Ծնողի պատասխանը երեխայից ստանալը ճիշտ չէ, թեպետ հասկանում եմ որդեկորույս ծնողների ցասումը. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով ձերբակալվել է «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գայանե Հակոբյանը: Հանրային լայն քննարկման առարկա է դարձել կատարվածը, որդեկորույս ծնողին ձերբակալելը ոմանք անթույլատրելի են համարում ու նշում, որ այն ունի քաղաքական ենթատեքստ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում կատարվածը։

– Եթե մարդիկ հարց ունեն ծնողին, դա երեխայի հետ որևէ կապ ու առնչություն չի կարող ունենալ։ Տվյալ դեպքում՝ եթե իսկապես հարց են ունեցել Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ՝ տարբեր հնարավորություններ ունեն այն տեղ հասցնելու, բայց ոչ Աշոտ Փաշինյանի միջոցով, դա անընդունելի տարբերակ է։ 

Մեքենայից դուրս թռչելու տեսանյութն եմ տեսել, իսկ թե մեքենայի ներսում ինչ է կատարվել՝ շատ դժվար է ասել, որովհետև կողմերը բավական հակասական տեսակետներ են հայտնում։ Բայց, ամեն դեպքում, ծնողի պատասխանը երեխայից ստանալը ճիշտ չէ, այդպես երբեք չի եղել, ոչ մի ենթամշակույթում նման բան չկա, դա ճիշտ մոտեցում չէ, թեպետ հասկանում եմ որդեկորույս ծնողների վրդովմունքը, ցասումը, չլսված լինելը, համարժեք վերաբերմունքի չարժանանալը, բայց սա լուծման տարբերակ չէ, իրենք էլ պետք է հասկանան, որ դա ճիշտ ու նորմալ չէ։

– Ձերբակալությունը օրինաչա՞փ եք համարում, որովհետև պաշտպանը, տիկին Գայանեի աջակիցներն ասում են, որ դա քաղաքական հայացքների պատճառով է արվում, որ հայցվորը ստում է։

– Իրականում, եթե կան որևէ մեկին ձերբակալելու բավարար հիմքեր, ապա դա պետք է արվի։ Նոր օրենսգիրքը շատ ավելի խիստ դասակարգում ունի ու պահանջում է շատ ավելի խիստ մոտեցում կալանավորման հետ կապված։ 

Առողջական խնդիրների մասով էլ, եթե ունենայինք նորմալ դատական համակարգ, որն իսկապես ի վիճակի լիներ առանց զանգերի, առանց պատվեր կատարելու իրականացներ գործընթաց, բոլորս հանգիստ կլինեինք, որ եթե անհամապատասխանություն կա առողջական վիճակի հետ և այլ պատճառ՝ կալանքն ուղղակի տեղի չի ունենա, բայց, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի բարեփոխած դատական համակարգից նման սպասում չունեմ, որ գործն ամբողջական կքննվի, ու գործընթացը զանգերով չի կարգավորվի: Կապրենք՝ կտեսնենք։ 

Քաղաքական հետապնդման մասին ուղղակի խոսք լինել չի կարող, դա բացառում եմ, եթե անգամ մարդը զբաղվում է քաղաքականությամբ, բայց հակաօրինական գործողություններ է արել, դա նրան իրավունք չի տալիս խուսափել պատասխանատվությունից։ Ամեն ինչը չի կարելի այդ դաշտ տեղափոխել, չի կարելի այդքան արժեզրկել կարևորագույն գաղափարները, չկա քաղաքական հետապնդում։

– Տիկի՛ն Կարապետյանց, կարծիքներ են հնչում նաև, որ որդեկորույս մորը պետք է ազատ արձակեն նաև այն պատճառով, որ «Եռաբլուր» պանթեոնում որդեկորույս ծնողներին քաշքշած ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, ինչն էլ ցույց է տալիս, որ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ Համակարծի՞ք եք։

– Համաձայն եմ անարդարության տեսանկյունից, որովհետև, այո՛, Եռաբլուրում տեղի ունեցած այդ խայտառակ միջադեպի համար Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը մեծագույն մեղավորություն ունեն, որ նման միջադեպերին քաղաքական ու իրավական գնահատական չեն տվել։ 

Միայն դա չէ, տարբեր իրավական գործընթացներ բավարար գնահատականների չեն արժանացել, հետևաբար, այո՛, այդ ցասումն ու վրդովմունքը հասկանում եմ, բայց ոչ այս տարբերակով, սա ընդունելի տարբերակ չէ։ 

– Հրապարակային տեղեկությունները համադրելիս, այնուամենայնիվ, ըստ ձեզ, տիկին Գայանեի նկատմամբ կատարվողն ապօրինի՞ է։

– Հստակ պետք է հասկանալ, որ իրականում կարևորը դետալներն են, պետք է հասկանալ՝ Աշոտ Փաշինյանը ստիպվա՞ծ է եղել նստել մեքենան, որովհետև ոչ միայն բռնության, այլ նաև հոգեբանական ճնշման մասին է խոսքը, արդյոք եղել է այնպիսի իրավիճակ, որ այլընտրանք չի ունեցել չնստել այդ մեքենան: Շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունեցել մեքենայում, որովհետև, կներեք, էլի, նորմալ մարդը նորմալ իրավիճակում իրեն մեքենայից դուրս չի գցում։ 

Այսինքն՝ կան դետալներ, որոնք շատ կարևոր են հասկանալու համար, կարևոր է հասկանալ նաև ծնողների մոտիվացիան՝ ինչի համար են հրավիրել նստել մեքենա, ինչ մասին են խոսել, սրանք այն դետալներն են, որոնցից շատ բան է կախված։ Բայց ինֆորմացիան, ցավալիորեն, չկա կամ իրարամերժ է, հակադիր տեսակետներ են հնչում, հետևաբար, դժվարանում եմ գնահատել տեղի ունեցողը, բայց այն, ինչ արդեն հրապարակվել է, դրանից դատելով, ենթադրում եմ, որ հարցեր են ունեցել հայր Փաշինյանին և ոչ թե որդի Փաշինյանին։ 

Հավելենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ մայիսի 20-ին՝ ժամը 15.00-ին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am