Սոչիում ավարտվել են Պուտինի և Էրդողանի՝ ընդլայնված կազմով բանակցությունները

Սոչիում ավարտվել են ընդլայնված կազմով ռուս-թուրքական բանակցությունները` նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ. դրանք տևել են մեկուկես ժամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը:

Հանդիպման ամենասպասված թեմաներից մեկը դարձել է «հացահատիկի գործարքի» ապագան։Բացելով հանդիպումը՝ Պուտինը հայտարարել է, որ առաջնորդները չեն անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը, և նշել, որ Ռուսաստանը բաց է հացահատիկի գործարքի շուրջ բանակցությունների համար։ Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկրները կավարտեն Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու շուրջ բանակցությունները՝ էներգետիկայի բնագավառում իրավիճակն ավելի կայուն դարձնելու համար։Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքի» շուրջ Պուտինի հետ բանակցությունները նշանակալից կդառնան աշխարհի և աֆրիկյան երկրների համար։Նա նաև հայտնել է գազի հարցում Ռուսաստանի հետ «բարձր մակարդակի համագործակցության» մասին և նշել, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը մեծ նշանակություն ունի երկրի համար։Առաջնորդները կշարունակեն շփվել աշխատանքային ճաշի ձևաչափով, այնուհետև սպասվում է հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։