Ապատեղեկատվության դեմ պայքարի համապարփակ ռազմավարություն ունենալու հրամայականը

Ապատեղեկատվության դեմ Հայաստանի շարունակական պայքարը, հատկապես COVID-19 համաճարակի և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, ընդգծում է այս մեծացող  սպառնալիքի համար համապարփակ լուծման՝ ողջ հանրությանը ներգրավելու մոտեցման հրատապությունը։ Այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը ապատեղեկատվությունը ճանաչել է որպես լուրջ մարտահրավեր, առաջընթաց կարելի է համարել, սակայն վերջինիս արձագանքը անբավարար է եղել՝ վտանգ դառնալով ժողովրդավարական զարգացման և ազգային անվտանգության համար:

Ապատեղեկատվության դեմ պայքարի առանցքային ասպեկտը ներառում է հատուկ մասնագիտացած կառույցի ստեղծումը, որը պատասխանատու կլինի դրա նույնականացման, գնահատման և արձագանքման համար: Թեև կենտրոնացումը կարող է ուժեղացնել խորագիտակությունը, Հայաստանում ներկայումս բացակայում է նման մարմին, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում հարցված կառավարությունների 64 տոկոսն ունի հատուկ կառույցներ կամ թիմեր, որոնք աշխատում են ապատեղեկատվությանը հակազդելու ուղղությամբ: Պետք է նաև նշել, որ պետական մարմինների և ոչ պետական դերակատարների միջև համագործակցությունը կարևոր է արդյունավետ արձագանքման համար.

Հայեցակարգային հստակությունը կարևոր է արդյունավետ քաղաքականության շրջանակ մշակելու համար: Հայաստանը պետք է համապատասխանեցնի իր իրավական դաշտը միջազգային չափանիշներին` ստեղծելով ապատեղեկատվության հետ կապված եզրույթների հստակ սահմանումներ: Պաշտոնական սահմանումների բացակայությունը խոչընդոտում է համակարգված մոտեցումների ի հայտ գալուն։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության առաջարկած սահմանումների ընդունումը կարող է հստակություն առաջարկել միսինֆորմացիայի, դիսինֆորմացիայի և մալինֆորմացիայի վերաբերյալ՝ նպաստելով համապարփակ պատասխանների մշակմանը:

Արագ և ճշգրիտ հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարում: Հայաստանի կառավարության թերացումներն այս առումով խոցելի են դարձրել տեղեկատվական դաշտը։ Ելնելով ՏՀԶԿ-ի «լավ փորձի սկզբունքներից»՝ արդյունավետ հաղորդակցության  ռազմավարությունը պետք է առաջնահերթություն տա ինստիտուցիոնալացմանը, հանրային շահի վրա հիմնվածությանը, ապագային միտվածությանը, պատեհաժամությանը, թափանցիկությանը, կանխարգելմանը, փաստահենության և ներառականությանը:

Թեև Հայաստանի քաղաքացիական հասարակությունը անկախ լրատվամիջոցների, թափանցիկության, փաստերի ստուգման և մեդիա գրագիտության միջոցով զգալի հաջողություններ է գրանցել ապատեղեկատվության դեմ պայքարում, պետության մոտեցումը այս խնդրին շարունակում է մնալ ֆրագմենտացված: Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որն ընդունվել է 2020 թվականին, ճանաչում է ապատեղեկատվության սպառնալիքը, սակայն լուծումների հարցում շոշափելի առաջընթաց գրեթե չկա: 

Կարևոր է հասկանալ նաև, որ խոցելի խմբերի չներառումը քաղաքականության մշակման մեջ (ԼԳԲՏՔ+ համայնքի, կանանց իրավունքների պաշտպանների և այլն) խոչընդոտում է ավելի ամբողջական արձագանքին: Տեղեկատվական անվտանգությունը պետական անվտանգության կարևոր մասն է, և դրա համասեփականատիրությունը տարբեր սոցիալական խմբերի կողմից կենսական նշանակություն ունի ապատեղեկատվության դեմ համազգային դիմակայունություն ձևավորելու հարցում: Այս խմբերի ներառումը քաղաքականության մշակման մեջ անհրաժեշտ է ավելի լայն և հաշվետու քաղաքականություն մշակելու համար:

Այլ առաջարկությունները ներառում են ապատեղեկատվության դեմ պայքարի շարունակական ջանքերի ամրապնդումը գոյություն ունեցող ձևաչափերի միջոցով, համագործակցելով տարբեր շահագրգիռ կողմերի հետ, մեծացնելով առցանց անկախ լրատվամիջոցներին տրամադրվող աջակցությունը և խթանելով տեղեկատվական հոսքերը պաշտպանող օրենսդրության մշակումը: Հստակ և ակտիվ հաղորդակցության ռազմավարությունը, որը հետևում է ՏՀԶԿ սկզբունքներին, էական նշանակություն ունի Հայաստանում տեղեկատվական դաշտի բարելավման, թափանցիկության բարձրացման և ժողովրդավարության ամրապնդման համար:

Ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ ռազմավարությունը առանցքային դեր է խաղում բազմաթիվ ճակատներով ազգային դիմակայունություն ձևավորելու գործում: Նախ, այն ծառայում է որպես ազգային անվտանգության երաշխիք՝ ակտիվորեն կանխելով կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվության տարածումը: Ապատեղեկատվությունը կարող է մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը, խաթարել սոցիալական ներդաշնակությունը և միջամտել քաղաքական գործընթացներին: Այս սպառնալիքներին հակազդելով՝ ռազմավարությունը հանդես է գալիս որպես պաշտպանություն արտաքին մանիպուլյացիաներից և ներքին տարաձայնություններից:

Ռազմավարությունը հանդես է գալիս նաև որպես ժողովրդավարական գործընթացների պահապան։ Այն պաշտպանում է ժողովրդավարական համակարգերը՝ կանխելով կամ մեղմելով ժողովրդավարական գործընթացը խաթարելու փորձերը՝ կեղծ պատումների, ընտրություններին միջամտության և ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության քայքայման միջոցով: Վստահության և թափանցիկության միջավայր խթանելով՝ այն ապահովում է ժողովրդավարական մեխանիզմների կայունությունը՝ պահպանելով ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքները:

Ավելին, ռազմավարությունը զգալիորեն նպաստում է սոցիալական համախմբվածության պահպանմանը։ Ապատեղեկատվությունը հաճախ թիրախավորում է կոնկրետ խմբերի կամ համայնքների՝ սերմանելով տարաձայնություններ և բևեռացում: Լավ մշակված ռազմավարությունը ճանաչում և հակազդում է այս պառակտող պատումներին՝ աշխատելով հասարակության տարբեր հատվածների միջև միասնության և փոխըմբռնման խթանման ուղղությամբ: Սա ոչ միայն ապահովում է հասարակական կապերի դիմակայանությունը, այլև խթանում է ընդհանուր ազգային ինքնության ձևավորմանը, որը կարող է հաղթահարել պառակտիչ ապատեղեկատվությունը:

Ամփոփելով, պետք է նշել, որ ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ ռազմավարությունը ամրապնդում  է հանրային վստահությունը: Մի դարաշրջանում, որտեղ տեղեկատվությունը առատ է, բայց հաճախ անվստահելի, ճշտգրիտ տեղեկատվության առկայությունը  բարձրացնում է վստահության մակարդակը ինստիտուտների, լրատվամիջոցների և ընդհանրապես տեղեկատվական աղբյուրների նկատմամբ: Հետևողականորեն հավաստի տեղեկատվություն տրամադրելով և կեղծ պատմումներին հակազդելով՝ ռազմավարությունը դառնում է հանրային վստահության ամրապնդման, ավելի տեղեկացված հասարակության ձևավորման հիմնաքար:

Համապարփակ ռազմավարությունները, որոնք հասցեագրում են ապատեղեկատվության բազմակողմանի բնույթը, կարևոր նշանակություն ունեն ազգային դիմակայունության ձևավորման համար: Նման մոտեցումները ոչ միայն մեղմում են անմիջական ռիսկերը, այլև նպաստում են պետության երկարաժամկետ ամրությանն ու կայունությանը ի հայտ եկող մարտահրավերների պայմաններում։

Կարինա Ավետիսյան

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ավագ վերլուծաբան