«Թող որևէ մեկը չփնովի, չփորձի ցեխ շպրտել այդ հանձնաժողովի աշխատանքներին․ քննելու ենք մինչև վերջ»․ Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, ձեր քաղաքական թիմը որոշել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել։ Մինչև այս հանձնաժողովին անդրադառնալը՝ կխնդրեմ ասեք, թե ի՞նչ եղավ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքը։ Հանրությունը կարծես թե խոստացված աղմկահարույց, ուշագրավ բացահայտումներից անտեղյակ մնաց։

– Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, իհարկե ոչ ամբողջությամբ, այն հատվածով, որը պետական գաղտնիք չի պարունակում, ամբողջությամբ հրապարակվել է, այդ մասին իր ելույթում խոսել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում։ Երևի այս նոր իրադարձությունների, 44-օրյա պատերազմի ֆոնին այդքան մեծ հետաքրքրություն չի առաջացրել։

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու անհրաժեշտությանը, իհարկե, դրա կարիքը կա։ Դեռևս շատ ու շատ պարզաբանման ենթակա հարցեր կան, որոնք գտնվում են իրավապահ մարմինների վարույթների ներքո, բայց այս փուլում արդեն հանձնաժողովը կարելի է ստեղծել, որը կզբաղվի փաստահավաք գործունեությամբ, որոնց գնահատական կտա՝ իր լիազորությունների շրջանակում։

– Իշխանությունն ինչո՞ւ է կարևորում այս հանձնաժողովի ստեղծումը, նախաձեռնությունը ձեր քաղաքական թիմի՞ն է պատկանում։

– Այո՛, հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը բացառապես իշխանությանն է, դա եղել է վարչապետի առաջարկը, ինչը ողջունվել է խմբակցության քաղաքական խորհրդի կողմից։

Դա շատ բնական է և պարզ, որովհետև իշխանությունը թաքցնելու որևէ բան չունի: Այն հանգամանքները, որոնք դեռևս լուսաբանված չեն, իսկ պարզաբանման ենթակա շատ հանգամանքներ կան, պետք է իշխանությունն այս ուղղությամբ ամեն ինչ անի, որպեսզի որևէ մութ անկյուն չմնա պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Հնարավորինս ամեն ինչ պետք է ներկայացվի հանրությանը։

– Պարո՛ն Խաչատրյան, ձեր ընդդիմախոսներն ասում են, որ մի իշխանություն, որի օրոք է եղել այդ պատերազմը՝ նման խայտառակ հետևանքով, չի կարող անաչառ քննություն իրականացնել՝ կատարվածը բացահայտելու նպատակով։

– Այդ ընդդիմության ներկայացուցիչները երևի չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ քննիչ հանձնաժողովում ներգրավված են լինում նաև ոչ իշխանական թիմի ներկայացուցիչներ, այսինքն՝ նրանք անպայման ներգրավված են լինելու հանձնաժողովի աշխատանքներում, լինելու են հանձնաժողովի անդամ և նույն լիազորություններն ունեն, ինչ իշխանական թիմի անդամները։

Որևէ բան իշխանությունը չի կարող կոծկել, իր ուզած ուղղությամբ տանել, որովհետև այդ ամենը բաց է լինելու, ներկայացվելու է հանրությանը։

Մենք կփորձենք ներգրավել նաև զինվորական մասնագետների և հանրային գործիչների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների։ Այդ քննարկումները լինելու են մաքսիմում բաց, իհարկե պետական գաղտնիք պարունակող մասը փակ է լինելու, որին սակայն ներկա են լինելու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։

Այն պնդումներն ու կարծիքը, թե իշխանությունը չի կարող քննել մի բան, որի մեղավորն ինքն է, ուղղակի անհեթեթություն են, ամոթ է նման բան ասելը՝ օգտվելով առիթից, որ մարդկանց մի մասը տեղյակ չէ, որ այդ հանձնաժողովի անդամ են նաև ընդդիմության ներկայացուցիչները։ Սրանով ինչ-որ կոմունիստական դիվիդենտներ շահելն ուղղակի պատիվ չի բերում ոչ մեկին։

