Առուշ Առուշանյանի դատավճիռը՝ մարտի 28-ին

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը մարտի 25-ին ավարտվել է, և դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ: Քաղաքապետի վերաբերյալ դատավճիռը կհրապարակվի երկուշաբթի՝ մարտի 28-ին:

Դատախազությունը, հիշեցնենք, որպես պատիժ դատարանին միջնորդել էր Առուշանյանին ազատազրկել 9 տարի 6 ամիս ժամկետով:

Առուշանյանի փաստաբան Աշոտ Մելքոնյանը դատախազության միջնորդության վերաբերյալ գնահատականներ չի ուզում տալ: Հորդորում է՝ սպասել դատավճռին: «Կներեք, ես չեմ ուզում ժամանակից շուտ որևէ բան խոսել, եկեք սպասենք՝ ինչ դատավճիռ կկայացնի դատարանը: Եկեք չխանգարենք, թող աշխատեն, հետո կխոսենք»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Մելքոնյանը:

Մարտի 25-ի նիստում Առուշ Առուշանյանը վերջին խոսքով է հանդես եկել, պնդել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որ ինքն արդար է և չի ընդունում մեղադրանքը:

Այս գործով մեղադրյալ է նաև Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանը, որի համար դատախազությունը միջնորդել է դատապարտել 5 տարի պայմանական ազատազրկման:

Առուշանյանի և մյուսների գործը, որը հարուցվել էր դեռևս 2021-ի ամռանը, վերաբերում է ինքնիրավչություն կատարելուն, պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ընտրողներին կաշառք տալուն և անձի առողջությանը վնաս պատճառելուն:

Ըստ մեղադրանքի՝ 2017-ից Գորիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Առուշ Առուշանյանը Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող հողատարածքներում, «Բեսթ ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով և ընկերության մի շարք աշխատակիցների, տեխնիկաների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ զբաղվել է ընդերքի ապօրինի օգտագործմամբ և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:

Ինչ վերաբերում է Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործին, ապա նրանց վերագրվում է ընտրողներին կաշառք տալու հանցակազմ: Այս մեղադրանքը պաշտպանական կողմը համարում է անհիմն, քանի որ Գորիսի համայնքապետարանը քաղաքացիներին ամենամյա սոցիալական աջակցություն է տրամադրել, սակայն մեղադրող կողմը դա դիտարկել է որպես ընտրակաշառք ՏԻՄ ընտրություններից առաջ:


Առուշանյանին մեղսագրվող ինքնիրավչության արարքը վերաբերում է նրա ընտանիքին պատկանող խանութներից մեկում ենթադրյալ չարաշահումների հայտնաբերման դեպքին, որից հետո, ըստ մեղադրանքի կողմի, Առուշանյանը փորձել է պատճառված վնասը վերականգնել խանութի աշխատակցից բնակարան և մեքենա վերցնելու միջոցով: Համայնքի ղեկավարին վերագրվող մյուս արարքը վերաբերում է Գորիսի բնակիչներից մեկի հետ վիճաբանության ժամանակ վերջինիս առողջությանը վնաս պատճառելուն:

Առուշանյանն իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները չի ընդունել և դրանք համարել է անհիմն, շինծու: Ավելին, նրա պաշտպանական կողմը բազմիցս է հայտարարել, որ Առուշանյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի անդամ է և շատ անգամներ քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am