ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ համագործակցությունը և ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ խոսելով ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ձևավորման մասին։

Մաքսիմ Լոնգանգեն նշեց, որ Եվրոպայի խորհուրդն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցություն ցուցաբերելու ՀՀ ոստիկանությանը, նաև մի շարք միջոցառումներ իրականացնել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում։

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում սերտորեն համագործակցել ընտանեկան բռնության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, կիբեռհանցավորության և այլ ուղղություններով։
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։