«Գրեթե բոլոր եվրոպական երկրներում սրճարանների գործունեությունը վերջին փուլում է նախատեսված, ճիշտ կլիներ գոնե երկու շաբաթ սպասել». Արարատ Մկրտչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Պարոն Մկրտչյան, վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի օրական գրանցվող դեպքերի թիվն աճել է։ Ինչո՞վ եք սա բացատրում, արդյոք թեստավորման քանակի ավելացումն է պատճառը, թե՞ այլ գործոն էլ կա։

 – Թվերը, որոնք արձանագրվում են, անցկացված թեստավորման արդյունք են։ Բնականաբար, ինչքան շատ թեստ անենք, այնքան շատ դեպքեր կհայտնաբերվեն։ Բայց այս ցուցանիշը ցույց չի տալիս հիվանդացության տարածվածությունը, սա հայտնաբերված դեպքերն է ցույց տալիս։ 

Բայց իրականում վարակակիրների թիվը մի քանի անգամ շատ է և մեր հանրապետությունում, և ամբողջ աշխարհում։ 

Ամբողջ աշխարհում, եթե այսօր հայտնաբերված դեպքերը մոտ 3 մլն են կազմում, իրականում այդ թիվը մի 10 անգամ ավելի է՝ 30 մլն և ավելի։ Սա օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, որը մեծ ծավալներ է ընդգրկում։ Եթե այսօր շատ վարակակիր մարդիկ էլ հայտնաբերենք, ի՞նչ պետք է անենք, այդ մարդիկ պետք է տանը մեկուսանան։

– Այսինքն՝ սա նաև ցույց է տալիս, որ դեպքերի մեծամասնությունը թեթև դեպքե՞րն են։

– Այո, 60-70 տոկոսը նույնիսկ ոչ մի նշաններ չունի։ Մոտ 20 տոկոս հիվանդների մոտ է, որ արտահայտվում են հազ, ջերմություն, այդ 20 տոկոսից էլ 3-5 տոկոսն է, որ ծանր է տանում այս հիվանդությունը։ Մահացության ցուցանիշով մենք աշխարհի միջին ցուցանիշից 3 անգամ ցածր մահացություն ունենք։ 

– Ինչո՞վ է բացատրվում, որ մեզ մոտ մահացությունը ցածր է։

– Առաջինը՝ ամբողջ բնակչության առողջական վիճակի ցուցանիշներից է կախված դա։ Ես համեմատել եմ Իսպանիայում ու Իտալիայում թոքաբորբից մահացության ցուցանիշները Հայաստանի մահացության ցուցանիշների հետ։ 

Եվ շատ հետաքրքիր պատկեր է ստացվում. վերջին 20 տարիների ընթացքում Իտալիայում և Իսպանիայում թոքաբորբից մահացության ցուցանիշը երկու անգամ աճել է, Հայաստանում թոքաբորբից մահացության ցուցանիշները կրկնակի նվազել են նույն ժամանակահատվածում։ 

Այսինքն՝ այստեղ նշանակություն ունեն նաև բնակչության ընդհանուր առողջական վիճակի ցուցանիշները։ Ինչքան առողջ է հասարակությունը, այնքան մահացությունը քիչ է։ Սա նախնական կարծիք է, ես ուղղակի վիճակագրությունն եմ համեմատել։

Երկրորդ գործոնն այն է, որ շատ կարևոր է առողջապահության համակարգի՝ ժամանակին արձագանքելը։ Որքան արագ ենք արձագանքում, որքան պատրաստված են մասնագետները, որքան բնակչությունը ժամանակին է դիմում բուժօգնության, այնքան ունենում ենք լավագույն արդյունք։

Ինչպես բոլոր օդակաթիլային սեզոնային հիվանդությունները, այս հիվանդությունն էլ իր հերթին է ունենում բարդացումներ, որին մենք ականատես ենք լինում։

Արդյոք երբ կլինի այս հիվանդության պիկը Հայաստանում, և երբ սպասենք նվազեցում։

– Ես կարծում եմ՝ դա շատ բարդ է գնահատել, բայց այլ երկրների փորձը դիտարկելով՝ կարող եմ ասել՝ մենք երևի գտնվում ենք գագաթին։ Եթե կարողանանք առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում այս մակարդակը պահպանել, շատ չծանրաբեռնել առողջապահության համակարգը, լավ կլինի։ 

Եթե բնակչությունը հստակ իրականացնի այն պարզ խորհուրդները, որոնք տրվում են առողջապահության նախարարության կողմից, վարքագծային պահվածքի խնդիրները լուծի, սոցիալական հեռավորությունը, հազալու, փռշտալու, ձեռքերը հաճախ լվանալու հիգիենան պահի, զերծ կմնանք վարակի տարածումից։

– Եթե մայիսի 4-ից տնտեսական որոշ գործունեության նկատմամբ, նաև տեղաշարժի սահմանափակումները հանվեն, արդյոք վիրուսն ավելի արագ չի՞ տարածվի։ Եվ արդյոք այդ դեպքում առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության խնդիր չի՞ առաջանա։

