Բիզնեսն ու քաղաքականությունը ՔՊ-ում․ Սուքիասյանի ու Արսենյանի բիզնեսների հետքերով. Fip.am

Հայաստանի գործող իշխանությունները թեև 2018-ի հեղափոխության օրերին և դրանից հետո հրապարակների հարթակներից խոստանում էին իշխանության գալու դեպքում Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատել, սակայն այժմ՝ հեղափոխությունից 3 տարի անց, «Քաղաքացիական պայմանագիրն» իր նախընտրական ցուցակում ներառել է խոշոր գործարարներ Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին։ Նրանցից առաջինը ցուցակում 5-րդ համարն է, իսկ Արսենյանը, որ վաճառել է իր որոշ բիզնեսներ, 14-րդ տեղում է։

«Փաստերի ստուգման հարթակը» իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալներից ի մի է բերել այս երկու անձանց հետ կապվող բիզնեսները։

Խաչատուր Սուքիասյանի և նրա եղբայրների բիզնեսները

Խաչատուր Սուքիասյանը բիզնեսով ակտիվ սկսել է զբաղվել դեռ 90-ականների կեսերից, երբ նա դադարեց պետական պաշտոն ունենալ Արդյունաբերության նախարարությունում։ Սուքիասյանի հաջողություններն այս ոլորտում տարբեր մասշտաբներով շարունակվել են Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան։ 1996 թվականին Խաչատուր Սուքիասյանն իր եղբայրների՝ Էդուարդ, Ռոբերտ և Սարիբեկ Սուքիասյանների հետ հիմնել է «Սիլ կոնցեռնը», որը միավորում է նրանց բիզնեսները։ 

«Սիլ կոնցեռնի» մեջ է մտնում «Նարեկ» ՍՊԸ-ն, որում չորս եղբայրները հավասար 25 տոկոս բաժնեմաս ունեն։ «Նարեկ» ՍՊԸ-ին է պատկանում Երևանի Տիգրան Մեծ պողոտայի «Ռոսիա» առևտրի խոշոր կենտրոնը և դրա կողքին գտնվող «Ռոսիա մոլը» (որի բացմանը, ի դեպ, մասնակցում էր Սերժ Սարգսյանը)։ 7 հարկից բաղկացած մոլը ներառում է հագուստի խանութներ, սրճարաններ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ, տեխնիկայի վաճառքի կետեր և այլն։ «Ռոսիա մոլի» կողքին ներկայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Նարեկ» ՍՊԸ-ն կառուցում է մի նոր հսկա շենք։ «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր այս շինարարությանը՝ պարզելով, որ այն ապօրինի էր, և հողազավթում էր տեղի ունեցել։ Թե ի՞նչ համալիր է կառուցվում այս հատվածում՝ դեռ պարզ չէ։ 

Բացի այդ, «Նարեկ» ՍՊԸ-ին է պատկանում «Ռոսիա մոլից» մի փոքր ներքև գտնվող «Սիլ բիլդինգ» բիզնես կենտրոնը։ «Սիլ կոնցեռնը» հիմնել է նաև «Երևան» տոնավաճառը, որը գտնվում է Սասունցի Դավթի կայարանի հարևանությամբ՝ 6 հեկտար հողամասի վրա։ Թեև բոլորին հայտնի է, և «Սիլ կոնցեռնը» ևս հաստատել է, որ տոնավաճառը պատկանում է իրենց, իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում «Երևան» տոնավաճառի միանձնյա սեփականատեր է ներկայացված Երևանի բնակիչ Հակոբ Պետրոսյանը, որը, ենթադրաբար, Սուքիասյանների մտերիմների շրջանակից է։ Տոնավաճառի բացման արարողության ժամանակ Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք էր հայտնում, որ տոնավաճառը կաշխատի, քանի որ գտնվում է կայարանի և մետրոյի կայարանի հարևանությամբ։ Տոնավաճառի կառուցման համար իրականացված ներդրումները, ըստ պատասխանատուների, կազմել են 2.5 միլիարդ դրամ։ Թեև նախատեսվում էր, որ տոնավաճառում աշխատանքի կանցնեն 550 հոգի, ըստ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալների՝ տոնավաճառի իրավաբանական անձ «Մեծ տոնավաճառ» ՍՊԸ-ն ունի ընդամենը 70 աշխատակից։ 

Բանկ և ապահովագրական ընկերություն

Խաչատուր Սուքիասյանին ու եղբայրներին է պատկանում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, որը Խորհրդային Հայաստանի «Բնակսոցբանկի» իրավահաջորդն է։ Ընկերության բաժնետոմսերի 71 տոկոսը պատկանում է Սուքիասյան եղբայրներին, ու նրանք են տնօրինում բանկի վերահսկիչ փաթեթը։ Բանկի ընդհանուր կապիտալը մոտ 40 միլիարդ դրամ է, իսկ կանոնադրական կապիտալը՝ 26.1 միլիարդ դրամ։ «Հայէկոնոմբանկն» ունի 54 մասնաճյուղ, իսկ վերջին տարիներին բանկի ամենախոշոր գործարքներից էր ղազախական ԲՏԱ բանկի ձեռքբերումը 2016-ին։ «Հայէկոնոմբանկի» համար այս տարին, սակայն, լավ չի սկսվել. ըստ «Հետքի» վերլուծության՝ բանկն այս տարվա առաջին եռամսյակում վնասով է աշխատել, իսկ վնասի չափը կազմում է 217 միլիոն դրամ։ 

2001 թվականից գործում է «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որի մասնակիցները դարձյալ Սուքիասյան եղբայրներն են։ Ընկերությունը մատուցում է 10 տեսակի ապահովագրական ծառայություններ։ Հայաստանի մի շարք խոշոր ընկերություններ և պետական հիմնարկներ հանդիսանում են «Սիլ ինշուրանսի» հաճախորդները։ Պետական գնումների ուսումնասիրության ընթացքում հաճախ կարելի է տեսնել, որ բազմաթիվ դեպքերում ապահովագրության ծառայություններ ձեռք են բերվում հենց «Սիլ ինշուրանսից»։ 

Խաչատուր Սուքիասյանի երկու եղբայրները՝ Էդուարդ և Սարիբեկ Սուքիասյանները, հավասար բաժնեմասերով մասնակից են «Սպորտ թայմ» ՍՊԸ-ում։ Ընկերությունը հիմնվել է 2005-ին ու Հայաստան է ներկրում գերմանական հայտնի Adidas, Reebok  ընկերությունների սպորտային արտադրանքները՝ հագուստից մինչև սպորտային պարագաներ։ Թեև հենց Սուքիասյաններն են ներկրում այս բրենդի ապրանքները Հայաստան, հարկ է նշել, որ «Սպորտ թայմը» Adidas-ի պաշտոնական ներկայացուցիչը չէ։ Գերմանիայի հետ Սուքիասյանների հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն Adidas-ի ներկրմամբ։ Խաչատուր Սուքիասյանը Գերմանիայում 2010 թվականին հիմնել է inLobby GMBH ընկերությունը, որը զբաղվում է հյուրանոցային համարների առցանց ամրագրմամբ։ inLobby-ն շուրջ 150,000 հյուրանոցների ամրագրումների ծառայություններ է առաջարկում և գործում է նաև Հայաստանում։ 

Բոլոր այս ընկերությունները գործում են Արամի 3 հասցեում, որը պատկանում է Սուքիասյաններին: Շենքը կառուցվել է 1870-1880 թվականներին Սոֆի Մելիք-Օհանջանյանի կողմից ու վերանորոգվել 1996-ին՝ Սուքիասյանների կողմից։ 


«Սիլ կոնցեռնի» մեջ մտնում են նաև «Պիցցա դի Ռոմայի» երկու պիցերիաները, որոնցից մեկը գործում է Աբովյան 1 հասցեում, իսկ մյուսը Խորենացի փողոցում։ «Սիլ կոնցեռնի» մեջ է մտնում նաև Երևանի պոլիպլաստի գործարանը, որ զբաղվում է լինոլեումի ու այլ իրերի արտադրությամբ։ Կոնցեռնի մեջ է մտնում «Սիլ-մաազա» ՍՊԸ-ն, որ հիմնվել է 2012-ին և արտադրում է «Մաազա» հյութերը։ Իրավաբանորեն ընկերության միակ մասնակիցը Արմեն Մանուկյանն է։ 

