Հերթական միջադեպը եռակողմ հանդիպումից առաջ. ադրբեջանական գնդակից զոհվել է հայ զինծառայող

Հերթական միջադեպը եռակողմ հանդիպումից առաջ. ադրբեջանական գնդակից զոհվել է հայ զինծառայող
Հերթական միջադեպը եռակողմ հանդիպումից առաջ. ադրբեջանական գնդակից զոհվել է հայ զինծառայող

Աստրախանում կայանալիք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից մեկ օր առաջ, ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հայ զինծառայող է սպանել:
Միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում անցկացված պլանային դիտարկումից քիչ անց:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, հոկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան (Մարտակերտի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա սպանվել է Ստեփանակերտ քաղաքից զորակոչված, ՊԲ շարքային զինծառայող` 1990 թվականի ծնված Հարութ Աշոտի Գրիգորյանը:
Ըստ ԼՂՀ ՊԲ-ի կողմից հրապարակված տվյալների, զինվորը սպանվել է ադրբեջանական կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում:

Դեպքի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Պաշտպանության նախարարությունը` խստորեն դատապարտելով կատարվածը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին և հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈՒ նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- գրված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

Միջադեպից ընդամենը ժամեր առաջ`ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում էր անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Աղդամի ուղղությամբ` Յուսուֆջանլու բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը եւ Ժասլան Նուրտազինը:

Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններից անմիջապես առաջ կամ հետո ադրբեջանական կողմը նման միջադեպեր է հրահրում սահմանին:

Այս տարվա հունիսի 18-ին`ՌԴ-ում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից ժամեր անց, ըստ ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրության, «Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը»:

Մարտի արդյունքում, ըստ ԼՂՀ  ՊԲ-ի տվյալների, հայկական կողմը վել էր 4 զոհ եւ վիրավորներ է տվել:

© Medialab.am