Նիկոլ Փաշինյան․ Էնտուզիազմով սխալվողը

Մհեր Արշակյան

Նիկոլ Փաշինյանը ոչ մի գնով չի ուզում միայնակ պատասխանատվություն վերցնել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում։ Նա կրկին ժողովրդին է կանչում հրապարակ։ 

Գրողը տանի, էդ ժողովուրդը պատերազմ գնաց, լավագույն տղաներ զոհվեցին, գերի ընկան։ Էդ ժողովուրդը հեղափոխություն արեց, փոփոխություն էր ուզում։ Ո՛չ փոփոխություն ստացավ, ո՛չ Հայրենիք, մի մասը նույնիսկ հող չգտան։ Ինչո՞ւ ես ժողովրդին կանչում հրապարակ ընդդեմ բանակի։ Միանգամից հրաժարակա՛ն տուր ու գնա՛ արտահերթ ընտրությունների։ Այդքան դժվա՞ր է հասկանալ այդ պարզ, գրեթե այբբենական ճշմարտությունը։ 

Վերջին 30 տարում ե՞րբ էր Թուրքիան փորձել ինչ-որ մասնակցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ո՞վ էր նման բան լսել։ Իսկ հիմա Չավուշօղլուն տարածաշրջանի երկրներին հավաքում է իրար գլխի, որ տեսնեն, թե ինչ կարող են անել Հայաստանի հետ։ Տղա՛ ջան, գնա՛ ընտրությունների։ Ամբողջ իշխանությունդ օգտագործեցիր, որպեսզի Քոչարյանին սարքես քո հիմնական հակառակորդ։ Սարքեցիր, հասկացանք։ Հիմա գնա՛ ընտրությունների։ 

Ամենասարսափելի բանը, որ արեցիր այս 3 տարիների ընթացքում՝ ունենալ ամեն ինչի մեղավոր։ Դու ոնց որ մեղավորների դարբնոց լինես, բացառված չէ, որ դեռևս տեղի չունեցած փորձանքների մեղավորների անուններն էլ իմանաս։ Ոնց որ թե քո չհրկիզվող պահարանում այդ դեռևս չծնված մեղավորների լուսանկարներն ու անցած ուղին կան։

Բոլորն ամեն ինչում մեղավոր են։ Համաձայն եմ։ Հիմա ընտրություննե՛ր արա։ Ո՞վ չի ուզի ընտրել իրենց միջի միակ անմեղին։ Չի կարող այսպես երկար շարունակվել։ Ամբողջ բանակը քո դեմ է դուրս եկել։ Բանակը դրա իրավունքը չուներ։ Բայց խորհրդարանական երկրներին դա խորթ չէ։ 

Դու ուզում ես լինել այն տղան, որն էկրանի առաջին պլանում է, վախենում ես, որ կարող է ինչ-որ բան փոխվել։ Ու բացարձակապես ոչինչ չանելով՝ ուզում ես միշտ մնալ առաջին պլանում։ Հիմա ասենք թե ժողովուրդը դուրս եկավ փողոց։ Նրանք հենց այնքա՞ն են, որպեսզի արտահերթ ընտրություններ չլինեն։ Դու ուզում ես ասել՝ այս երկրում պատերազմ չի եղել, մարդիկ չեն զոհվել, չենք պարտվել, Ղարաբաղը մերն է, Շուշիում արդեն պատրաստվում են ԼՂՀ հաջորդ նախագահի երդմնակալությանը։ Հա՞։ Չէ՛, ընկե՛ր, չէ՛։

Մենք քեզ հետ ապրում ենք ամենավատ Հայաստանում, որի ճակատագրին ամենաբաց տեքստով ուզում է խառնվել Թուրքիան։ Գնա՛ ընտրությունների ու թեկուզ հաղթիր, թեպետ ես դա դժվար եմ պատկերացնում։ Բայց գնա՛ ու հաղթիր։ Որովհետև հեղափոխությունը չի բաժանում Հին Հայաստանը նոր Հայաստանից, պարտությունն է բաժանում։ Դու ուզում ես լինել այս պարտության հաղթո՞ղը։ Դու ուզում ես աննախադե՞պ լինել՝ մարդ, որը ոչնչացրեց ամեն ինչ, բայց մնաց ոտքի վրա։ 

Կարո՞ղ է մարդն այնպիսի առաջնորդ լինել, որ թքի մյուս մարդկանց վրա, բայց նա չի կարող լինել պետության առաջնորդ, որ թքի պետության վրա։ Սահմանադրությունը, պետական ինստիտուտները, օրենքները, ստեղծվել են, որպեսզի երբ առաջնորդը խելագարվի, դա չազդի պետության ճակատագրի վրա։ 

Գնացե՛ք ընտրությունների։ Մի ժամանակ ասում էիք՝ միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս։ Գիտե՞ք ինչով է վատ սեփական սխալներից ոգևորվելը։ Նրանով, որ դասեր չեք քաղում։ Ավելին, դուք միակն եք, որ սխալվում է էնտուզիազմով։

Հիմա գոնե մեզ ասեք՝ ո՞րն է ձեր հաջորդ սխալը։ Որովհետև այնպես չէ, որ ձեր նախորդ սխալներից մենք շահեցինք։ Հիմա մեզ պետք է իմանալ միայն, թե ուրիշ ինչ ենք կորցնում։

Մհեր Արշակյան

MediaLab.am