Բանակը պատրաստ չէ կին զինծառայողներին ընդունելու և նրանց համար անվտանգ միջավայր ապահովելու. Զարուհի Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, գործադիրը օրերս որոշում ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառման, իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչման հետ կապված հարաբերությունների սահմանման մասին։ Ինչպե՞ս եք գնահատում որոշումը, ի՞նչ ասել է կամավոր-պարտադիր հիմունքներով ծառայություն։ 

– Նայելով ամբողջ պետական համակարգի աշխատանքն ու կառուցվածքը՝ եկել եմ եզրակացության, որ հնարավորինս բարդ տերմինոլոգիա, բառաբարդումներ օգտագործելով՝ փորձում են հասարակությունից բուն էությունը թաքցնել։ 

Թե ի՛նչ են ուզում անել, իրականում որևէ բան պարզ չէ, «կամավոր», «պարտադիր» երկու իրարամերժ հասկացությունը հասարակության մեջ բավականին շփոթ է մտցնում՝ պատկերային, հասկացողական, տերմինաբանական։ 

Եթե մենք դիտարկում ենք կամավոր ծառայություն, ապա դա մշտապես եղել է ու կարելի է այն կիրառել ուղղակի կամավորական սկզբունքով պրոֆեսիոնալ բանակի մաս կազմելով, ինչը կանայք մինչ այժմ անում էին, եթե ցանկանում էին։ Չկար որևէ արգելք, որ սեռով պայմանավորված կանայք չեն կարող մասնակցել պրոֆեսիոնալ բանակի գործերին․ չէին զորակոչվում, կոնկրետ օրենքով զինապարտ չէին համարվում։ 

Ընդհանրապես, ես կարծում եմ, որ «Զինապարտության մասին» օրենքն իր բնույթով ստրկատիրական օրենք է, որովհետև երբ մարդը ծնվում է, անկախ սեռից, ինքը որևէ մեկին պարտք չէ, որ ծնվել է, ու որևէ պարտականություն չպետք է կատարի, ընդհանրապես զինվորական պատրաստվածությունը որևէ կապ չունի զորակոչի երևույթի հետ, որովհետև այդ երևույթն ինքնին մարդուն պարտադրված ժամկետ է, մարդը կարող է իր կյանքի ընթացքում կամավորապես ընտրել, թե երբ է պատրաստ դրան, ու դիմել՝ բաժանելով, օրինակ՝ 18-25 տարեկան շրջանում, երբ իրեն չի խանգարի կրթություն ստանալ, կյանքն ավելի խորությամբ ճանաչել ու տվյալ տարիներն ամիսներով բաշխել տվյալ ժամանակահատվածի վրա, եթե խնդիրը հասարակությանը պատրաստ պահելն է։ 

Ես՝ որպես ընդհանրապես ուտոպիստ, պացիֆիստ, կարծում եմ, որ աշխարհը պետք է հասնի նրան, որ ընդհանրապես զենք, զինամթերք, զինվոր հասկացությունները պետք է վերանան, որովհետև մարդիկ իրար սպանելու համար չեն ծնվել, այլ՝ համակեցության կանոնները պահելու և իրար հարգելու։ 

Ես ուտոպիստ եմ, պարզ է, այժմյան աշխարհաքաղաքական կառուցվածքում դա կընկալվի խելագարի խոսք, բայց ցանկացած լավ բան աշխարհում սկսվել է խելագարներից, ու ժամանակին, երբ մարդիկ ասում էին, որ ստրկատիրական հասարակարգը պետք է վերանա, նրանց ասում էին՝ իսկ ո՞վ պետք է կատարի սև աշխատանքը, բայց վերացավ, չէ՞, ի վերջո։ 

Այնպես որ, բանակն ինքնին որպես կառուցվածքային երևույթ, որպես ինստիտուցիա, կարծում եմ, բոլորովին այլ կերպ պետք է կազմակերպվի: Նույնիսկ ռեալ պոլիտիկը հաշվի առնելով՝ որևէ մեկը չպետք է պարտական լինի, դա պետք է լինի ներհյուսված կրթական պրոցեսի մեջ, որպեսզի մարդն ուղղակի չդառնա ինչ-որ համակարգի ստրուկ, չկտրվի իր սոցիալական միջավայրից, չդառնա տարբեր արատավոր երևույթների սինթեզ:

Մենք շատ լավ գիտենք, թե բանակն ինչո՛ւ է դառնում արատավոր, որովհետև այն փակ տարածք է, որտեղ մարդուն վերցնում, կտրում են իր միջավայրից, վախեցնում, ստրկացնում են, դարձնում հիերարխիկ համակարգի մի մասը, ու նույն ժամանակ այդ համակարգի վերևում կանգնած անձինք կամաց-կամաց իրենց անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում դառնում են ուղղակի քրեածին տարրեր։

– Իրականության մեջ այս որոշումն ինչպե՞ս է կիրառվելու, եթե չանտեսենք նաև բանակում առկա բոլոր խնդիրները:

– Թե ինչպե՞ս են կազմակերպելու՝ դա էլ չեմ պատկերացնում։ Այն բոլոր հետազոտությունները, որոնք մինչ այժմ ես կարդացել եմ բանակի վերաբերյալ, այդ թվում նաև՝ բանակի պատրաստվածությունը կին զինծառայողներին ավելի շատ ներգրավելու տեսանկյունից, գնահատականները դեռևս բավական խիստ են, այսինքն՝ հստակ դրվում է, որ բանակը պատրաստ չէ կին զինծառայողներին ընդունելու և նրանց համար անվտանգ միջավայր ապահովելու։ 

