Մեր խնդիրն է սեղմ ժամկետում վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Երկու կողմից էլ կան կորուստներ։ Հակառակորդը կրակում է նաև Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ:

Տառացիորեն երկու օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել էր Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում:

Ամերիկայի դեսպանն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։

Խորապես վստահ եմ, որ ամերիկյան կողմին հասուն են դարձել այնպիսի գաղտնի ու հետախուզական տեղեկություններ, որոնք պատճառ են հանդիսացել դեսպանի համար անձամբ այցելել վերը նշված հատվածը՝ տեղում իրավիճակի վերաբերյալ պատկերացում կազմելու համար:

Մյուս կողմից այս հարձակման ֆոնին ուշագրավ է այն հանգամանքը, որ հուլիսի 26-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանի հետ՝ քննարկելով վերջինիս հետ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, իսկ երեկ արդեն Մոսկվայում տեղի է ունեցել նրանց հանդիպումը:Այսինքն ԱՄՆ դեսպանի այցի ու Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների ֆոնին ադրբեջանցիների հարձակումն ինքնին խոսուն հանգամանք է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունենում խորքային գործընթացներ, որոնք կարող են առհասարակ էական ազդեցություն ունենալ կարգավորման հետագա գործընթացի վրա:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձ է անում ռազմական ուժով թելադրել իր պայմանները և հասնել, իր պատկերացմամբ, Հայ-ադրբեջանական սահմանի ուրվագծմանը և հակամարտության վերջնական կարգավորմանը՝ թքած ունենալով միջազգային իրավունքի բոլոր նորմերի, քաղաքական պայմանավորվածությունների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա:

Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ Հայաստանի ինքնիշխան սահմանների վրա հարձակումը հարձակում է ՀԱՊԿ-ի դեմ, իսկ սա նշանակում է, որ տարածաշրջանում շոշափվում են այնպիսի աշխարհաքաղաքական շահեր, որտեղ յուրաքանչյուրը փորձելու է պահպանել իր դիրքերը:Իմ խորին համոզմամբ, ՀԱՊԿ-ն իր դեմքը փրկելու խնդիր ունի…Այս իրավիճակում մենք իրավունք չունենք որևէ ձևով տուրք տալ ադրբեջանական սադրանքներին, ավելին, ակնհայտ է, որ հակառակորդը պետք է ստանա համարժեք պատասխան, միաժամանակ, ստեղծված իրադրությունը հիմք է տալիս Հայաստանին հստակեցնել իր ռազմաքաղաքական հաշվեկշիռը՝ գործընկերների հետ քննարկելով Հայաստանի ինքնիշխանության դեմ սանձազերված ոտնձգությունները չեզոքացնելու իրական հնարավորությունը:

Բոլորի համար էլ հասկանալի է, որ ստեղծված իրավիճակն արդյունք է այն իրողության, որ տարածաշրջանում հօգուտ Արդբեջանի խախտվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչը վերջինիս դարձրել է էլ ավելի սանձարձակ, հետևաբար՝ մեր խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով ու սեղմ ժամկետում վերականգնել ռազմաքաղաքական հավասարակշռությունը՝ մի կողմից Ադրբեջանին զսպելու, մյուս կողմից՝ Հայաստանի պետական շահերն առաջ մղելու և սեփական ինքնիշխանությունն ու արժանապատվությունը պահպանելու համար»: