Զելենսկին աճող ճնշումների տակ՝ կոռուպցիոն սկանդալի և պատերազմի սրման իրավիճակում. AP

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին միաժամանակ բախվում է մի քանի լուրջ ճգնաժամերի՝ պատերազմի չորսերորդ տարում ղեկավարելով ծանր իրավիճակում գտնվող երկիր։

Associated Press-ի փոխանցմամբ, վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել էներգետիկ ոլորտից մոտ 100 միլիոն դոլարի յուրացման մասին բացահայտումը, որտեղ ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ և նախագահի շրջապատից անձինք։ Զելենսկին պաշտոնանկ է արել երկու պաշտոնյայի, իսկ գործին առնչվող անձանցից մեկը լքել է երկիրը։ Խորհրդարանի մի մասը պահանջում է հեռացնել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին՝ նրան մեղադրանք չառաջադրելու պայմաններում, սակայն նրա ազդեցությունը քաղաքական որոշումների վրա դարձել է դժգոհությունների աղբյուր։

Չնայած քաղաքական ճնշումներին՝ Զելենսկու պաշտոնը անմիջական սպառնալիքի տակ չէ․ ռազմական դրությունը անժամկետ հետաձգել է ընտրությունները, և նախագահի լիազորությունները հնարավոր չէ դադարեցնել մինչև պատերազմի ավարտը։

Նախագահի հնարավոր մրցակից կարող է դառնալ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, որը թեև չի հայտարարում քաղաքական ծրագիր ունենալու մասին, հասարակական կարծիքում դիտվում է որպես ուժեղ թեկնածու։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկում են պատերազմի ավարտի նախագիծ, որը պահանջում է Ուկրաինայից լուրջ զիջումներ՝ տարածքների մի մասի փոխանցում Ռուսաստանին և բանակի սահմանափակում։ Մոսկվան, ըստ առաջարկի, փաստացի վերահսկողություն է ստանում ամբողջ Դոնբասի նկատմամբ։ Փորձագետները նկատում են, որ առաջարկը հրապարակվել է այն պահին, երբ Զելենսկին առավել խոցելի էր ներքին սկանդալի պատճառով, ինչը ուժեղացնում է նրա նկատմամբ ճնշումը։ Մինչդեռ եվրոպական երկրները քննադատում են այս պլանը՝ այն համարելով անընդունելի Ուկրաինայի անվտանգության ու ինքնիշխանության համար։

Այս ֆոնին Ռուսաստանը շարունակել է առաջխաղացումը մի շարք ուղղություններով։ Ամենածանր մարտերը ընթանում են Պոկրովսկի շրջանում, իսկ էլեկտրակայանների դեմ հարվածները երկրում առաջացրել են պատերազմի ընթացքում գրանցված ամենածանր էներգետիկ պակասը։