Անցած շաբաթվա ընթացքում համացանցի կեղծ և մանիպուլյատիվ լուրերը. FIP.am

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր զերծ չեն մնացել կեղծ և մոլորեցնող հրապարակումներ տարածելուց։

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մանիպուլացնող կամ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Թուրքական մեքենաները՝ Վայք-Գորիս ավտոճանապարհին

Սեպտեմբերի 30-ին հայկական տելեգրամյան ալիքներում տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց՝ Վայք-Գորիս ճանապարհին թուրքեր են երթևեկում մեքենայով։ Հրապարակումների հետ տարածվող լուսանկարում երևում էր առկայծող փարոսիկներով կահավորված և օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենա, որը, ենթադրաբար, շարժվում էր հայկական ճանապարհով։

Քիչ անց այս տեղեկությունը հայտվեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջում, որի հրապարակման մեջ «թուրքերով մեքենան» արդեն վերածվեց «թուրքական մեքենայի»։ 

Նրա գրառումն արտատպել էին mamul.am168.amlive24.am և այլ կայքեր։ Ժամեր անց արդեն 168․am-ը կապ էր հաստատել Գորիսի փոխքաղաքապետ Կամո Քոչարյանի հետ և վերջինից փորձել ճշտել, թե արդյո՞ք ճանապարհին թուրքական պետհամարանիշերով մեքենաներ կան, ինչին ի պատասխանը փոխքաղաքապետը հայտնել էր, թե իրեն այդպիսի տեղեկություն հայտնի չէ, իսկ բնակիչներից ահազանգեր չի ստացել։

«Փաստերի ստուգման հարթակին» հաջողվեց տեղորոշել լուսանկարի արվելու վայրը, և պարզվեց, որ այն իրոք արվել է Վայք քաղաքի մոտակայքում՝ Գորիսից շուրջ 103 կմ հեռավորության վրա։

Կոորդինատները՝ 39.701559 45.4382507

Իրականում, սակայն, տարածվող լուսանկարում ավտոմեքենայի պետհամարանիշները ոչ թե թուրքական են, այլ վրացական՝ չնայած, որ թուրքական համարանիշներով մեքենաները ևս անարգել մուտքի իրավունք ունեն Հայաստան (ինչպես որ հայկական պետհամարանիշներով մեքենաներինը՝ Թուրքիա), և մեկ անգամ չէ, որ թուրքական մեքենաները հայտնվել են ուշադրության կենտրոնում: Իսկ վերոնշյալ մեքենայի վրա եղած թուրքական գրառումը (թարգ.՝ «լայն և երկար մեքենա») վկայում է, որ այն նախատեսված է մեծ չափերով բեռներ տեղափոխող բեռնատարների ուղեկցման համար։

Հղի կանանց մոտ պատվաստումից հետո վիժումները 366%-ով չեն ավելացել

Հոկտեմբերի 2-ին Դմիտրի Հարությունյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում հրապարակել էր մի նկար, որում ասվում էր, թե իբր Մեծ Բրիտանիայում 6 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեմ վակցինացվելուց հետո հղի կանանց մոտ վիժումների թիվն աճել է 366 տոկոսով։

Այս կեղծ տեղեկությունը theexpose.uk կայքում հրապարակվել էր դեռևս այս տարվա մարտ ամսին և այն արդեն իսկ հերքվել է բազմաթիվ միջազգային փաստեր ստուգող լրագրողների կողմից։ Հրապարակման մեջ հեղինակը մանիպուլացրել էր բրիտանական կառավարության Դեղորայքի և առողջապահական արտադրանքի կարգավորման գործակալության (MHRAզեկույցից վերցված տվյալները և անհիմն հետևություններ արել։ Հոդվածի հեղինակը հաշվի չէր առել ո՛չ Մեծ Բրիտանիայում պատվաստվածների ընդհանուր թիվը, ո՛չ պատվաստված հղի կանանց թիվը, ո՛չ էլ նշված ժամանակահատվածում վիժումների ընդհանուր թիվը:

Իրականում, հեղինակի պնդումն այն մասին, որ հղի կանանց մոտ պատվաստվելուց հետո վիժումների դեպքերը 366 տոկոսով աճել են, հիմնված էր MHRA-ի զեկույցից վերցված այն տվլայների վրա, ըստ որոնց՝ 2020 թ․ դեկտեմբերի 9-ից — 2021թ․ հունվարի 24-ը գրանցվել է 6 վիժման մասին ահազանգ պատվաստում ստացած կանանց կողմից, իսկ հունվարի 24-ից մարտի 7-ը՝ 22 ահազանգ։ 

Այսպես, դեկտեմբերի 9-ից հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, երբ 6 վիժման դեպք է գրանցվել, պատվաստվածների թիվը Բրիտանիայում կազմել է մոտ 7.1 միլիոն մարդ: Մինչդեռ մարտի 7 -ին պատվաստվածների թիվը արդեն հասել էր 22,7 միլիոնի: Այսինքն նշված ժամանակահատվածում, երբ պատվաստված քաղաքացիները թիվ մեծացել է ավելի քան 3.2 անգամ կամ 320%-ով:

Նշենք, որ ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները պարզել են, որ Moderna և Pfizer պատվաստանյութերը որևէ բացասական ազդեցություն չունեն հղիության ընթացքի և երեխայի առողջության վրա, իսկ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը դեռևս այս տարվա հունիսին, հաշվի առնելով անցկացված հետազոտությունները, հանել է Sputnik-V պատվաստանյութով հղիներին պատվաստելու հակացուցումը։

Իսրայելը Ադրբեջանում դեսպան է նշանակել Ցեղասպանություն վերապրածների ժառանգին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Թվիթերում հոկտեմբերի 1-ին գրառում էր արել Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի մասին՝ նրա նշանակումը անվանելով դիվանագիտության պատմության մեջ ամենախայտառակ դիվանագիտական նշանակումը։ Դիկը դեռ տարիներ առաջ նշել էր, որ իր հոր տատը Ցեղասպանությունից փրկված հայուհի էր՝ Անթառամ Համբարյան անունով։

Գրառումը որպես նորություն հայտնվել էր հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, սակայն ԶԼՄ-ներն այնպես են ներկայացրել գրառումը, իբր Դիկը նոր է նշանակվել դեսպան, այնինչ նա Ադրբեջանում դեսպան էր նշանակվել դեռ 2018-ին։

Փաստերի ստուգման հարթակ