Համայնքի ավագանին կնոջս 60-ամյակի կապակցությամբ աջակցություն ա տվել, չտա՞ր․ Մայիսյանի գյուղապետ

Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի համար զարմանալի է՝ ինչո՞ւ է պատմություն դարձել գյուղի որոշ բնակիչների, այդ թվում՝ իր հարազատներին համայնքի բյուջեից օժանդակություն տրամադրելը։

Ի՞նչ մի սխալ բան եմ արել՝ «Մեդիալաբի» հարցին հարցով դիմեց գյուղապետը։ 

Համայնքային բյուջեի միջոցներից գյուղապետի հարազատներին հատկացնելու մասին ավագանու որոշմանն օրերս անդրադարձել էին լրատվամիջոցները։ Այսպես, գյուղապետ Եսայի Մովսիսյանը համայնքային բյուջեից կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, սոցիալական աջակցություն է տրամադրել՝ 50 հազար դրամի չափով։ Նույնքան օօժանդակություն, ըստ աղբյուրների, ստացել է նաև Մովսիսյանի դուստրը՝ Նելլի Մովսիսյանը։ 

Բացի այդ, նշվում էր նաև գյուղապետարանի հայտարարած աճուրդի միջոցով գյուղապետի կնոջ կողմից հողատարածք գնելու մասին։

Գյուղապետն ասաց, որ դստեր անունով համայնքի բյուջեից գումար են «դուրս գրել» եղբոր ընտանիքին օգնելու համար, ու բացատրեց՝ ինչու․

«2014-ին ադրբեջանցիների կազմակերպած դիվերսիայի ժամանակ եղբորս տղան զոհվել ա: Երկու ամիս էր մնում որ տուն գար, մեր էրեխեն զոհվեց, իրանց ընտանիքին օգնություն չի՞ հասնում»։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ միայն իր եղբորորդու համար գումար «դուրս չի գրել»․ գյուղի 6 զոհված զինծառայողների ընտանիքներ ամեն տարի նման օգնություն են ստանում։

«Բոլորին տրամադրում ենք 60 հազար գումար։ Հիմա իմ եղբայրը Ռուսաստանում ա գտնվում, ես ո՞ւմ անունը գրեի, որ էդ գումարը ստանար, որ հետո ավելի բարդ խոսակցություն ըլներ իմ համար, դրա համար իմ դուստրը ստացավ և ուղարկեց իմ եղբոր ընտանիքին, որ իրանց սոցիալական հարցերը լուծի»,- նշում է Մովսիսյանը։

Մեր հարցին՝ եղբայրն այդ գումարի կարիքն ունե՞ր, գյուղապետը պատասխանեց․ «Ո՞նց չուներ, ջահել տղա ա կորցրել դիվերսիայի ժամանակ, ո՞նց չուներ։ Էսօր զոհվածների ընտանիքները օգնության կարիք չունե՞ն»։

Անդրադառնալով հողատարածքի աճուրդին, որի միջոցով կինն այն գնել է 9 հազար դոլարով, գյուղապետն ասաց, որ դա օրինական է եղել։ «Ամեն ինչ օրինական ձևերով է եղել, ոչ մի խախտում չկա, թող գան ստուգումներն անեն, մի հատ տառ, մի հատ բառ սխալ չեմ կատարել»։

Հարցին՝ ինչո՞ւ է կնոջը բյուջեից գումար հատկացրել, գյուղապետը վրդովված պատասխանեց․ «Համայնքի ավագանին կնոջս 60-ամյակի կապակցությամբ աջակցություն ա տվել, չտա՞ր, նրա երկարատև աշխատանքի կապակցությամբ»։ 

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ աշխատանքի դիմաց է ավագանին աջակցել գյուղապետի կնոջը, Մովսիսյանը պատասխանեց․

«Աշխատել է գյուղապետարանում որպես օպերատոր 30 տարի։ Իրավունք չկա՞ աջակցել էդ մարդկանց»։ Գյուղապետը ընդգծեց, որ միայն իր կինը չի ստանում աջակցություն որպես երկար տարիների աշխատող՝ «ուրիշ աշխատողներ էլ են եղել»։

Մյուս հարցին, թե չի՞ տեսնում լիազորությունների չարաշահման դեպք, Մովսիսյանը պատասխանեց․

«Չկա ըտեղ լիազորությունների չարաշահում, եթե մարդիկ մի ամիս աշխատում են ու պարգևատրում ստանում, մենք ընչի՞ չպիտի անենք»։

Այլ հարցերի գյուղապետը չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե ինքնազգացողությունը վատ է, չի կարող խոսել։

Հասմիկ Համբարձումյան

Medialab.am