Անվտանգ միջավայրի հետ կապված ունենք բազմաթիվ չափորոշիչներ՝ սկսած բռնություններից զերծ պահելու քաղաքականությունները, այսինքն՝ այդտեղ նաև ենթադրվում է կին սպաների, ավելի բարձրաստիճան զինվորականների ներգրավվածությունը, իհարկե դա էլ երաշխիք չէ, օրինակ՝ սեռական ոտնձգությունների համար, բայց, ամեն դեպքում, մի փոքր նվազեցնում է ռիսկերը, որն այսօրվա բանակում մենք ունենք, ու քիչ չեն քրեական գործերն ու բացահայտումները։ 

Անգամ մեկ-երկու դեպքը բավարար է, որ եզրակացություն անենք, որ մեր բանակում այդ երևույթը գոյություն ունի, ու ինչպե՞ս են կանանց զերծ պահելու նմանատիպ երևույթներից: Արդյոք կա՞ն բավարար թվով կին բարձրաստիճան զինվորականներ, որոնք իսկապես կկարողանան կանանց ներգրավել ու պատշաճ ծառայություն ապահովել: Մենք տեսանք, որ վերջին ողբերգական դեպքի պարագայում նույնիսկ պատշաճ կացարան չկար տղա զինծառայողների համար, նույն տիպի գոմերո՞ւմ են պահելու նաև կանանց: Այն, ինչ ունենք այժմ, արդեն իսկ ահազանգ է, որ մենք դեռևս ավելին չենք կարող ցանկանալ։ Մենք պատշաճ զինծառայություն չենք ապահովում նույնիսկ այժմյան զինապարտության օրենքի շրջանակներում։ 

Բոլոր այն բարեփոխումները, որոնք 2018 թվականից առնվազն պետք է կատարվեին բանակի ուղղությամբ և 2020 թվականի պատերազմից հետո պարտադիր պետք է արագացվեին, չեն արվել, իսկ հիմա անցել է հինգ տարի։ Հնգամյակն այն ժամանակահատվածն է, որպեսզի պատկերացնեք՝ ասեմ, որ խորհրդային բարդ իրավիճակներում անգամ մի ամբողջ թաղամաս էր կառուցվում, հասկանում եք, հնարավոր է դա անել ու չպետք է ասել՝ վայ, մենք խեղճ ենք, պատերազմ է եղել, գումար չկա, որքան գումար գնացել է, նույնքան էլ եկել է և ուղղված է եղել հենց բանակի բարելավմանը։ 

Այդ գումարների շրջանակում հնարավոր էր կազմակերպել պատշաճ զինծառայություն ու ոչ թե այսպիսի ֆիկտիվ օրենքներ կամ նորամուծություններ սկսել, որոնք նույնիսկ հասարակությանը պարզ չեն։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ինչքա՞ն կկազմի այն կանանց թիվը, որոնք կդիմեն այս ծառայությանը, եթե նկատի ունենանք, որ պարտադիր ծառայությունը 6 ամիս է, որի ավարտից հետո նախարարությունը որպես պատվովճար հատկացնելու է 1 մլն դրամ։

– Այո՛, կլինեն կանայք, որոնք սոցիալական վիճակից մղված կդիմեն, որովհետև մեզանում մարդկանց սոցիալական վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ կանանց ստիպում են երեխա ունենալ, որպեսզի ընտանիքի սոցիալական վիճակը բարելավվի, այսինքն՝ սա նշանակում է, որ կնոջ մարմինը տարբեր պարագաներում դառնում է ֆինանս հայթայթելու միջոց, ի դեպ՝ այլընտրանք ծնելիությանը, որովհետև համարյա նույն գումարն են առաջարկում, ինչ բազմազավակ ընտանիքներին են տալիս։ 

Սոցիալապես անապահով ընտանիքներում կատարվողին ես նայում եմ որպես սարսափելի երևույթ, որովհետև հարսներին ստիպում են երեխա ունենալ, որպեսզի իրենց վարկերը փակեն կամ սոցիալական ինչ-որ հարց լուծեն։ Այս որոշումը ևս մեկ նմանօրինակ միջոց է լինելու, ու շատ լուրջ է պետք հետևել, թե արդյոք մարդիկ դա անում են կամավո՞ր, թե՞ սոցիալական վիճակից դրդված, թե՞ ընտանիքի անդամների ճնշման տակ։ Այսինքն՝ այստեղ սոցիալական վիճակը լուրջ դերակատարում է ունենալու, ինչպես բազմազավակ ընտանիքների օրինակում ասացի։

– Իսկ սա իրականում լա՞վ, թե՞ վատ խրախուսման միջոց է, որ իրականացնում է պետությունը։

– Կոնկրետ այս դրվագի հետ կապված չեմ կարող ասել՝ լավ է, թե վատ, որովհետև ընդհանուր սիստեմի հետ կապված խնդիր ունեմ։ Սա չի կարող դիտարկվել որպես ընդհանուր համակարգային լուծում, սա ընդամենը դրվագային ու միգուցե ժամանակավոր լուծում կարող է լինել ինչ-որ հարցերում, այդ թվում՝ զորակոչի ցածր թվերի լուծման։ 

Ընդհանրապես պետության վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ բավական վատ է այդ իմաստով, որովհետև փոխանակ լուծվի հասարակության մեջ սոցիալական խնդիրը, լուծվի անգրագիտության հարցը, մարդուն դարձնում են պետության համար ծառայություն մատուցող, այն էլ՝ հենց ֆիզիկապես ծառայություն մատուցող գործիք, ինձ համար դա երկու դեպքում էլ խնդիր է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am