«Մարդիկ չեն հավատում, մինչև թևերի տակ ընկած բերում են, ասում են՝ վայ, բժիշկ ջան, էն ժամանակ չէինք հավատում, իզուր չլսեցինք». Շանթ Ուռուտյան

Շանթ Ուռուտյանը հոր՝ Վարդան Ուռուտյանի հետ, որը նույնպես բժիշկ է։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռադիոլոգիայի երկրորդ կուրսի օրդինատոր  Շանթ Ուռուտյանը, որը ծնունդով Շիրակի մարզից է, կորոնովիրուսի օրերին միացել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական թիմին՝ իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերելու հիվանդներին։

Շանթ Ուռուտյանի համար հեշտ չի եղել աշխատանքը, հատկապես սկզբնական շրջանում։ Դեռևս դիպլոմ չունեցող բժիշկը առանց հերթափոխի աշխատանքի է անցել՝ փոխարինելով հիվանդանոցի ռենտգենոլոգին, որը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել աշխատել։ Այդուհանդերձ, ինչպես ինքն է ասում՝ քիչ-քիչ հունի մեջ ընկա։

«
Մարտի կեսերին, երբ հայտարարեցին կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները, դասերի էի գնում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սովորում էի, ստիպված թողեցի այդ ամեն ինչը ու եկա Գյումրի։ Եկա, մի շաբաթ տանը մնացի։  Այդ պահին մեր ինֆեկցիոնում ազատ տեղ կար, ես որպես կամավոր գնացի, չնայած հերթափոխ չունեի, մենակ պետք է անեի»,- պատմում է Ուռուտյանը։

Ասում է՝ իրեն չեն վախեցրել առաջնագծում լինելը և վարակակիրների հետ անմիջական աշխատելը: «Հենց առաջին պացիենտից սկսած ես եմ նկարել Գյումրիի ինֆեկցիոնում մինչև այս պահը։ Եթե կա բժշկական օգնության պահանջարկ, կա ռեսուրսի պահանջարկ, ուրեմն պիտի գնայինք, ու ինձ նման շատերը պետք է գնային»,- ընդգծում է նա։

Նրա խոսքով՝ հատկապես սկզբում եղան բժիշկներ, որ այդկերպ չմտածեցին, այլ զգուշանալով՝ աշխատանքի չներկայացան: «Ստիպված շատերը սկսում են կամաց-կամաց հետ գալ, հասկացան, որ այլևս չեն կարող տանը մնալ, որովհետև փող չեն աշխատում։ Սկզբի համար վատ էր, որովհետև թողեցին, գնացին, նոր տեսնում են, որ իրավիճակը չի դզվում, հետ են գալիս, իհարկե շնորհակալություն, որ հետ են գալիս, բայց պետք էր շուտվանից այդպես վարվել»,- ասում է Ուռուտյանը։

Այդուհանդերձ նաև նշում է, որ այդ բժիշկների մեջ կային նաև մեծահասակներ, որոնք թիրախային խմբում էին․ «Ես չեմ մեղադրում, շատերը տարիքով էին, շատերը վախեցան իրավիճակից, հիմա կյանքի գնով գալիս են»:

Ուռուտյանն ասում է, որ հիվանդանոցում աշխատանքը լարված է, անընդհատ ծանր վիճակի մեջ գտնվող պացիենտներ են գալիս։

Աշխատանքի մեջ ամենադժվար պահը, նրա խոսքով, այն իրավիճակներն են, երբ պետք է ռենտգենի պատասխանն ասի պացիենտներին։ Հիվանդանոցում չկա համակարգչային տոմոգրաֆ, ինչը ստույգ պատասխան կարող էր տալ հիվանդի վիճակի մասին․ «Շատերը նայում են քեզ, թե ռենտգենի պատասխանը ինչ կլինի, որովհետև համակարգչային տոմոգրաֆ չունենք էնտեղ, ռենտգենով ենք անում, ինչի զգայունությունը 30% է, KT-ին մի քանի անգամ զիջում է, բժիշկներն էլ գալիս են, հարցնում են՝ ի՞նչ կա, որ հասկանան՝ ինչ պիտի անեն։ 

