Ցնցումնե՞ր, թե՞ պարտադրանք. Վերլուծաբանները տարբեր կանխատեսումներ են անում ընդդիմություն-իշխանություն հավանական երկխոսության շուրջ

Ցնցումնե՞ր, թե՞ պարտադրանք. Վերլուծաբանները տարբեր կանխատեսումներ են անում ընդդիմություն-իշխանություն հավանական երկխոսության շուրջ
Ցնցումնե՞ր, թե՞ պարտադրանք. Վերլուծաբանները տարբեր կանխատեսումներ են անում ընդդիմություն-իշխանություն հավանական երկխոսության շուրջ

Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները արդեն հայտարարել են, որ ընդդիմության հետ երկխոսելու համար պատվիրակություն կազմելու եւ արտահերթ ընտրությունների մասին բանակցելու մտադրություն չունեն, ընդդիմությունը դա դեռեւս պաշտոնական արձագանք չի համարում, իսկ վերլուծաբաններն էր` իրադարձությունների զարգացումները տարբեր կերպ են կանխատեսում:
Հիշեցնենք, որ իշխող հանրապետական պատգամավորների հայտարարթյուններից հետո, այսօր` հունիսի յոթին հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ով նշել է, թե «անընդունելի եւ ինքնանպատակ է համարում պատվիրակություն ձևավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկը»։

 

«Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է եւ մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է։ Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»,- ասել էր Կարապետյանը:

Ի պատասխան Կարեն Կարապետյանի հայտարարության` ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Մեդիալաբի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այդ հարցում ընդդիմության տեսակետները մնացել են նույնը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ սպասում է բացառապես Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի պաշտոնական պատասխանին:

Թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել ընդդիմություն-իշխանություն հավանական երկխոսության կոնտեքստում, այդ հարցում, սակայն, տարակարծիք են վերլուծաբանները:

ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, թե «վարչախումբը հասկացել է, որ պատվիրակված երկխոսության նստելով Հայաստանում կհաստատվի երկիշխանություն, որը հղի էր որոշ ժամանակ հետո մենիշխանության հաստատմանը` ոչ ի նպաստ ներկայիս իշխանությունների»:

«Այս քայլով, (նկատի ունեմ վերջին հայտարարությունները ու հատկապես Կարեն Կարապետյանի խոսքը), նրանք քայլ արեցին եւ սպասում են ընդդիմության քայլին: Կախված նրանից, թե ինչ քայլով կպատասխանի ընդդիմությունը, զարգացումները ըստ այդմ էլ կընթանան»,- ասում է Սարոյանը:

Անկախ փորձագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, իր համար ակնհայտ է, որ եւ Գալուստ Սահակյանը եւ Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի խոսափողներն են, որոնք նշել են, թե իշխանությունները չեն պատրաստվում պատվիրակություն կազմել` ընդդիմության հետ երկխոսելու համար եւ չեն քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը:

«Իսկ Կարեն Կարապետյանի հայտարարությունը հետեւանք է այն բանի, որ Կոնգրեսը կասկածանքով վերաբերվեց նախորդ հայտարարություններին»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Քաղաքագետն ասում է, որ եթե Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո էլ ընդդիմությունն ասում է, թե սպասում է իշխանությունների պաշտոնական արձագանքին, ուրեմն դա ինքնախաբեություն է:

Նրա խոսքով, Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի քանի բան է բացահայտում: Առաջին բացահայտումն, ըստ Բոզոյանի, այն է, որ երկխոսությունը մինչեւ այս արդեն իսկ սկսված էր, եւ որ «այն ֆորմալացնելու կարիք չունի»:

«Այսինքն, որ այդ երկխոսության արդյունք էր եւ քաղբանտարկյալների ազատումը, եւ Ազատության հրապարակի բացումը: Եւ երկրորդ, որ իշխանությունները չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների մասին բանավիճել ընդդիմության հետ»,- ասում է Բոզոյանը:

Քաղաքագետի խոսքով, «ցանկացած մարդ էլ հասկանում է, որ արտահերթ ընտրությունները առանց ցնցումների չեն լինում, այնպես, ինչպես եղան արաբական երկրներում»:

«Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ մերժում է ցնցումները, նա միշտ դեմ է եղել հեղափոխական մեթոդներին: Կարծում եմ, որ այս լղոզված վիճակը բավականին երկար կշարունակվի, եւ մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ցնցումներ չեն լինի, իսկ նոյեմբերից արդեն կսկսվի նախընտրական արշավը»,- ասում է Բոզոյանը:

Մեկ այլ անկախ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ, սակայն, շեշտում է, որ «ընդդիմության կողմից բարձրացված հարցը` արտահերթ ընտրությունների մասին, ինքնանպատակ չէ, այլ դա ուղղակիորեն բխում է առկա վիճակից»: Իսկ առկա իրավիճակն, ըստ փորձագետի այն է, որ երկրում քաղաքական եւ տնտեսական ծանր ճգնաժամ է:

«Եւ եթե մենք չունենք փլուզում, ապա դա միայն բնականորեն գոյություն ունեցող իներցիայի հետեւանք է, հետեւաբար, այս իրավիճակը երկար տեւել չի կարող»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am