– Փաստորեն, կարծում եք, որ ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքները արդյունավե՞տ կլինեն, և ձեր թիմի հասցեին հնչող բոլոր մեղադրանքների պատասխանները կտրվե՞ն։

– Ամեն ինչը պետք է պարզվի, ոչ միայն այդ մեղադրանքները, այլ նաև շատ ու շատ հանգամանքներ։ Ամեն ինչը պետք է պարզվի, և դրա ուղղությամբ մենք չենք վարանելու ու ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները։

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասած պողպատյա մանդատը կիրառելու եք նաև այս հանձնաժողովի՞ պարագայում։

– Այո՛, քննելու ենք մինչև վերջ, սակայն պետք է հաշվի առնել, որ քննիչ հանձնաժողովը քննչական մարմին չէ և չի գործում քրեադատավարական նորմերով, և հանձնաժողովին հայտնի են դառնում այն հանգամանքները, որոնք հնարավոր է լինում հավաքել իր լիազորությունների շրջանակում։

Հետագայում գուցե դրանք ուղարկվեն արդեն համապատասխան իրավապահ մարմիններ՝ ավելի խոր ուսումնասիրություն անելու համար։ Ամեն դեպքում քննիչ հանձնաժողովը հաստատ նպաստելու է բոլոր հանգամանքների բացահայտմանը, հանրությունը օնլայն ռեժիմով հաստատ տեղյակ է լինելու այդ աշխատանքների մասին, և որևէ մեկը թող չփնովի, չփորձի ցեխ շպրտել այդ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև, կրկնեմ, այդտեղ ներկա են լինելու նաև ընդդիմության ներկայացուցիչներ։

– Պարո՛ն Խաչատրյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակը իշխանության հասցեին հնչող դավաճանության, պլանավորված պարտության, Ադրբեջանի հետ գործարքի և այս կարգի մեղադրանքներից «մաքրվելն» է, այսինքն՝ ուզում եք ապացուցել, որ մեղավոր չեք։

– Իշխանությունը չէ, որ ապացուցելու է պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները, ապացուցելու են քննչական և օպերատիվ-հետախուզական մարմինները և ոչ թե քննիչ հանձնաժողովը։ Երկրում տեղի է ունեցել խոշոր իրադարձություն, պատերազմ, և քննիչ հանձնաժողովի ստեղծումը անխուսափելի է:

Այն չի ստեղծվում, որ փարատվեն, կամ իշխանությունն իրենից հեռացնի այդ անհեթեթ, անհիմն մեղադրանքները։ Ո՛չ, քննիչ հանձնաժողովի նպատակն այն է, որ բոլոր հանգամանքները լուսաբանվեն, ինչը հնարավորություն կտա ամրապնդելու մեր բանակը և վերացնելու եղած թերությունները։

– Կրկին անդրադառնալով ապրիլյան քննիչ հանձնաժողովին՝ ի վերջո, դուք գո՞հ եք այդ աշխատանքների արդյունքից, որպես այդ հանձնաժողովի անդամ՝ գոնե ձեզ համար պարզ դարձա՞վ, թե տարածված խոսակցությունները իրակա՞ն էին, թե՞ միֆ, որովհետև հանրությունն այդպես էլ չիմացավ՝ զինվորները զենքո՞վ, թե՞ բահերով են կռվել։

– Քննիչ հանձնաժողովի ամբողջ եզրահանգմանը կարող եք ծանոթանալ Ազգային ժողովի կայքում կամ Անդրանիկ Քոչարյանի ելույթից։ Այո՛, գոհ եմ։ Մեծածավալ աշխատանք է կատարվել, ուղղակի այդ եզրահանգումից դասեր քաղելու ժամանակ չեղավ:

Լավ կլիներ, որ այդ հանձնաժողովը ստեղծված լիներ 2017 կամ հենց 2016 թվականին, այդ դեպքում ավելի մեծ արդյունավետություն կունենար, ժամանակ կունենայինք համապատասխան թերացումները շտկելու։ Ամեն դեպքում այն շատ կարևոր էր, և այդ հանձնաժողովի փորձով, վստահ եմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունը շատ ավելի արդյունավետ ու օպերատիվ կիրականացվի, որովհետև մենք արդեն այդ փորձը ունենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am