ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զորքերի տեղաշարժի և գազամատակարարման խափանման առնչությամբ

Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով վարչության «Թվիթեր»-ի էջում արված գրառման մեջ:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանման և Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղղակի շփումների խողովակները՝ անհապաղ թուլացնելու լարվածությունը»,- ասվում է գրառման մեջ:

Արցախի տարածքում մարտի 8-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տեղանքում՝ Շուշիի մոտ տեղի ունեցած գազատարի վթարի հետևանքով գազի մատակարարումը դադարեցված էր: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախի բնակչության համար: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել էր փական, որի միջոցով էլ մարտի 21-ից կրկին դադարեցրել է գազամատակարարումը։

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ։ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: