, որ Արցախը լիիրավ և՛ բանակցային, և՛ հակամարտության կողմ է ու Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կճանաչվի որպես լիիրավ բանակցող կողմ, այդ ժամանակ մենք պատրաստ ենք Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով և այնտեղ ընդունված սկզբունքների հիման վրա բանակցային կողմ հանդիսանալու և անմիջապես բանակցություններ վարելու:
– Պրահայի հանդիպումները և ապա հայտարարությունները մտահոգություններ առաջացրի՞ն Արցախում:
– Մտահոգությունները միշտ էլ կան, որովհետև այնտեղ տարբեր ձևաչափերով քննարկումներ են տեղի ունենում՝ Արևմուտքի կողմից առաջարկվող տարբերակներ, Ռուսաստանի կողմից առաջարկվող տարբերակներ: Ամեն դեպքում բանակցային գործընթացում կան որոշակի թեզեր, մտքեր, գաղափարներ, որոնք մեզ համար մտահոգիչ են:
Կոնկրետ վերջին հայտարարությունում, երբ նշվում է, որ Արցախի և Ադրբեջանի կողմից նշանակվում են ներկայացուցիչներ, քննարկվում են իրավունքների և անվտանգության հարցը, բայց հենց սկզբից դնելով նախապայման, որ այդ ամենը քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Դա արդեն իսկ մտահոգող է և անընդունելի է մեզ համար:
Նաև պետք է հասկանանք, որ չի կարող խաղաղության պայմանագրի մեջ մի կետ նշված լինի՝ տարածքային ամբողջականության շրջանակում քննարկվելիք, որը ոտնահարում է տվյալ դեպքում միջազգային ավելի բարձր իրավունք՝ ազգերի ինքնորոշման իրավունքը:
Այսինքն՝ երկու պետությունների միջև կնքվող խաղաղության պայմանագրում ոտնահարվում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որն ավելի բարձր իրավական ուժ պետք է ունենա, քան խաղաղության պայմանագիրը:
Մանե Հարությունյան
MediaLab.am