Հայաստանում կորոնավիրուսի թեստերի քանակի խնդիր չկա. արտադրությունը վերջնական փուլում է․ Fip.am

«Հրապարակ» թերթը մայիսի 26-ին «Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս» վերնագրով նյութ էր հրապարակել։ 

Թերթը, հղում անելով «տարածված լուրերին», մասնավորապես, գրել էր. «Կորոնավիրուսի թեստերն են վերջանում, ուստի թեստ անում են միայն ծայր անհրաժեշտության դեպքում և ըստ կարևորության»։

Հրապարկի նյութը տարածել են news.am-ը, tert.am-ը, 168.am-ը, lurer.com-ը, hayeli.am-ը,  7or.am-ը և այլ լրատվամիջոցներ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք հանրապետությունում կորոնավիրուսի թեստերի խնդիր է առաջացել և որ դեպքում են քաղաքացիները թեստավորվում։

Առողջապահության նախարարությունից հերքում են. թեստերի խնդիր չկա

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Fip.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը: «Նման բան չկա, ընդհանրապես թեստ անելն ինքնանպատակ չէ, դրանք արվում են ըստ անհրաժեշտության, ցուցումների և բժշկի որոշման՝ մարդը պետք է թեստավորվի՞, թե՞ ոչ: Յուրաքանչյուր օրվա թեստերի քանակը կախված է նրանից, թե տվյալ օրվա համար քանի մարդ է թիրախավորված թեստավորվելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է առկա թեստերի քանակին, ապա առողջապահության նախարարի խոսնակը նշեց, որ այս պահին բավարար թեստերով ապահովված են, խնդիր չունեն և եթե կարիք կլինի, նոր խմբաքանակ ձեռք կբերվի: «Առնվազն ծիծաղել է այդ կարծիքը, քանի որ արդեն իսկ հայտարարվել է, որ Հայաստանի Հանրապետությունում թեստերի արտադրություն է սկսվում,  և դա այն նույն թեստերն են, որոնցով մենք կարողանում ենք ախտորոշում անել, այսինքն՝ ՊՇՌ թեստերն են, և որևէ խնդիր չի առաջանա»,-ասաց նա։

Հավելենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին առցանց ասուլիսում հայտարարել էր, որ կորոնավիրուսին դիմակայելու նպատակով ձեռք է բերվել շուրջ 100,000 թեստ։ Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մայիսի 26-ի դրությամբ իրականացվել է 52,554 թեստավորում։ 

ՀՀ-ում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությունն ավարտական փուլում է

Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովսեփ Ղազարյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտ օրերս իրենց արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը փորձարկման կուղարկեն ՀՀ առողջապահության նախարարություն։

«Փաստացի, մենք այս պահին ոչ մի թեստ Առողջապահության նախարարությանը չենք տվել, իսկ դա պայմանավորված է նրանով, որ հիմա թեստերը վալիդացման փուլում են գտնվում, այսինքն՝ ունենք բոլոր անհրաժեշտ նյութերը ու ամենաօպտիմալ ու ճշգրիտ պրոտոկոլն ենք մշակում, որպեսզի դիագնոստիկան լինի մաքսիմալ ճշգրիտ»,- ասաց նա։
Հովսեփ Ղազարյանը նշեց, որ վերջանական վալիդացիան մեկ շաբաթ է, որ սկսել են, և առավելագույնը մեկ-երկու շաբաթ էլ կաշխատեն՝ վերջնական պատրաստ թեստերը մատակարարելու համար։
Ըստ նրա՝ օրական 2000-ից ավելի թեստեր կարող են արտադրել։

www.fip.am