Ու դու պետք է հնարավորինս արագ կողմնորոշվես, հնարավորինս շատ ինֆորմացիա տաս բժիշկներին, որ իրենք հասկանան` ինչ են անում այդ հիվանդի հետ։ Պետք է շատ արագ կողմնորոշվես, որովհետև ժամերի կամ րոպեների հարց կարող է լինել»,- ընդգծում է բժիշկը։ 

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում գործում է երեք բաժանմունք, բժիշկներն աշխատում են հերթափոխով՝ 24 ժամ։ Ուռուտյանի խոսքով՝ արդեն 3 ամիս է, ինչ կյանքից հետ են մնացել։



«Անընդհատ լարվածության մեջ՝ չես հասցնում ոչ մի բան անել, չգիտես՝ դուրսը ընդհանրապես ինչ է կատարվում, լուրերին չես կարողանում հետևել։ Կողքից եմ իմանում՝ ինչ է կատարվում, ասում եմ՝ պատմեք՝ տեսնեմ ինչ է կատարվում։ Տուն եմ գալիս, ոնց որ ուշք ու միտքս ինֆեկցիոնում լինի»,- ասում է նա։

Բժշկին բարկացնում է, որ դեռ կան մարդիկ, որ շարունակում են չհավատալ վիրուսի գոյությանը։ Նշում է, որ պացիենտների մեջ լինում են մարդիկ, որոնք ասում են, որ չեն հավատացել, որ վիրուս կա, մինչև իրենք չեն վարակվել։

«Մարդիկ շատ տարբեր են, տարբեր բնավորություն ունեն, մարդ կա՝ սկզբից էլ հավատում է, ասում է՝ տղա ջան, բժիշկ ջան, 3 ամիս է՝ դիմակով եմ, տնից դուրս չեմ եկել, մի օր գնացի հաց առա, վարակվեցի, մարդ էլ կա՝ դե, ես չեմ հավատում, մինչև եկավ կպավ՝ նոր հավատացի»։

Բժիշկն ինքը շատ անգամներ է վիճում իր ընկերների, հարազատների, ծանոթների հետ, որոնք թերահավատությամբ են արտահայտվում վիրուսի գոյության մասին:

«Մոտիկ ընկերներիս մեջ կան, որ ամեն օր վիճաբանության մեջ ենք, ասում եմ՝ ինչի՞ դիմակ չես դնում: Ամեն օր օրինակներով ապացուցում եմ, որ տես՝ այս մարդը չդրեց, վարակվեց, հետո մյուսի հետ շփվեց, նա էլ վարակվեց, ես նրանց շղթայով պատմում եմ, թե վարակը որտեղից որտեղ հասավ։ Բայց, դե, կան մարդիկ, չեն հավատում, մինչև թևերի տակ ընկած բերում են, ասում են՝ վայ, բժիշկ ջան, տեսար ինչ եղավ, էն ժամանակ չէինք հավատում, իզուր չլսեցինք, կամ գալիս են, ասում են՝ սաղ կյանքս բժշկի չեմ դիմել»:

Բժիշկը զարմանքով նկատում է նաև, որ լինում են մարդիկ, որոնք երբ վարակվում են, սկսում են թաքցնել: «Այնպիսի տպավորություն է, թե վախենում են, որ ուրիշները իմանան, որ կորոնավիրուս են, բայց դրա մեջ վատ բան չկա, ամոթ բան չկա»,- նշում է նա։

Բժշկին նաև զայրացնում են չիպավորման և այլ դավադրությունների տեսություններին հավատացողների պնդումները։

«Այս թոքաբորբերի նկարները, որ ամբողջը դնես իրար կողքի, 90%-ով իրար նման են, ոնց որ նույն մարդու թոքերը լինեն, էնպես որ, մենակ էդ թոքաբորբերին նայելով կհասկանաս, որ սա լրիվ ուրիշ բան է, որ բժշկությունը մինչև էսօր չի տեսել, իսկ եթե բժշկությունը ասում է՝ մենք սենց բան չենք տեսել, իսկ էն մարդիկ, որ բժշկությունից կիլոմետրերով հեռու են ու ասում են՝ խաբում եք, փող եք աշխատում, էդ մարդիկ հիմար են կամ ինքնապաշտպանական դրսևորում է»,- ասում է Շանթ Ուռուտյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am