Գուցե թերացել ենք ինչ-որ իմաստով, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է նման քայլեր աներ. Աղազարյան. Factor.am (տեսանյութ)

Սյունիքում իրավիճակի լուծումը պատկերացնում եմ բանակցությունների ճանապարհով, ՀԱՊԿ-ում մեր ունեցած կարգավիճակի և ՀԱՊԿ-ի գործունեության շրջանակներում։ Բայց հաշվի առնելով մեր հարևանների սադրիչ կեցվածքը՝ չի բացառվում նաև ուժի կիրառումը։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին և հետագա հանգուցալուծման եղանակներին, գրում է Factor.am-ը:

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանների պարագայում հնարավո՞ր է որոշակի զիջումներ, Աղազարյանը պատասխանեց․

«Այս պահին Ադրբեջանի կողմից պայմաններ առաջ չեն քաշվում։ Իրենց քարտեզներով դա համարվում է իրենց տարածքի մի մասը, բայց համադրելով մեր մոտ եղած քարտեզները և հատկապես 102-րդ ռուսական ռազմաբազայում եղած քարտեզները, հստակեցված է, որ դա հայկական տարածք է»։

Անդրադառնալով սահմանների չկահավորված լինելու մասին դիտարկմանը`Աղազարյանը նշեց.

«Պատերազմից հետո մենք նոր սահման ենք արձանագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը մինչ այդ կահավորված չի եղել անհրաժեշտ մակարդակով և կարճ ժամակամիջոցում դա անելը հնարավոր չի եղել, մենք գուցե թերացել ենք կամ չենք հասցրել կահավորել, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը իրեն իրավունք պետք է վերապահի նման քայլեր անել։

Ես հայտարարել եմ, որ չեմ համարում, որ պարտություն ենք կրել, այլ  ցավալի իրողությունների արձանագրում, իսկ Ալիևի կեցվածքը վկայում է այն մասին, որ իրենք գոհ չեն պատերազմի արդյունքներից։ 

Ես կարծում եմ` Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող գործընթացների արդյունքում մենք հնարավորություն ունենք վերականգնել մեր տարածքները, ԼՂԻՄ-ի մասին է խոսքը»։