– Մի կողմից ունենք հանրային առողջության խնդիր, մյուս կողմից՝ տնտեսության խնդիրը։ Բացի դա, ոչ ոք չի կարող օպտիմալ ժամանակ ասել, որ եթե այսքան ժամանակ խիստ կարանտինային միջոցներ իրականացնենք, ընդհանրապես զերծ կմնանք վարակից։ 

Միևնույն է, մի օր դուրս ենք գալու, հանդիպենք վիրուսին, և ով թույլ է՝ կհիվանդանա։ Այն քաղաքականությունը, որը կառավարությունն է որդեգրել՝ սահմանափակումներն աստիճանաբար թուլացնել, բավական արդյունավետ է՝ իմ կարծիքով։ 

Այս վերջին երկու շաբաթների ընթացքում արտառոց իրավիճակ չի ստեղծվել, և պրոցեսը կարծես թե կառավարելի է։ 

Բացի դա, օդի ջերմաստիճանի բարձրացումն իր հերթին բարենպաստ պայմաններ կստեղծի, որովհետև բարձր ջերմաստիճանի ժամանակ վիրուսները շատ անկայուն են շրջակա միջավայրում։ Դա էլ իր հերթին բավական դրական ազդեցություն կունենա համաճարակային պրոցեսի կառավարելիության վրա։

Ինչ վերաբերում է տնտեսական գործունեության ոլորտներում սահմանափակումները թուլացնելուն, ես մի փոքր մտավախություն ունեմ հանրային սննդի ոլորտի հետ կապված՝ ռեստորանների ու սրճարանների մասին է խոսքը։ 

Ժամանակ է պետք, որ դրանք նախապատրաստվեն, ես չեմ կարծում, որ հասցրել ենք նախապատրաստել՝ թե նորմատիվային տեսանկյունից, իրենց պատրաստ լինելը ուսումնասիրելու տեսանկյունից։ 

Երկուշաբթի օրվանից այդ օբյեկտները պետք է սկսեն աշխատել, և մեծ ուժեր են պետք, որ շրջեն, գոնե աչքով տեսնեն, թե ինչ է կատարվում։ Այստեղ երևի աշխատողների առողջական վիճակի պարբերական զննություն պետք է իրականացվի՝ ջերմաչափում, ախտահանիչ նյութեր, դիմակներով աշխատանք և այլն։ 

Այսինքն՝ բազմաթիվ պահանջներ կան, որոնք պետք է մշակված լինեին, ներկայացվեին բոլորին, ովքեր նախապատրաստվում են վերսկսել իրենց գործունեությունը։ 

Երկրորդ՝ համապատասխան ծառայությունները պետք է կարողանային նրանց պատրաստվածության աստիճանը գնահատել։ 

Օրինակ՝ ես ուսումնասիրում եմ այն երկրների ծրագրերը, որոնք մեզ նման աստիճանաբար սկսել են նվազեցնել սահմանափակումները, գրեթե բոլոր եվրոպական երկրներում սրճարանների գործունեությունը վերջին փուլում է նախատեսված։ Ճիշտ կլիներ գոնե երկու շաբաթ հետո դրանց գործունեությունը վերսկսել։ 

Հիմա գեղեցկության սրահները, կենցաղսպասարկման ոլորտները կգործեին, և ճիշտ կլիներ՝ մի 10 օր, երկու շաբաթ դիտարկեին, հետո նոր թույլ տային, որ հանրային սննդի օբյեկտներն իրենց աշխատանքը վերսկսեին։

– Վարչապետն ասաց, որ մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսները այս վիրուսը կմնա, պետք է սովորել ապրել կորոնավիրուսի հետ։ Ըստ ձեզ՝ աշնանը նոր բռնկումներ սպասվո՞ւմ են։

– Տարբեր մանրէներից առաջացած հիվանդությունների հետ մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում շարունակում է ապրել։ 

Օրինակ` գրիպի տարբեր տեսակներ կան՝ «խոզի գրիպ», «թռչնի գրիպ», դրանք հո չվերացա՞ն, անունը դրել են սեզոնային գրիպ, աշնան ու ձմռան ամիսներին գալիս են, հետո ազդեցությունը թուլանում է։ 

Կորոնավիրուսը նույն բախտին է արժանանալու։ Կհիվանդանաք, նորից կգնա, դա մեզ համար կդառնա հերթական օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սովորական սեզոնային հիվանդություն։ 

Ուղղակի իմ մտահոգությունն այն է, որ այս հիվանդության վիճակագրությունն ամբողջ աշխարհում ուռճացնում են։ Հայաստանում թոքաբորբից տարեկան 500-550 մարդ է մահանում, դա սեզոնային բնույթ ունի։ Եթե կոպիտ բաժանում անենք, ամսական միջինը 40-45 մահվան դեպք ենք ունենում միայն թոքաբորբից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am