Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու որոշում չունի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել։ Այլ հարց է, թե ՀԱՊԿ-ը իրեն ինչպես է դիրքավորում։ Արդյոք դա մի կառո՞ւյց է, որը ստեղծվել է ինչ-որ գործողություն անելու համար այն դեպքում, երբ այդ կառույցի անդամներից մեկին որևէ վտանգ է սպառնում, թե՞ ոչ։ Այս հարցն ուղղված է ՀԱՊԿ անդամ այլ երկրներին, որովհետև, օրինակ, երբ Հայաստանն էր ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ՀԱՊԿ-ը գործողություն իրականացրեց կառույցի անդամ երկրների մեկում։ Իսկ երբ Հայաստանի դեմ գործողություն իրականացվեց, և դա ընթացքի մեջ է, ՀԱՊԿ-ն սկսեց պատմել  այն մասին, որ ինքը պատրաստ է դիտորդներ ուղարկել , պատրաստ է զորավարժություններ անել՝ չհստակեցնելով , թե որտեղ են այդ զորավարժությունները իրականացվելու»,- ասաց ԱԺ նախագահը։ 

Նա անդրադարձավ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներից հնչող հայտարարություններին, թե իրենք պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել, սակայն Հայաստանը չի ցանկացել։ 

«Երբ որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ասում են՝ «մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք», ես ուզում եմ հարցնել՝ իսկ որտե՞ղ էին իրենք պատրաստ, իրենք որտե՞ղ էին կանգնելու, որտե՞ղ էին այդ գործողություններն անելու, եթե միաժամանակ ասում էին, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը չի խախտվել։ Ո՞նց չի խախտվել։ Ջերմուկում, մնացած հատվածներում սահմանը չի՞ խախտվել։ Այսինքն, եթե այդ սահմանն ամորֆ ինչ-որ բան է, ապա որտե՞ղ էր գալու այդ դիտորդական առաքելությունը և ի՞նչն էր դիտարկելու։ Այնպես որ, այդ աճպարարությունը, որ արվում է, մեզ համար ուղղակի անընդունելի է»,-ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, որ ճիշտ կլինի, որ  Հայաստանի պաշտոնյաները մասնակցեն ՀԱՊԿ-ի նիստերին և այդ հարցերի մասին ուղիղ խոսեն։ «Նախ գնացել ենք, ասել ենք, նամակով դիմել ենք թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ մեր դաշնակցին՝ կոնկրետ կետերը նշելով։ Բայց մենք տեսնում ենք, որ որևէ գործողություն տեղի չի ունենում և նույնիսկ հնչում են արտահայտություններ, թե ո՞նց եք պատկերացնում, որ ռուս, ղազախ, բելառուս զինվորները գային, կռիվ տային»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի կողմից նույնիսկ քաղաքական գնահատական չի հնչել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։