Հիմնավոր կասկած ունեմ, որ տեղի է ունեցել գործարք՝ ազատություն՝ մեղքն ընդունելու դիմաց. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, դատարանը չորս տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանին՝ մեկ տարի փորձաշրջանով։ Դատարանի որոշմամբ՝ Հակոբյանին դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ արձակելու որոշում կայացվեց։ Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը։

– Լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ տեղի է ունեցել գործարք, սա՝ հիմնավոր կասկածի մակարդակով, որովհետև դրան նախորդող ժամանակաշրջանում կայացվեց մի որոշում՝ դադարեցնել կալանքը, հետո առաջին ատյանի դատարանը որոշեց նորից կալանավորել, հետո դրան հաջորդեց փաստաբանների հայտարարությունը, որ տիկին Գայանեն հրաժարվել է իրենց պաշտպանությունից։ 

Այս ամբողջ սցենարի շարունակությանն էի անհամբեր սպասում ու արդեն հանրային պաշտպան ներգրավելու հայտարարությունից հետո, անկեղծ ասած, նման մի բան սպասում էի, բայց չէի պատկերացնում, որ նման արագ տեմպերով ամեն ինչ տեղի կունենա։ 

Շատ ցավալի է, որ մեր գործընկեր փաստաբանների ծառայություններից հրաժարվեցին, որովհետև վստահ եմ, որ այդ խումբը շատ լավ կաշխատեր ու պրոֆեսիոնալ մասնագիտական ծառայություններ կմատուցեր, արդարադատության գործընթացը գուցե մի քիչ ավելի երկար տևեր, բայց համոզված եմ, որ արդյունք հնարավոր կլիներ արձանագրել։ 

Այնինչ որոշեցին ներգրավել հանրային պաշտպան, որն ընդամենը մի քանի րոպեում, պարզվում է՝ ծանոթացել է գործին, և ինձ համար ապշեցուցիչ էր ուղղակի, որ 10-15 րոպե ժամանակ է ունեցել գործի նյութերին ծանոթանալու և խորհուրդ է տվել իր պաշտպանյալին ընդունել արագացված վարույթը կամ չընդունել։ 

Ես ապշած եմ, որովհետև հնարավոր չէ այդքան մեծ արագությամբ, այդ տեմպի մեջ ծանոթանալ բոլոր դետալներին ու հասկանալ, ո՛ր պաշտպանությունն է արդյունավետ լինելու, կամ պայքարելու նման դիրքորոշումը ճի՞շտ է, թե՞ չէ, այն դեպքում, երբ տիկին Գայանեն պնդում էր, որ ինչում իրեն մեղադրում են՝ տեղի չի ունեցել: 

Փաստաբանները, որոնք ներգրավված էին, նույնպես պնդում էին դա, հետևաբար ենթադրում եմ, որ աշխատելու տեղ շատ կար ու հնարավոր էր աշխատել։ 

Իմ խորին համոզմամբ՝ սա ուղղակի գործարք է, ես նաև շատ պատահաբար իմացա, որ վաղը տիկին Գայանեի անմահացած որդու ծննդյան օրն է, չեմ զարմանա, եթե պարզվի, որ սա էլ է շահարկվել, որ տղայի ծննդյան օրը դրսում լինելու շատ լավ առիթ է:

Սա, իմ կարծիքով, արդարադատություն չէ, ու ամենակարևորը՝ թերևս այս պարագայում Աշոտ Փաշինյանի դիրքորոշումն էր, որ տևական ժամանակ՝ դեպքից հետո ամբողջ այս ընթացքում, պնդում էր, որ արդարադատություն պետք է լինի, որ տնային կալանքը շատ մեղմ է, որ կալանավորումն է նախընտրելի, որ 4-8 տարի է պատիժը լինելու, ու շատ հեշտ, պատրաստված տեքստով հայտարարեց, որ իր համար տեղի ունեցածն ընդունելի է։ 

