Թշնամու հետ շփման գծում հեղինակազրկում են Հայկական բանակին, քանի որ նրան թույլ չեն տալիս կատարել իր հիմնական գործառույթը, այն է՝ պաշտպանել պետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և բնակչության ֆիզիկական անվտանգությունը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը և հավելել.
«Այդ արժեքների պաշտպանությունն անուղղակի կերպով մասամբ երաշխավորված է պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական նոր հաշվեկշռի շնորհիվ։
Նման իրավիճակում բացարձակապես անիմաստ և վնասակար է Հայկական բանակի ստորաբաժանումների տեղակայումը շփման գծում։ Դրանց փոխարեն նպատակահարմար է շփման գծում տեղակայել ոստիկանության զորքերը և ընդամենը իշխանության պաշտպանությամբ զբաղված ոստիկանական այլ ստորաբաժանումները։
Բանակը պետք է զբաղվի մարտական պատրաստությամբ, որպեսզի հարկ եղած դեպքում արդյունավետ կերպով կատարի իր գործառույթը։ Սա խիստ ժամանակավոր վիճակ է։ Շուտով այս քաոսը սերմանող Ռուսաստանին ցույց կտան իր տեղը, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակները կսանձվեն։
Մինչ այդ, եթե թշնամու հետ շփումը սկսվում և ավարտվում է ընդամենը սահմանային պատկանելության վերաբերյալ կեղծ, ժամանակավոր և ապագայում վերանայելի վեճերով ու բանավեճերով, ապա դրանց մեջ բանակի փոխարեն նպատակահարմար է ներգրավել ոստիկանությանը, քանի որ նա շատ ավելի է համապատասխանում այդ դերին»։