ԱԱԾ. Հին օրերի երգիչը

ԱԱԾ. Հին օրերի երգիչը
ԱԱԾ. Հին օրերի երգիչը

ԱԱԾ-ն իրեն չի դավաճանի։ Վանեցյանը հեռացել է, բայց Վանեցյանը դեռ թագավորում է այդ կառույցում։ Երեկ՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ԱԱԾ-ն բոլորին հորդորել է «հետայսու ձեռնպահ մնալ սպայի պատիվը արատավորող մերկապարանոց հայտարարություններով հանդես գալուց»։ 

Այս հայտարարությունն իրականում անկեղծ տեքստ է այն մասին, որ ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, եթե մենք քեզ հետևել ենք մինչև հեղափոխությունը, բարդացրել ենք քո կյանքը, քեզ «հինգ պակաս» լրտես ենք համարել, հիմա էլ կշարունակենք համարել։

Այսինքն՝ քեզ պարտավոր չենք հաշիվ տալ, թե դու ով ես մեզ համար նաև այսօր։

Վատ չէ։

Սեփական քաղաքացին, որի գործունեությունը հրապարակավ է, որը ֆինանսական հաշվետվություններ է ներկայացնում, անում է հայտարարություններ, երբեք չի դադարում հենց այդ գործունեությամբ լինել ԱԱԾ-ի տեսադաշտում, մարդիկ շատ անկեղծ էլ ասում են՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթների շրջանակներում սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարի և նման այլ անդրազգային հանցավոր դրսևորումների նախականխման, խափանման և բացահայտման նպատակով՝ պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից և այլ հանգամանքներից:

Այսինքն՝ հետևել ենք, հետևում ենք ու կհետևենք։

Ընդ որում, այս մասին գիտի և՛ թիրախը, այսինքն՝ Արթուր Սաքունցը, և՛ ԱԱԾ-ն։ 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ լրատվամիջոցներից մեկին ասել է՝ էական չէ՝ ոստիկանությունն է գաղտնալսում քաղաքացիներին, թե ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» օրենքն ի սկզբանե մարդու իրավունքների տեսանկյունից ռիսկային է:

Սաքունցն ասում է՝ գործող օրենքը չունի այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կտա մարդուն իր իրավունքների հնարավոր խախտումները կանխելու և բողոք ներկայացնելու այդ խախտումների դեպքում:

Այսինքն՝ եթե մարդուն որպես կասկածյալ կամ մեղադրյալ հետևել ես օպերատիվ-հետախուզական որևէ միջոցառման շրջանակներում ու վերջում պարզել, որ դրա կարիքը չկար, բարի եղիր էդ մարդուն տեղյակ պահել, որպեսզի հասկանա, թե իրեն պատճառված տհաճությունների սկզբնաղբյուրը որտեղից է, գուցե էդ մարդը քեզ հետ լրացուցիչ խոսելու բան ունի, հաշիվ ունի պարզելու հասկանալու համար՝ կարո՞ղ է շարունակել ապրել, թե՞ ինքը ԱԱԾ հետախուզության «մսացու» է։ Օրերս Սաքունցը նաեւ գրառում է արել, որը դուր չի եկել ԱԱԾ-ին։

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում, որի էությունը սա է՝ ախորժակիդ քացախ, հետևել ենք, հետևելու ենք։ Իսկ ես էլ ի՞նչ անեմ, որ չհետևեք, դո՞ւրս գամ աշխատանքից, գամ ԱԱԾ-ի դիմաց նստեմ, փո՞ղ հավաքեմ։ Պիտի որ նույնքան անվտանգ ու տեսանելի լինի անելիքս, որքան մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն է։ Թեպետ երկրորդի պարագայում վստահ չեմ՝ անվտա՞նգ է այսօր, եթե ԱԱԾ-ն շարունակում է հետևել ինձ որպես պետության համար վտանգավոր մարդու։ 

ԱԱԾ-ն ուզում է ատամներ ցույց տալ։ Ինչ ասես արժե հայտարարության այս նախադասությունը՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն։

Շարունակությունն էլ վատը չէ («պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին»), բայց այնտեղ մեծամտություն կա, իսկ մեծամիտներին պետք է հանգիստ թողնել։

Եթե հայտարարություն եք արել, նշանակում է վտանգ կա, բայց հայտարարության մեջ վտանգ չկար, ընկերներ։ Համենայնդեպս ուրիշից եկող։

Դուք մեկ անգամ ևս հավաստեցիք, որ վտանգը ձեզնից է, այլապես ինչո՞ւ մենք ցուցաբերենք զգոնություն։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am