Սերժ Սարգսյանի ներածական խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Հեղինակ MediaLab

Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի,
Ես անկեղծորեն ուրախ եմ մեր նոր հանդիպման համար:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր ժողովուրդների վաստակած և ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է: Մեր երկրների միջև ձեռք է բերվել լիակատար փոխըմբռնում արտաքին և ներքին քաղաքականության հարցերում:

Հայ-ռուսական գործընկերության ամրապնդման գործում ոչ պակաս կարևոր դեր են խաղում պարբերական քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում, ակտիվ կապերը միջխորհրդարանական և տարածաշրջանային հարթություններում: Այսօր Ռուսաստանի նախագահի հետ քննարկեցինք մեր երկկողմ համագործակցության ինստիտուտների ամրապնդման հնարավորությունները, բոլոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով ավելի հաճախակի փոխանակումների և խորհրդատվությունների անհրաժեշտությունը:

Հայաստանը միշտ ձգտել է Կովկասում կայուն և խաղաղ իրադրության ստեղծմանը: Հենց սրանով է պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և երկարաժամկետ լուծման որոնման մեր քաղաքականությունը: Մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում անվտանգության հարցերում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում: Դա վերաբերում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի համար չափազանց կարևոր՝ Ռուսաստանի ղեկավարության կառուցողական քայլերին: Մենք շնորհակալ ենք Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, այդ ուղղությամբ մշտական ուշադրության և գործուն քայլերի համար:

Մենք հետաքրքված ենք շարունակելու փոխադարձ շահերի վրա հիմնված արդյունավետ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում: Մտադիր ենք հետագայում ևս միջազգային հարթակներում արտաքին քաղաքականության կոորդինացիայի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքեր ներդնել: Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ կառույցների ամրապնդման համոզված կողմնակիցը և, ինչպես նախկինում, կներդնի բոլոր ջանքերը մեր կազմակերպության կատարելագործման ուղղությամբ: Մենք ընդգծեցինք Հայաստանում այս տարվա սեպտեմբերին նախատեսված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների կարևորությունը:

Հաջողությամբ զարգանում է համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում: Այսօր խոսեցինք ռազմաարդյունաբերության համալիրի գծով և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների մասին: 2010թ. երկարաձգվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Մենք ելնում ենք նրանից, որ այդ բազայի ներկայությունը մեր իսկ անվտանգության շահերի շրջանակում է: Երկարաձգման մասին արձանագրությունն ընդլայնեց նաև այդ բազայի հնարավորությունների կիրառման ոլորտը Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում:

Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներկայությունը համապատասխանում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի ռազմավարական շահերին: Այսօր Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, որին բաժին է ընկնում օտարերկրյա ամբողջ ներդրումների ավելի քան 50%-ը: Մեր երկարաժամկետ տնտեսական կապերի հաստատումը մի շարք խոշոր տնտեսական նախագծերի համատեղ իրականացումն է, ինչպիսիք Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցումն է, Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում իրականացվող մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերում:

Իհարկե, այսօր խոսեցինք նաև Հայաստան ներկրվող բնական գազի գնի վերաբերյալ կարևոր թեմայի մասին: Կարծում եմ, որ փոխըմբռնման եկանք գնի ձևավորման սկզբունքների շուրջ. այն պետք է ելնի գազի իրական շուկայական գնից, բազմապատկած (կամ բաժանած՝ ինչպես կցանկանաք) Հայաստանին` նրա տնտեսության արդյունավետության պահպանմանը և տարածաշրջանում գործող սակագներին համադրելի բնական գազով ապահովելու անհրաժեշտությամբ: Վլադիմիր Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ուժեղ, մրցունակ, զարգացած լինելով: Դա իսկական դաշնակցային մոտեցում է:

Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին՝ մեր օրակարգի բոլոր առանցքային հարցերի շուրջ միանշանակ մոտեցման համար: Օգտվելով առիթից՝ ես հաստատեցի Հայաստան Նախագահ Պուտինի պետական այց կատարելու հրավերը նրան հարմար ցանկացած ժամանակ: