Երկրում կայունություն հաստատելու համար ընտրությունները կարող են լինել ավելի շուտ, քան առաջարկում է միջազգային փորձը. Հերիքնազ Տիգրանյան

Լուսանկարը՝ CIVILNET

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը

– Տիկի՛ն Տիգրանյան, առանց նոր Ընտրական օրենսգրքի ընդունման արտահերթ ընտրությունների գնալը որքանո՞վ է հավանական, թե՞ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ միայն Ընտրական օրենսգրքում փոփոխություններից հետո ընտրություններ անցկացվեն: Ընդդիմությունը կարծես խոսում է մայիսին ընտրություններ անցկացնելու մասին:

– Ես չգիտեմ՝ ընդդիմությունն ի՛նչ դիրքորոշում ունի ընդհանրապես արտահերթ ընտրությունների հետ կապված և ինչպես գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև վերջին 4 ամսվա ընթացքում ընդդիմության վարքագծի տարբեր փոփոխություններ ենք նկատում:

Այս պահին ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե արտախորհրդարանական ուժերն ի՛նչ տեսակետ ունեն արտահերթ ընտրությունների և Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

Բայց մենք ունենք հրապարակված ճանապարհային քարտեզ, ինչը նշանակում է, որ այդ քարտեզում նշված միջոցառումները, որոնցից մեկն էլ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են, մեր ստանձնած պարտավորություններն են, որոնք պետք է կատարենք:

Այժմ արդեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը հրապարակվել է ԱԺ կայքում և ուղարկվել Վենետիկի հանձնաժողով կարծիքի: Այդ նախագծի շուրջ եղել են հանրային լայն քննարկումներ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքներին ի սկզբանե մասնակցել են ընդդիմության ներկայացուցիչներ, ինչը նշանակում է, որ իրենք էլ պետք է շահագրգռված լինեն իրենց աշխատանքի արդյունքը տեսնելու և դրանով արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: 

– Այդուհանդերձ, հավանականություն կա՞, որ առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տեղի կունենան ընտրություններ:

– Տեսականորեն ամեն ինչի հավանականությունն էլ կա, բայց պետք է ուղղակի թվային հաշվարկ կատարել: Երբ հայտարարում են, որ պետք է հենց հիմա ընտրություններ կազմակերպել, դա չի նշանակում, որ դրանք կարող են լինել այսօր կամ վաղը:

Ընտրությունները ժամանակացույցով նախատեսված գործողությունների ամբողջություն են: Ընտրությունները միայն քվեարկությունը չէ կամ արտահերթի դեպքում 12-13 օրվա քարոզչությունը չէ:

Կան նաև միջոցառումներ, որոնք ԿԸՀ-ն պետք է ֆիզիկապես հասցնի՝ սկսած հանձնաժողովների ձևավորումից, դասընթացներից, դիտորդների և մնացած կազմակերպությունների հավատարմագրումից:

Պետք է հաշվի առնենք նաև, որ դեռևս չգիտենք, թե համավարակի թվերը երբ կսկսեն նորից նվազել: Այս պահին գտնվում ենք կորոնավիրուսի թվերի աճի պրոցեսում:

Նաև նոր Ընտրական օրենսգրքով ներմուծված էին որոշակի կարգավորումներ, թե ինչպես կազմակերպել ընտրական գործընթացները համավարակների ժամանակ: Այս ամենը պետք է հաշվի առնել «հենց հիմա անենք ընտրություններ» ասելուց առաջ:

– Որքա՞ն ժամանակ է պետք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար, և կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են պետք: Եթե ընտրություններն առանց այդ փոփոխությունների լինեն, ի՞նչ արդյունք մենք կունենանք:

– Ես միշտ դեմ եմ եղել տարածքային ցուցակներով ընտրակարգին, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգին: Մենք գործող Ընտրական օրենսգրքով 2018-ի դեկտեմբերին ունեցել ենք ԱԺ ընտրություններ, և նաև 2017-ի ԱԺ ընտրություններն են եղել այդ համակարգով:

Դա միանշանակ բացահայտում է տարածքային ցուցակներով ընտրությունների ոչ արդյունավետությունը այն առումով, որ եթե մենք ուզում ենք խրախուսել կուսակցությունների աշխուժությունը, ծրագրերի մրցակցությունը, ապա այս ընտրակարգով ծրագրերի մրցույթ որպես այդպիսին չի լինում:

Այսինքն՝ մարդիկ, որոնք տեղերում ունեն որոշակի տնտեսական, ֆինանսական լծակներ, այդ թվում՝ թաղային հեղինակությունների և այլ ռեսուրսներ, բոլորը գործի են դրվելու մանավանդ այս ընտրությունների դեպքում:

Ես կարծում եմ, որ այս ընտրություններում այդ շրջանակների հետ կապեր ունեցող քաղաքական ուժերը կօգտագործեն իրենց հայտնի և իրենց կողմից բազմակի փորձարկված ընտրակեղծարարության գործիքների ամբողջ զինանոցը հատկապես տարածքային ցուցակներով ընտրությունների դեպքում:

Մինչդեռ կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլինի, եթե կուսակցություններն ընտրությունների գնան իրենց համամասնական ցուցակներով: Որքան տեղյակ եմ՝ տարածքային ցուցակներից ազատվելու հարցում սկզբունքային առարկություն չունի «Լուսավոր Հայաստանը»:

Մեր երկու ուժերի միջև տարբերությունն այն է, թե համամասնական ցուցակները լինեն բա՞ց, թե՞ փակ: Նրանք ևս ընդունում են, որ տարածքային ցուցակներից պետք է ազատվել, սակայն պնդում են համամասնական բաց ցուցակների գաղափարի վրա, իսկ մենք պաշտպանում ենք փակ ցուցակների գաղափարը: 

– Ուրիշ ի՞նչ փոփոխություններ են սպասվում Ընտրական օրենսգրքի նախագծով:

– Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն, այլև այս փոփոխությունները, որոնք բխում են արդեն ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքից, ամբողջությամբ վերանայում են նախընտրական քարոզչության հետ կապված կարգավորումները:

Այսինքն՝ նախընտրական հիմնադրամների հաշվետվողականության և թափանցիկության ավելի բարձր շեմեր են սահմանված, նախատեսված է քարոզչության հետ կապված ծախսերի ավելի լայն շրջանակներ ներառել նախընտրական հիմնադրամների ծախսերում:

Նաև որոշակի կարգավորումներ կան անցումային շեմի և ընտրական գրավի հետ կապված մեխանիզմներ, ինչպես նաև խորհրդարան անցնելուց հետո կոալիցիա ձևավորելու դեպքում քաղաքական ուժերի թվի սահմանափակումն է հանված, և ավելի ճկուն մեխանիզմ է ներմուծված:

Վերանայվել է նաև բոնուսների համակարգը, որը գործող Սահմանադրությամբ և գործող Ընտրական օրենսգրքով տալիս էր լրացուցիչ մանդատներով ԱԺ անցնելու հնարավորություն: Այդ բոնուսների համակարգը, ըստ էության, վերացել է և ձևափոխվել է այնպես, որ ավելի շատ շանսը տալիս է քիչ ձայն ստացած կուսակցություններին՝ ապահովելով ավելի շատ ուժերի մուտքը խորհրդարան:

– Ինչքա՞ն ժամանակ է պետք այս ամենը կյանքի կոչելու համար:

– Քանի որ նախագիծն արդեն հրապարակվել է ԱԺ կայքում, դա նշանակում է, որ առաջարկությունների համար մեկ ամիս ժամանակը կլրանա ապրիլին, և այդ ժամանակ այն կարող է մտնել ԱԺ նիստերի օրակարգ:

Երկրորդ ընթերցումը մոտավորապես կլինի մայիսին: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ով ինչ ժամկետներ է նախատեսում ընտրությունների համար, բայց ելնելով միջազգային լավագույն փորձից, որը խորհուրդ է տալիս Վենետիկի հանձնաժողովը իր խորհրդատվական փաստաթղթերում, Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո պետք է որոշակի ժամկետ՝ 6 ամսից մինչև մեկ տարի, որպեսզի բոլոր խաղացողները իմանան խաղի նոր կանոնները և պատրաստվեն ընտրություններին:

Իհարկե, մեզ մոտ իրավիճակը մի քիչ ոչ ստանդարտ և հաշվի առնելով, որ մենք և բոլոր ողջամիտ քաղաքական ուժերը գտնում են, որ արտահերթ ընտրությունները լարվածությունը պարպելու և հանրային դիսկուրս սկսելու գործիք պետք է լինեն, ապա այս դեպքում կարող են մի փոքր ժամկետների տարբերություններ լինել:

Նկատի ունեմ, որ եթե ընտրությունը պետք է որպես պետության կայունության գործիք, ապա այս դեպքում կարող է նաև ընկալվել, որ ճիշտ է օգտագործվել նոր փոփոխված օրենսգիրքը, բայց դրանով քաղաքական ուժերը կհասնեն երկխոսության և կպարպեն հանրային լարվածությունը:

Այսինքն այս դեպքում, հաշվի առնելով երկրում կայունություն ստեղծելու անհրաժեշտությունը, ապա ավելի կարճ ժամանակում ընտրությունների անցկացումը կհամարվի թույլատրելի միջոց: 

Մանե Հարությունյան

MediaLab.am