«Պատերազմը տակավին չվերջացավ, և ազերիները փորձում են ճնշում գործադրել թե՛ Հայաստանի, թե՛ խաղաղության, թե՛ Ռուսաստանի զորքերի վրա». Կայծ Մինասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը

– Պարո՛ն Մինասյան, թեև հրադադարի մասին փաստաթուղթ է ստորագրվել, բայց ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի որոշ բնակավայրերի ուղղությամբ ագրեսիվ գործողությունների դիմել։ Ի՞նչ է կատարվում, և ինչպե՞ս պետք է լուծել այս խնդիրները։

– Ըստ երևույթին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների երկու պատճառ կա։ Առաջինը՝ սա ցույց է տալիս, որ պատերազմը տակավին չվերջացավ, և ազերիները փորձում են ճնշում գործադրել թե՛ Հայաստանի, թե՛ խաղաղության, թե՛ Ռուսաստանի զորքերի վրա։ Նրանք ցույց են տալիս, որ ճնշումները տակավին գոյություն ունեն։ Ցանկանում են նաև, որպեսզի Հայաստանի ներսում լարված քաղաքական վիճակը պահպանվի։

Երկրորդ՝ ըստ երևույթին ազերիներն այնպես արեցին, որպեսզի ավելի դյուրին ձևով իրականացնեն իրենց ծրագրերը Ղարաբաղում։ Եվ ուզում են առիթից օգտվել ու ցույց տալ, որ Մինսկի խումբն անօգուտ է, այլևս վերջացած է։ Այսինքն՝ փորձում են ցույց տալ, որ Մինսկի խմբի էությունը վերջացած է։

Ալիևը Բաքվում արհամարհական պատասխան տվեց Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներին։ Հայաստանում Արցախի նախագահը չհանդիպեց նրանց հետ։ Ըստ ձեզ՝ Մինսկի խումբն ի՞նչ անելիք ունի այս գործընթացում։

– Նախ այդ հարցը պետք է ուղղել Փարիզում ու Վաշինգտոնում։ Քանի որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ապտակեցին Արևմուտքին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, արդյոք ֆրանսիացիներն ու ամերիկացիները պե՞տք է պատասխանեն, թե՞ ոչ։ Եթե պետք է պատասխանեն, դա հօգուտ հայերի՞ է լինելու, որպեսզի ծառայի հայկական շահերին, թե՞ ոչ։ Եթե չպետք է պատասխանեն, նշանակում է, որ Մինսկի խումբն իսկապես վերջացավ։ 

– Համանախագահների այցը Երևան ու Բաքու ինչ-որ զարգացումներ նշմարե՞ց։

– Քանի որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չստորագրեցին նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագիրը, շատ վիրավորված ձևով ընդունեցին այդ փաստաթուղթը, որովհետև Մինսկի խմբի ստորագրություն չկա այդ փաստաթղթի տակ։ Թուրքիան ու Ռուսաստանը երկու ամսվա մեջ արեցին այն, ինչ Մինսկի խումբը չկարողացավ անել 28 տարվա մեջ։

Ուրեմն, ամերիկացիներն ու ֆրանսիացիները ապտակ են ստացել և հիմա փորձում են ցույց տալ, որ Մինսկի խմբի առաքելությունը չի ավարտվել։

Այդ պատճառով ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներն այցելեցին Բաքու և Հայաստան՝ ցույց տալու համար Ալիևին, Փաշինյանին, Պուտինին ու Էրդողանին, որ Ղարաբաղի հարցը չի վերջացել։

– Հնարավո՞ր է Արցախի կարգավիճակը քննարկվի, հայանպաստ լուծում լինի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։

– Նայած, թե ինչ են ուզում ֆրանսիացիներն ու ամերիկացիները։ Արդյոք այդ կամքն ունե՞ն հասնելու մինչև Ղարաբաղի ճանաչման հարցին կամ գոնե Ղարաբաղի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի կամ ուղղակի անկախության ճանաչման մասին խոսել։ Այդ հարցը պետք է ուղղել Փարիզին ու Վաշինգտոնին։

– Ադրբեջանը դարձյալ պատերազմի նկրտումնե՞ր ունի։

– Ադրբեջանը արձանագրեց ռազմական, մարտական հաղթանակ, բայց ոչ քաղաքական հաղթանակ։ Քաղաքական հաղթանակ չունեն, որովհետև տակավին գոյություն ունի Արցախի Հանրապետությունը, այլևս ռուսական զորքեր կան, ըստ իրենց, Ադրբեջանի տարածքի վրա։

Մյուս կողմից՝ Ադրբեջանում չգիտեն, թե ինչ պետք է անեն վարձկան ահաբեկիչների հետ։ Ուրեմն այս երեք պատճառներով չի կարելի խոսել քաղաքական հաղթանակի մասին։

Եվ քանի որ ամերիկացիներն ու ֆրանսիացիները ապտակ ստացան Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից, հայերը կօգտվեն այդ վիճակից, որպեսզի Արևմուտքը առաջ տանի Արցախի ճանաչումը։

Բայց Ռուսաստանն էլ այդ քարտը պահում է իր ձեռքին, եթե Ադրբեջանը խանգարի, Պուտինը կարող է մեջտեղ հանել այդ քարտը՝ ճանաչելով Արցախի անկախությունը։ Դա կարող է լինել այն դեպքում, եթե Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները տկարանան կամ լարվեն։ Մանավանդ որ, ԱՄՆ-ում պետք է նախագահ լինի Բայդենը, արդյոք Թուրքիան պետք է ավելի՞ խելոքանա։

Արդեն տեսնում ենք, որ Էրդողանի կողմից մարտավարական կեղծավորություն է կիրառվում, ուզում է նոր հարաբերությունների ու բանակցությունների մեջ մտնել եվրոպական կողմի հետ։

Նույնը պետք է փորձի անել ամերիկացիների հետ, բայց արդյոք եթե դեպի Արևմուտք կամ Եվրոպա նայի, Ռուսաստանն ի՛նչ դիրքորոշում պետք է որդեգրի՝ ավելի՞ կոշտ, թե՞ ոչ և պե՞տք է օգտագործի հայերին ու Արցախը թուրք-ադրբեջանական եղբայրության դեմ։

Ուրեմն, կարևոր է, որ Հայաստանում կայուն վիճակ պահպանվի։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, որ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից մեկ հոգի մեջտեղ գա, օրինակ՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ իբրև վարչապետ, որպեսզի կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։

Եվ ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է լինի հաջորդ ընտրված վարչապետը։ Չի կարելի, որ նախկին ռեժիմը մեջտեղ գա, օրինական ձևով պետք է դրսևորվի գործընթացը։ 

Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարական տալ, ԱԺ-ն ժամանակավոր վարչապետ կընտրի Արարատ Միրզոյանին։ Հետո ԱԺ-ն կունենան նոր նախագահ։ Եվ ժամանակավոր վարչապետը՝ ընտրված այսօրվա մեծամասնության կողմից, օրինակ՝ մինչև ապրիլ կամ մայիս կկազմակերպի արտահերթ ընտրություններ։

Եվ այդ ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանը, եթե կուզի, կարող է պատրաստվել ու ընտրվել նոր վարչապետ, որպեսզի ցույց տա Հայաստանին ու Սփյուռքին, որ՝ նայեցեք, ամբողջ ժողովուրդը ինձ ընտրեց ու վավերացրեց նոյեմբերի 9-ի պայմանագիրը կամ ոչ։ Դա ժողովուրդը պետք է որոշի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am