Սերը միակողմանի է, բարիդրացիական ցանկություն, որի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը, Ադրբեջանի իշխանության մոտ չկա. Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը

– Պարո՛ն Միքայելյան, օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարը ոգևորված շնորհավորում էր բոլորին, քանի որ Ադրբեջանի տարածքով, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստան ժամանել է հացահատիկով բեռնված գնացքը։ Նա սա որակել է պատմական իրադարձություն և նշել, որ սա հողի վրա օգոստոսի 8-ին հաստատված խաղաղության արտացոլումն է: Տեղի ունեցածը դուք ինչպե՞ս կբնորոշեք:

– Իմ կարծիքով՝ այս աստիճան գրոտեսկային հայտարարություններ անելը դրական չի գնահատվի նույնիսկ աջակիցների շրջանում: Բովանդակային տեսանկյունից. եթե մենք խոսենք տրանսպորտային հնարավորությունների մասին, ապա կարելի է ասել, որ կա որոշակի ընդլայնում, թեև պետք է գիտակցել, որ դրանք խոցելի են: Ադրբեջանն ամեն ձևով ցույց է տալիս, որ ինքը դեռ վերահսկում է գործընթացը, այսինքն՝ նույնիսկ երրորդ երկրներով բեռ հասցնելը Հայաստան, միևնույն է, Ադրբեջանը արգելափակել էր ու հիմա է նոր բացել։ 

Եթե բացվեր ուղիղ տարանցումը Հայաստանի համար, դա ուրիշ բան կլիներ, բայց հիմա նույնիսկ երրորդ երկրների համար Ադրբեջանն ամեն ձևով ցույց է տալիս, որ ինքը վերահսկում է գործընթացը և ցանկացած պահի կարող է բացել, փակել՝ իր քաղաքական դիրքորոշումից կախված: Սա կարելի է դիտարկել որպես հնարավորություն, բայց ամեն դեպքում ռիսկային է ու միշտ այդպես է լինելու: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը, ապա այստեղ երկու հանգամանք պետք է դիտարկել. մեկն այն է, որ հիմա ապրանքները հասցնում են Հայաստան Վրաստանով, և քանի որ Վերին Լարսի ճանապարհը շատ ծանրաբեռնված է, ապա գնացքով մի քիչ հեշտ է դա հասցնելը: Մյուս կողմից՝ պարզ է, որ ընդհանրապես Ադրբեջանի վերջնական նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, ու Ռուսաստանի մասնակցությունը այս գործընթացին սեփական ոտքին կրակելու նման բան է: 

Ինչ վերաբերում է այս ամենի տնտեսական էֆեկտին, ապա պետք է դիտարկել այն, թե սպառողն ու տնտեսվարողը որքանո՛վ են ավելի էժան ստանալու վերջնական ապրանքը։ Քանի որ այս պահին ես այդ տվյալները չունեմ, չեմ կարող այդ գնահատականը տալ, եթե մենք խոսում ենք զուտ տնտեսական էֆեկտի մասին: Եթե չկա այս էական տարբերությունը, ապա միակ առավելությունը տրանսպորտային հնարավորությունների որոշակի ընդլայնումն է, ու ես դա չէի գերագնահատի, որովհետև ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իր տարածքվ դեռ կոմունիկացիա չի բացել ու ամեն փոքր քայլի համար պահանջում է նոր զիջումներ: 

Հետաքրքիր է այն, որ սկզբից ակնկալվում էր այն, որ ղազախական ցորենը Կասպից ծովով հասցվելու է դեպի Բաքու, հետո Բաքվից գնալու է դեպի Վրաստան, հետո Վրաստանով հասնելու է Հայաստան: Իսկ հիմա պարզվում է, որ Ղազախստանով գնացքով գնում է Ռուսաստան, այնտեղից՝ Ադրբեջան, Ադրբեջանից էլ՝ Վրաստան, որտեղից էլ՝ Հայաստան: Այսինքն՝ եթե մի օր Ռուսաստանն ու Վրաստանը նոր ենթակառուցվածք ունեցան, հատկապես երկաթգիծ, ապա այս հարցը արանքից դուրս է գալու, եթե Ադրբեջան-Հայաստան սահմանը չի բացվում: Այսպիսով, լոգիստիկ առումով մի քիչ խնդրահարույց տարանցում է, այնպես որ այս պահին սա ոչ թե լուրջ ընդլայնում է, այլ միակ բանն է, որը որպես շոշափելի արդյունք կարելի է ներկայացնել, ու իշխանությունները ստիպված դա պետք է ներկայացնեն իբրև հաջողություն, քանի որ Ադրբեջանը ուրիշ որևէ առարկայական քայլի չի գնացել:

– Սա կարելի՞ է բնորոշել իբրև կոմունիկացիաների բացում:

– Կարելի է դիտարկել, բայց կոմունիկացիաները մեծ հաշվով չեն բացվել, խնդիրը սա է, այսինքն՝ եթե նույնիսկ սա որպես պատշաճ նպատակ հռչակենք, ապա ինձ համար շատ հակասական է, որովհետև հարաբերությունների ընդլայնում նման պարագայում, երբ իրականում մյուս կողմից բարի ցանկություն չկա, վիճելի է: Կոմունիկացիաները չեն բացվել, ուղղակի որոշ արգելքներ են մեղմացվել:

– Պարո՛ն Միքայելյան, իսկ ինչո՞ւ Ադրբեջանը գնաց այս քայլին, որովհետև ասում եք, որ մինչ այս որևէ էական քայլ չի արել:

– Հետաքրքիր հարց է, և տեսականորեն կարելի է մի քանի վարկած ունենալ: Վարկած առաջին՝ որ այս քայլն ուղղված է Հայաստանի ներքին լսարանին, ու վարկած երկրորդ՝ որ դա ուղղված է միջազգային հանրությանը: 

Դիտարկենք առաջինը. Ալիևին ձեռնտու են այսօրվա վարչախմբի պահպանումը և այսպես կոչված խաղաղության գործընթացի գոնե որոշակի ամրապնդումը Հայաստանում, քանի որ, ըստ բոլոր հարցումների, այս գործընթացին շատ քիչ աջակցություն կա: 

Եթե գոնե նվազագույն շոշափելի արդյունք լինի, ապա կարելի է որպես արդյունք ներկայացնել: Մենք կարող ենք հիշել 2021-ին Ադրբեջանի կողմից մի քանի հայ գերիներ վերադարձնելու փաստը Հայաստանում ընտրություններից առաջ, ու ակնհայտ էր դրա նախընտրական նշանակությունը։ Ի դեպ, հիմա էլ է ակնարկվում գերիների բաժանումը երկու մասի՝ քաղաքական ու ապաքաղաքական գերիների՝ մինչև ընտրություններ ազատ արձակումը: 

Երկրորդ վարկածը. մենք տեսել ենք, որ միջնորդը եղել է Թրամփը, մի կողմից նրա ներգրավվածությունը գործընթացին ակնհայտորեն եղել է էպիզոդիկ ու ոչ խոր, բայց ամեն դեպքում, ԱՄՆ-ն ունի պետքարտուղարության պես դեպարտամենտներ, որոնք զբաղվում են այս տարածաշրջանով, ու բացառված չէ, որ նրանք որոշակի ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա և փորձում են ստիպել Ադրբեջանին ինչ-որ կառուցողականություն դրսևորել: 

Հավանաբար Ալիևն ուսումնասիրել է, թե որտեղ կարող է նվազագույն քայլերով արդյունք ցույց տալ, ու գնացել է այս քայլին: Չեմ էլ բացառում, որ երկուսն էլ որպես նպատակ եղել է: Ամեն դեպքում, բարիդրացիական ցանկություն, որի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը և ունի Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի իշխանության մոտ դա չկա դեպի Հայաստանն ու Հայաստանի իշխանությունը, այսպես կոչված այս սերը միակողմանի է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am