«Վերջին 2 ամիսներին արձանագրվել է արտահանման աննախադեպ աճ դեպի Թուրքիա». Աղասի Թավադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը

– Պարո՛ն Թավադյան, վերջին 3 ամիսներին Թուրքիա արտահանման զգալի աճ է գրանցվել, մինչդեռ վերջին 2 տարիներին Թուրքիայից ներմուծումը 40 տոկոսով կրճատվել է: Ինչո՞վ է այս վիճակագրությունը պայմանավորված։

– Ընդհանուր առմամբ, վերջին 2 տարիներին Թուրքիայից ներմուծման և արտահանման առևտրաշրջանառության հետ կապված հետաքրքիր փոփոխություն կա։ Իսկ վերջին 2 ամիսներին արձանագրվել է արտահանման աննախադեպ աճ դեպի Թուրքիա, դոլարային արտահայտությամբ դեպի Թուրքիա 4 անգամ ավելի շատ ապրանք ենք արտահանել, քան Թուրքիայից ներմուծել ենք։ 

Եթե ուսումնասիրենք, թե ինչ ենք արտահանել Թուրքիա, ապա հունիսի տվյալներով արտահանել ենք 353 կգ չմշակված ոսկու փոշի (արտահանման կոդ` 710812)։

Եվ կոնկրետ այս տեսակի ոսկու արտահանումը այլ պետություններ այս ծավալով երբեք չի արձանագրվել։ Եթե նայենք վերջին 5 տարվա տվյալները, ապա մեկ ամսվա ընթացքում Թուրքիա արտահանումը ավելի մեծ է եղել, քան նախորդ 5 տարիներին: 

Սակայն պետք է նշել, որ 2022-ի առաջին 6 ամիսներին արտահանվել է 305 մլն դոլարի ոսկի, որից ընդամենը 20 միլիոնն է եղել Թուրքիա արտահանված ոսկու փոշին: 

Այսինքն՝ արտահանված ոսկու 6 տոկոսը գնացել է դեպի Թուրքիա, և այդ միտումը շարունակվում է, որովհետև 7-րդ ամսին Թուրքիա ենք արտահանել 27 մլն դոլարի ապրանք: Ըստ էության, կարելի է ենթադրել, որ 7-րդ ամսին շարունակել ենք ոսկու փոշու արտահանումը: Կարելի է ենթադրել, որ 7-րդ ամսին արտահանվել է մոտ 475 կգ ոսկու փոշի: 

– Թուրքիայում այս հետաքրքրությունն ինչո՞վ է պայմանավորված:

– Սա ոչ թե Թուրքիայի հետաքրքրությունն է, այլ Հայաստանի ինչ-որ ձեռներեց, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ճանապարհով ոսկի է արտահանել: 

Հետաքրքիր է Թուրքիայից Հայաստան ներմուծման դիմանիկան. եթե համեմատում ենք 2022-ի 7 ամիսները 2020-ի առաջին 7 ամիսների հետ, ապա Թուրքիայից ներմուծումը նվազել է 43 տոկոսով՝ գրեթե կրկնակի: Այսինքն՝ հայ գործարարները չեն նախընտրում ապրանք ներմուծել Թուրքիայից, սակայն Made in Turkey ապրանքանիշով ապրանքների ներմուծումը չի նվազել, ընդամենը 2 տոկոսով՝ վերջին երկու տարում: Սա նշանակում է, որ, ճիշտ է, մենք Թուրքիայից չենք ներմուծում, սակայն թուրքական ծագման ապրանքներ շարունակում ենք ներմուծել այլ պետություններից:

Մենք խնդիր ունենք թեթև արդյունաբերության հետ: ՀՀ թեթև արդյունաբերությունը 2013-ից մեծ աճ է ապրել, սակայն մենք հիմնականում օգտագործում ենք Թուրքիայից բերված կտորեղենը: Վերջին երկու տարիներին թեթև արդյունաբերության անկումային վիճակը կապված է երկու հանգամանքի հետ. նախ՝ Թուրքիայից հումքի ներմուծումը կրճատվել է, երկրորդն այն է, որ դեպի Եվրոպա արտահանումը նվազել է, քանի որ եվրոն անկում է ապրել: 

– Մենք Թուրքիայի հետ բաց սահման չունենք, բայց, փաստորեն, լավ առևտրաշրջանառությո՞ւն է տեղի ունենում:

– Ներմուծման տեսանկյունից միշտ էլ առևտրաշրջանառությունը եղել է: 2020-ին Թուրքիայից Հայաստան ներմուծման 12 տոկոսը եղել են ծանր մետաղագործական ապրանքները, 10 տոկոսը՝ թեթև արդյունաբերության ապրանքները, 7,3 տոկոսը՝ պլաստիկը և այլն, և 5,6 տոկոսը եղել են մրգերը:

– Մենք անընդհատ խոսում ենք սահմանները բացելու, առևտրաշրջանառությունը մեծացնելու մասին: Եթե սահմանները բացվեն,  ի՞նչ պատկեր ենք ունենալու:  

– Իրականում, կարելի է ասել, որ սահմանը փակ է սովորական ապրանքների համար: Որովհետև, ճիշտ է, հունիս-հուլիսին արտահանումը դոլարային արտահայտությամբ մի քանի անգամ գերազանցել է ներմուծումը, բայց փաստացի, դա ապահովվել է ընդամենը 353 գումարած ենթադրյալ 475 կգ ոսկու արտահանման արդյունքում: 

Փաստացի, արտահանում չկա դեպի Թուրքիա, իսկ ոսկու արտահանման ցուցանիշի աճը չի նշանակում, որ իրականում մենք ունենք դեպի Թուրքիա արտահանում: Ըստ էության, սա ինչ-որ անհատական գործունեության արդյունք է: 

– Այսինքն՝ ոսկու գինը Հայաստանում ավելի մատչելի՞ է, որ ձեռնտու է այն Թուրքիա արտահանելը:

– Այո՛, կարելի է ենթադրել, որ ոսկին Թուրքիա է արտահանվել, որպեսզի այնտեղի շուկայում ավելի բարձր գնով վաճառվի: 

– Դոլարի ու եվրոյի արժեզրկումը Թուրքիայի հետ առևտրաշրջանառության վրա բացասաբար չի՞ ազդելու:

– Ինչպես տեսնում ենք տվյալներից, այս տարվա առաջին 7 ամսվա կտրվածքով Հայաստանից արտահանումն աճել է 44 տոկոսով, ներմուծումը՝ 50 տոկոսով: Փաստացի, թեև փոխարժեքի մեծ փոփոխություններ են եղել, բայց արտահանումը և ներմուծումը բավականին լավ տեմպերով աճում են:

Սա ունի մի քանի պատճառ, առաջին պատճառն այն է, որ մեր հիմնական առևտրային գործընկերը Ռուսաստանն է, և դեպի Ռուսաստան արտահանումն 7 ամսում աճել է 70 տոկոսով:

Նշեմ, որ դրամ-ռուբլի փոխարժեքը մեծ փոփոխության չի ենթարկվել տարվա սկզբից, և ընդհանուր ԵԱՏՄ տարածքը թույլ է տալիս համեմատաբար ազատորեն օգտվել Ռուսաստանի շուկայի մեծ ծավալներից: Որոշակի կորուստներ ունենք դեպի Եվրոպա արտահանման առումով՝ կապված դոլարի ու եվրոյի արժեզրկման հետ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am