Կալանավորված անձի մահվան կապակցությամբ Դիտորդների խումբն առաջարկում է ծառայողական քննություն իրականացնել

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գրանցված կալանավորված անձ Ա․Ս․-ի մահվան կապակցությամբ այց են կատարել՝ պարզելու համար մանրամասները։

«Արմավիր» ՔԿՀ ղեկավարության պարզաբանմամբ` անձի մահվան օրը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 10:10 խցակիցները դուռը թակելով աշխատակիցներին տեղեկացրել են, որ կալանավորն իրեն լավ չի զգում։ Ժամը 11:20 բժիշկը մոտեցել է, իսկ 11:30 արձանագրվել է կալանավորի մահը:

Ի դեպ, թե՛ հիմնարկ ընդունվելիս բժշկական զննություն անցնելիս, թե՛ դրանից հետո Ա․Ս․-ի մոտ բողոքներ կամ առողջական խնդիրներ չեն գրանցվել: Նա հանդիսացել է թմրամիջոց օգտագործող, սակայն ընդգրկված չի եղել մեթադոնային ծրագրի մեջ:

Բոլոր տեսակետներին և փաստաթղթերին ծանաթոնալով՝ Դիտորդների խումբն առաջարկել է իրականացնել ծառայողական քննություն՝ պարզելու համար արդյոք Ա․Ս.-ին նշանակված դեղորայքային բուժումը ճիշտ է եղել և բավարար, թե անհրաժեշտ են եղել այլ հետազոտություններ ու բուժումներ, և արդյոք նրա մահվան օրը վերջինիս ցուցաբերած բժշկական օգնությունը կազմակերպվել է ժամանակին և ամբողջական։

ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ 2021 թվականի սեպտեմբերի 4-ին Ա. Ս.-ը երբ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առաջնային բժշկական զննության ընթացքում առողջական վիճակից գանգատներ չի ներկայացրել:

2021 թվականի սեպտեմբերի 6-ին Ա. Ս․-ը զննվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման (այսուհետ՝ Ստորաբաժանում) բժշկի կողմից, որի ընթացքում ևս գանգատներ չի ներկայացրել: Զննության ընթացքում Ա.Ս.-ի հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում: Ձախ ստորին վերջույթի երակային ցանցը չի եղել արտահայտված, առանց լիմֆոստազի երևույթների:

Ա. Ս․-ը, որպես անամնեստիկ տվյալ, նշել է ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, որի կապակցությամբ տեղեկացրել է, որ մշտապես ընդունում է «Քսարելտո 20 մգ.» տիպի դեղամիջոց օրը մեկ անգամ, որը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում (որտեղ անցել է նաև համապատասխան ստուգումներ): Ա.Ս.-ը հավելել է նաև, որ մոտ 4 օր չի խմել վերոնշյալ դեղամիջոցը՝ դրա բացակայության պատճառով, և անմիջապես նշանակվել է դեղորայքային բուժում՝ «Կարդիոլայֆ 75 մգ.» դեղամիջոցով:

Նույն օրը Ա.Ս․-ը ենթարկվել է նաև արագ ռապիդ թեստավորումների, որի արդյունքում արձանագրվել են HIV և HCV բացասական պատասխաններ:

2021 թվականի սեպտեմբերի 6-ից առ Ա. Ս․-ի մահվան օրը՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ը, անձն առողջական որևէ գանգատով Ստորաբաժանման բժշկական անձնակազմին չի դիմել:

Նախարարությունց հայտնել են նաև, որ Ա.Ս․-ի մահվան դեպքի կապակցությամբ քրեակատարողական ծառայողների գործողություններում հնարավոր կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հանձնարարությամբ իրականացվում է ուսումնասիրություն:

Ա.Ս․-ի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: