Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը «Ո՞վ և ինչո՞ւ է Հայաստանում կեղծ լուրեր տարածում վարչապետ Փաշինյանի մասին» վերնագրված հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանի վարչապետին և Կառավարությանն ուղղված ընդդիմադիրների սուր քննադատություններին՝ նշելով, որ բացի հիմնավորված դժգոհությունից՝ մեդիադաշտում նաև Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքականության մասին ապատեղեկատվության հոսք կա։
Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։
Հոդվածում անդրադարձ կա հունիսին ակտիվիստ Արմեն Պետրոսյանի կողմից Ֆեյսբուքում արված հրապարակմանն այն մասին, որ Փաշինյանների ընտանիքն առանձնատուն է ձեռք բերել Կանադայում։ Նշվում է, որ Google որոնողական համակարգը ցույց է տալիս, որ առանձնատունը գտնվում է ԱՄՆ-ում և բոլորովին այլ սեփականատեր ունի։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը DW-ին ասել է, որ պարզ չէ, թե ինչպես կարելի է պայքարել նման լուրերի դեմ, քանի որ լրատվամիջոցներում և սոցցանցերում ապատեղեկատվության տարածումը կանոնակարգող օրենսդրություն Հայաստանում չկա։
Հեղինակը գրում է, որ այդ հարցի պատասխանը, ըստ էության, չունեն նաև ՀՀ իրավապահ մարմինները՝ հիշեցնելով իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության համար Նիկոլ Փաշինյանի կողմից ԱՄՆ-ին, իբր, շնորհավորելու մասին լուրի հայտնվելը, որը տարածվել էր նաև իրանական և ադրբեջանական մեդիայում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հերքեց այս տեղեկությունը, իսկ այն հրապարակած «Դիանա Հարությունյան» անուն-ազգանունով կեղծ օգտատիրոջն ԱԱԾ-ն հայտնաբերեց և կալանավորեց։ Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից Փաշինյանի հասցեին հնչող մեղադրանքներին։ Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն իր հերթին DW-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մասին ապատեղեկատվության տարածման հետևում կանգնած են նախկին քաղաքական էլիտայի ներկայացուցիչները՝ նշելով, որ, քաղաքական դաշտում պարտվելով, նրանք հսկայական ֆինանսական ռեսուրսներ են կենտրոնացրել մեդիադաշտում դիմակայության համար, իսկ դրա համար ունեն հեռուստաալիքներ, առցանց ռեսուրսներ, ակտիվիստներ և այլն։
Բորիս Նավասարդյանը Փաշինյանի դեմ տեղեկատվական նոր հարձակման օրինակներից է համարել մի քանի քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, որոնք «փորձում են օգտվել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած դժվարություններից»։
Նշվում է, որ նախկին իշխող ՀՀԿ-ից բացի՝ այդ ուժերի թվում են կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պատգամավորների թվով խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասները՝ այստեղ