Մի խոսքով, ես ներքին համոզմունք ունեմ, իհարկե չեմ կարող ապացուցել, որ իրականում տեղի է ունեցել գործարք՝ ազատություն՝ մեղքն ընդունելու դիմաց, որպեսզի կարողանան խոսել արդարադատության մասին։

– Կարծում եք՝ Ձեր ասած այդ գործարքի առաջարկն իշխանությո՞ւնն է արել։

– Դա կարող էր առաջարկել կա՛մ դատարանը, կա՛մ Դատախազությունը, իշխանությանը մոտ մարդիկ կարող էին առաջարկել, առաջարկ անելու տարբերակները բազմաթիվ են։ Ճշմարտությունը մենք կիմանա՞նք, թե իրականում ի՛նչ է տեղի ունեցել, գուցե մոտակա ժամանակները չիմանանք, բայց այսպիսի պատմություններն անպայման ջրի երես են դուրս գալիս, ու մանրամասները պարզ են դառնում։ 

Շատ եմ ուզում, որ այս ամենին միջամտածները, որոնք կարող են այս գործարքի մաս կազմած լինել, այս նույն դատական համակարգի մամլիչի տակ ընկնեն։ Այո՛, սա իրավապաշտպանին հարիր ցանկություն չէ, բայց շատ եմ ուզում, որ նրանք, ովքեր չգնացին բարեփոխումների ճանապարհով, իրական արդարադատության համակարգ ունենալու հնարավորության ճանապարհով, իրենց մաշկի վրա զգան այս ողջ համակարգի այլանդակությունը, որն ունենք։

– Եթե ընդունենք, որ տեղի է ունեցել գործարք, ինչպես ասում եք, ապա դա ի՞նչ նպատակ է հետապնդել, տիկի՛ն Կարապետյանց։ 

– Մի կողմից՝ ակնհայտ էր, որ հանրության շրջանում դժգոհություն էր գեներացվում, զայրույթ կար, անհասկանալի մոտեցում կար, թե ինչպես կարող են բազմաթիվ չինովնիկներ, ներկա-նախկին պաշտոնյաներ, որոնք անցնում են տարբեր մեղադրանքներով, գտնվել ազատության մեջ, իսկ կինը, որը կարող էր տնային կալանքի պայմաններում պահվել, ի դեպ, արդարադատության նախարարությունը մեծ շուքով հայտարարեց, որ իրենք տնային կալանքի համար նախատեսված հատուկ թևնոցներ են բերել, բավական մեծ գումարի ծախս էին արել, ու տրամաբանությունը հուշում է, որ կարող էին կիրառել տնային կալանքը, բայց գնացին ուրիշ ճանապարհով։ 

Հասկանալով, որ այդ դժգոհությունն անընդհատ գեներացվում ու մի պահի մի տեղից պայթելու է, պետք է դադարեցնել այս գործընթացը, մյուս կողմից էլ՝ օգտագործեցին ամբողջ գործիքակազմը՝ ցույց տալու, որ մուրճն էլ է իրենց ձեռքը, մանգաղն էլ, մանդատն էլ, կուզեն՝ կփակեն, կուզեն՝ ազատ կարձակեն։ 

Ամբողջ տրամաբանությունը սրա մեջ էր, որոշեցին ամենակարճ ճանապարհով գնալ։ Նախկինն (Սերժ Սարգսյան) ասում էր՝ «ինչքան ուզենք՝ էդքան կխփենք», ներկան ասում է՝ «ինչ ուզենք, էդ էլ կբանակցենք», արդյունքում ունենք այն վիճակը, որ ով ինչ ուզում անում է, կարևորն այդ պահին իշխանության լինես, ամենակարևոր միտքը դրանում է, ու իշխանության ձգտող մի զգալի մասի, եթե չասեմ՝ մեծամասնության, նպատակը հենց այդ է, որ ինքը գա իշխանության, որ իր ձեռքը համբուրող լինի, որ իրենից կախվածության մեջ լինեն, որ ինքը որոշի իր յուրայինների ճակատագիրը։  
Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am