«Ստամբուլի կոնվենցիայի» շուրջ մանիպուլյացիաները.Fip.am

«Ստամբուլի կոնվենցիայի» շուրջ մանիպուլյացիաները.Fip.am
«Ստամբուլի կոնվենցիայի» շուրջ մանիպուլյացիաները.Fip.am

«Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա, վերջին օրերին բուռն քննարկումների և շահարկումների առիթ է դարձել Հայաստանում։

Փաստերի ստուգման հարթակը, զերծ մնալով կոնվենցիայի բովանդակային քննումից,  որոշել է անդրադառնալ այս փաստաթղթի վերաբերյալ վիճելի մի շարք հայտարարությունների և պնդումների։ 

Նշենք, որ Կոնվենցիան ստորագրման համար հրապարակվել է 2011-ին Ստամբուլում։ Կոնվենցիայի նպատակը կանանց՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանությունն ու կանխարգելումն է, խտրականության վերացումը, կանանց և տղամարդկանց միջև հավասարության խթանումը։ Կոնվենցիան ստորագրել և վավերացրել են ԵԽ 47 անդամ-երկրներից 34-ը։  

Էդուարդ Շարմազանովի պնդումները 

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը  Ստամբուլյան կոնվենցիայի ամենաակտիվ ընդդիմախոսներից է, պնդում է, որ իրենց իշխանության օրոք այս կոնվենցիան «ազգային ժողովի օրակարգ չի մտել, արդիական չի եղել»։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն Ստամբուլյան կոնվենցիային միացել է հենց ՀՀԿ իշխանության օրոք։ 

2017-ի դեկտեմբերի 28-ին Կարեն Կարապետյանի կառավարությունը հավանություն էր տվել կոնվենցիային՝ չորս վերապահումով։ Մոտ մեկ ամիս անց՝ 2018-ի հունվարի 18-ին, այն Ստրասբուրգում ստորագրել էր ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ 

Շարմազանովը նաև պնդում է, որ Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել է, բայց չի վավերացրել, ինչպես և արել են բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան և Լիտվան։ 

ՀՀԿ խոսնակը մասամբ կեղծում է փաստերը, քանի որ և՛ Հունաստանը, և՛ Խորվաթիան վավերացրել են կոնվենցիան։ Հունաստանն այն վավերացրել է 2018-ի հունիսի 18-ին, իսկ Խորվաթիան՝ 2018-ի հունիսի 12-ին։ 

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա վերջինս ստորագրել է կոնվենցիան 2012-ին, սակայն, իսկապես, մինչ օրս չի վավերացրել։  Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայի առաջխաղացման մասին 2017-ի զեկույցում նշվում է, որ կառավարությունը շատ լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին և քայլեր է ձեռնարկում կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ։ Սակայն Մեծ Բրիտանիան կվավերացնի կոնվենցիան միայն այն ժամանակ, երբ հնարավորություն կունենա պատասխանատվության կանչել կոնվենցիայով նախատեսված այն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։ 

Այսինքն, Շարմազանովի օրինակ բերած երկրներից երկուսը վավերացրել են կոնվենցիան անցած տարի, իսկ Մեծ Բրիտանիան, ամբողջովին կողմ լինելով կոնվենցիայի դրույթներին, դեռ չի վավերացրել այն, քանի որ ցանկանում է նաև կանխել և պատժել երկրից դուրս ընտանեկան բռնության և կանանց դեմ բռնությունների դեպքերը։ Ինչ վերաբերում է Սլովակիային, Չեխիային, Լատվիային, Լիտվային, ապա այս երկրները, իրոք, դեռ չեն վավերացրել կոնվենցիան։

Դավիթ Հարությունյանի պնդումները

Նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Hraparak.am-ի հետ զրույցում ևս անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ այն համարելով խնդրահարույց։ 

«…Ավելին, այն երկրները, որոնք վտանգ են տեսնում, վավերացրել են վերապահումներով, և հիմա բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնել, որովհետև վերապահումներով վավերացնելը դեռևս չի նշանակում, որ այդ վերապահումները կարող են երկար ապրել։ Դրանք ունեն առավելագույն ժամկետ, և այն երկրները, որոնք վավերացրել են, այս պահին բազմաթիվ հարցեր չլուծված են, իրենք էլ լուծումներ չեն գտնում»,- ասել է Հարությունյանը։ 

Մինչդեռ Հարությունյանը 2017-ի դեկտեմբերի 28-ի կառավարության նիստումՍտամբուլյան կոնվենցիային միանալու մասին զեկուցելիս հնարավոր որևէ խնդիրների ու բարդությունների մասին չէր բարձրաձայնել ու նախազգուշացրել։ «Պետք է նշեմ, որ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված ՀՀ-ն առաջարկում է վերապահում կատարել և մի շարք դրույթներ ՀՀ-ում չեն տարածվելու։ Պայմանավորված է մեր իրավական համակարգի առանձնահատկություններով»,- նշել էր Հարությունյանը։ 

Ավելին, կառավարության նիստին ներկա որևէ պաշտոնյայի մոտ հարց չէր առաջացել այս կոնվենցիայի բովանդակության վերաբերյալ։ 

Հատկանշական է նաև, որ այն վերապահումները, որոնցով ՀՀ-ն 2018-ին ստորագրել է կոնվենցիան, չեն վերաբերում այժմ շահարկվող և «հայ ժողովրդի ավանդական արժեքների վրա ոտնձգություն իրականացնող» դրույթներին։ Այդ վերապահումներն են՝

  • 30-րդ հոդվածի 2-րդ պարբերություն,
  • 55-րդ հոդվածի 1-ին պարբերություն` 35-րդ հոդվածի համաձայն սահմանված ոչ մեծ ծանրության իրավախախտումների առնչությամբ,
  • 58-րդ հոդված՝ 37-րդ հոդվածի առնչությամբ,
  • 59-րդ հոդված։

Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը, օրինակ, վերաբերում է ծանր մարմնական վնասվածք կամ առողջության կորուստ ստացած անձանց փոխհատուցում տրամադրելուն։

Արա Զոհրաբյանի պնդումները

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս Ստամբուլյան կոնվենցիայի արմատական քննադատներից է։ Վերջինս, սակայն այս թեմայով որևէ մտահոգություն ու առարկություն չի արտահայտել 2018-ի դեկտեմբերին, երբ այն ժամանակվա իշխանությունները ստորագրում էին «ՀՀ Սահմանադրությանը հակասող»կոնվենցիան։ 

Զոհրաբյանը կոնվենցիայի խնդրահարույց կետերից է համարում 12-րդ հոդվածի 1-ին մասը և մեջբերում է․ «Կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։

Սակայն փաստաբանների պալատի նախագահը հոդվածի այս մասը թերի է մեջբերում։ Իրականում 12-րդ հոդվածի 1-ին մասը այսպիսին է․ «Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։

Զոհրաբյանը բաց է թողել «կանանց ստորադասվածության» արտահայտությունը, ինչը խեղաթյուրում է բովանդակությունը։ 

Զոհրաբյանը խորհրդանշական է համարում, որ կոնվենցիան ստորագրվել է «բռնություններից ամենազազրելի տեսակը հանդիսացող ցեղասպանությունն իրականացրած և այն ժխտող Թուրքիայում (Ստամբուլ քաղաքում)»։ Ստամբուլ քաղաքի ընտրությանն ընդամենը պատահականություն է։ Օրինակ, ԵԽ կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիան կոչվում է Բուդապեշտի կոնվենցիա, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասին կոնվենցիան էլ կոչվում է Վարշավայի կոնվենցիա, քանի որ հենց այդ քաղաքներում ժողովների ժամանակ են հրապարակվել այդ կոնվենցիաները։ Այսինքն, Զոհրաբյանի կողմից Ստամբուլ քաղաքի շահարկումն ունի միայն հուզական նպատակ։ 

Հովհաննես Նազարեթյան

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am