Ոստիկանությունը բերման ենթարկեց Ամուլսար տանող ճանապարհին ցույց անող մի քանի քաղաքացու

ՀՀ ոստիկանությունը Ամուլսարի տարածքից բերման ենթարկեց «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանելու դեմ ցույց անող քաղաքացիներից մի քանիսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ոստիկանությունը կոչ արեց դադարեցնել հավաքը:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` արգելված է հավաքների իրականացումը: Ոստիկանությունը հորդորում է դադարեցնել հավաքը և հեռանալ հավաքի վայրից: Ոստիկանությունը հորդորում է պահպանել սոցիալական հեռավորություն և ողջամիտ ժամանակ է տալիս հավաքը դադարեցնելու համար»,- հայտնեցին ոստիկանությունից:

Հայկական բնապահպանական ճակատը հայատարարություն է տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր ու փոխարենը դրել իրենցը: «Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»,- ասված էր Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում, որում նաև կոչ էր արվում քաղաքացիներին դուրս գալ ու բողոքել:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։ «Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել»,- նշված է հայտարարության մեջ։

Այս պահին բնապահպանական որոշ կազմակերպություններ և մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են իրականացնում այդ տարածքում:

Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։