2008 թվական. Սուքիասյանները կորցնում են բիզնեսների մի մասը

2008 թվականի նախագահական ընտրություններում Խաչատուր Սուքիասյանը հրապարակավ աջակցում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա շտաբի անդամ էր։ Մարտիմեկյան իրադարձություններից հետո Սուքիասյանը ընդհատակ անցավ, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, ու որպես հաշվեհարդարի միջոց՝ նախկին իշխանությունները ստուգումներ սկսեցին Սուքիասյանների բիզնեսներում, տարբեր մեղադրանքներ առաջադրվեցին, իսկ որոշ աշխատակիցներ նաև կալանավորվեցին։ Սուքիասյաններին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը սնանկացվեց, գույքը դրվեց աճուրդի։ Կրկնաճուրդի արդյունքում հանքային ջրերի գործարանն անցավ ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որը գործարանի համար վճարել էր 4 միլիարդ 441 միլիոն դրամ։ Խաչատուր Սուքիասյանը «Բջնի» հանքային ջրի գործարանի շուրջ իշխանության քայլերը համարել էր քաղաքական հալածանք և դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պետության կողմից իր բիզնեսին պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Հետագայում Սուքիասյանները հիմնեցին «Սիլ հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը Խաչատուր Սուքիասյանի որդի Ալբերտ Սուքիասյանն է։

Այդ ընթացքում Խաչատուր Սուքիասյանը վաճառեց նաև «Պարես Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ և «Ֆիլիպ Մորիս» ապրանքանիշի ներկայացուցիչն էր Հայաստանում։ Վերջին շրջանում Խաչատուր Սուքիասյանը ներգրավվել է մի քանի ընկերություններում ևս. փետրվարին հայտնի դարձավ, որ Խաչատուր Սուքիասյանը գնել է վառելիքի շուկայի «խաղացող» «Ռան օյլ» ընկերության բաժնեմասերը։ «Սիլ կոնցեռնը» հաստատել է տեղեկությունները։ Մինչ այժմ, սակայն, իրավաբանական անձանց համապատասխան գրանցամատյանում «Ռան օյլի» բաժնետերերի ցանկում փոփոխություններ առկա չեն։ «Ռան օյլն» ունի ավտովերանորոգման մի քանի կետեր, 11 բենզալցակայան, նաև զբաղվում է ավտոմեքենաների յուղերի ու քսայուղերի ներմուծմամբ և վաճառքով։ 

2020 թ. սեպտեմբերի 28-ին Խաչատուր Սուքիասյանը հիմնել ու միանձնյա բաժնետեր է դարձել «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ-ում։ Թե ինչո՞վ է զբաղվում այս ընկերությունը՝ դեռ հայտնի չէ։

Գուրգեն Արսենյան

Գուրգեն Արսենյանը Հայաստանի քաղաքական դաշտում հայտնի է որպես «Միավորված աշխատանքային կուսակցության» (ՄԱԿ) առաջնորդ, որը երկար տարիներ պատգամավոր է եղել նախ ՄԱԿ-ից, ապա նաև «Բարգավաճ Հայաստանից»։ Արսենյանը 51 տոկոս բաժնեմաս ունի «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ում, որը Երևանի Ազատության հրապարակի շրջակայքում սրճարան է շահագործում։ 

Արսենյանը զբաղվում էր ծխախոտի ներմուծմամբ իր հիմնած «Արսօյլ» ընկերության միջոցով, հետագայում իրավաբանական անձը փոփոխվել է, ու ծխախոտի վաճառքով սկսել է զբաղվել «Յունիքորն թրեյդ» ընկերությունը, որը, ըստ մամուլի հրապարակումների, ևս վաճառվել է Արսենյանի բոլոր բիզնեսների հետ միասին։ Այս ընկերությունն էր ներմուծում Winston, Camel, LD ծխախոտները։ 

Գուրգեն Արսենյանի կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը, 20 տոկոս բաժնեմաս ունի «Բիզնես սթայլ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է արտաքին գովազդի վահանակների տեղադրմամբ։ 

Մայիսի 25-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, մեկնաբանելով Խաչատուր Սուքիասյանի ներկայությունը ՔՊ-ի նախընտրական ցուցակում, հայտարարել էր, որ «դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ»։