Քրեաօլիգարխիկ համակարգի փլուզումն անհրաժեշտություն է․ Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․

«Քրեաօլիգարխիկ համակարգի փլուզումն անհրաժեշտություն է

Անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ կիշխի մեր երկրում և ով կլինի պետության ղեկավարը, խորապես համոզված եմ, որ Հայաստանում օլիգարխներ չպետք է լինեն, իսկ քրեածին հակումներ ունեցող և հանցավոր արժեքներով ապրող օլիգարխները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ տարիներ շարունակ մարդկանց ապրանքի տեղ դնելու, նրանց արժանապատվությունը ստորացնելու, ծաղրելու, նվաստացնելու, բազմաթիվ հանցավոր սխեմաների մասնակցելու, ծանր հանցագործություններ պլանավորելու և իրականացնելու, դրանց անմիջական մասնակիցը լինելու համար՝ թեկուզ միայն այն բանի համար, որ մեր երկրում արմատախիլ արվի անպատժելիության մթնոլորտը, և յուրաքանչյուր ոք իր ականջին օղ անի, որ վաղ թե ուշ պատասխան է տալու իր արածի համար, ինչպես նաև նրա համար, որ ասյուհետ որևէ մեկի մտքով չանցնի ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես վարվել են նշված անձինք:

Կան հանցագործություններ, որոնք ՛՛վաղեմության ժամկետ՛՛ չունեն:

Եվ եթե իսկապես այս անձինք չպատժվեն իրենց կատարած հանցագործությունների համար, հասարակությունը կսկսի զարմանալ: Արդեն սկսել է զարմանալ:
Հայաստանում գոյություն ունեցող նախկին քաղաքական համակարգի ինքնապահպանման ֆունկցիան «բարեխիղճ» կերպով իրենց վրա էին վերցրել օլիգարխները` սեփական կապիտալը նույնականացնելով պետական իշխանության հետ։

Ստեղծվել էր այնպիսի համակարգ, որ օլիգարխիան դեմոկրատական ընտրությունների միջոցով իշխանափոխության ցանկացած քայլ դիտարկում էր որպես ոտնձգություն սեփական կապիտալի նկատմամբ։
Եվ այն շահագրգռվածությունը, որ ցուցաբերվում էր օլիգարխիայի ներկայացուցիչների կողմից` վարչախմբին ծառայելու առումով, լավագույն հավաստումն էր այն համոզմանը, որ Հայաստանում` ի դեմս օլիգարխիայի, թեւածում էր «Պետությունը ես եմ» հայտնի բանաձեւը։

Այդ բանաձևը մեկնընդմիշտ ջնջել է պետք, քանի որ կառավարման նման վարքագիծն ու որակը կենսական առումով հակասում է հասարակության շահերին։

Վերջին հաշվով, այն ինչ կատարվեց մեր երկրում, պետության որակի փոփոխության պայքար էր, որ այսուհետ թաղային խուժանը չդառնա թաղապետ, որ խաղամոլը չդառնա պատգամավոր, որ թմրամոլը չդառնա նախարար, որ ոստիկանը չդառնա մարդասպան, որ դատավորը, դատախազը չդառնան գավառական չարչիներ, վերջապես, որ երկիրը ղեկավարող քաղաքական ուժը հասարակության կողմից ոչ թե ընկալվի որպես քրեաօլիգարխիկ համակարգի երաշխավոր ու անբաժանելի մաս, այլ իրապես հանդիսանա Հանրապետության լեգետիմ իշխանություն ու արդարության ու արժանապատվության խորհրդանիշ…
Երկրում պետք է հաստատել օրինականություն, ընդ որում՝ օրինական միջոցներով»: