«Դոլարը թանկանում է, գները բարձրանում են, իսկ եկամուտները՝ ոչ. մարդիկ աղքատանում են». Փորձագետը՝ սպասվող խնդիրների մասին

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը

Պարո՛ն Քյուրումյան, Հայաստանում դրամն արժեզրկվում է, այս միտումները կարո՞ղ են շարունակվել, և ի՞նչ վտանգներ եք տեսնում։

– Վտանգները հետևյալն են։ Քանի որ մեր պարենային ապրանքների զգալի մասը, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է խոսքը, ներմուծվող է, ապա դրամով արտահայտված գները ավելանում են։

Ինչ վերաբերում է հարցին, թե դա որքա՞ն կշարունակվի, փոխարժեքի մի մասը ձևավորվում է սպասումներով։

Քանի որ հանրությունը երկրի իրավիճակի վերաբերյալ անհանգստություն ունի, և երբ բացասական սպասումներ կան, փոխարժեքի տատանումների ու դրամի արժեզրկման մի մասը կարող է պայմանավորված լինել այդ անհանգստություններով ու սպասումներով։

Բայց նաև պետք է հաշվի առնել այն, որ կառավարությունն օժանդակություններ է հատկացրել տարբեր սոցիալական խմբերի, մարդիկ ծախսում են այդ գումարները՝ առաջին անհրաժեշտության ապրանքների համար։

Ենթադրաբար լրացուցիչ պահանջարկ են ստեղծում, ինչը կարող է նաև արժեզրկման պատճառներից մեկը լինել։ Իսկ ընդհանրապես, հիմա դժվար է ասել՝ լուրջ ֆունդամենտալ փոփոխություններ տեղի ունեցե՞լ են մեր տնտեսությունում, թե՞ ոչ։

Տարին պետք է ամփոփվի, նայենք արտահանման, ներմուծման ցուցանիշները, հետո արդեն կկարողանանք եզրակացություններ անել։

Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի նպատակը նաև գնաճը զսպելն է։ Այսինքն՝ իրավիճակն այդքան մտահոգի՞չ է, որ նման գործիք է կիրառվում։

– Կենտրոնական բանկի խորհուրդը սովորաբար շատ գործոններ է հաշվի առնում, այնտեղ բազմագործոնային վերլուծություններ են տեղի ունենում։

Նրանք սովորաբար գնաճն ավելի երկար ժամանակահատվածում են դիտարկում, այդ առումով կարող է թվալ՝ մեր առօրյայի հետ խզվածություն կա, բայց նրանք ավելի շատ տեղեկատվություն ունեն, ավելի շատ գործոնների հիման վրա են իրենց գործողություններն իրականացնում։

Մարդկանց սոցիալական վիճակի վատացում կլինի՞։ Մի կողմից ստեղծված իրավիճակում գնաճ ունենք, որը կարող է շարունակվել, մյուս կողմից՝ այս տարի մարդկանց եկամուտների նվազում է նկատվում։

– Ոչ միայն եկամուտներն են նվազել, այլ նաև պետք է հաշվի առնել, որ բնակչության եկամուտների մեծ մասը դրամով է ֆիքսված։ Իսկ պարենային ապրանքների զգալի մասը՝ կարագը, շաքարավազը և այլն, ներմուծվող է։

Եթե դրսում այդ ապրանքների գինն աճում է, ապա գինն աճում է նաև մեզ մոտ, եթե անգամ փոխարժեքը չի տատանվում։

Եթե դրան էլ գումարենք այն, որ փոխարժեքը տատանվում է, ապա դրամային արտահայտությամբ գները բարձրանում են։ Իսկ եթե դրամային արտահայտությամբ եկամուտները չեն բարձրանում, ապա մարդիկ աղքատանում են։

– Այսինքն՝ սոցիալական լարվածություն սպասելի՞ է։

– Սոցիալական դժվարություններ՝ այո՛։ Պետք է տեսնել, թե բյուջեն ինչ ազդեցություն կունենա։ Իհարկե, շատ են պլանավորվում տարբեր սոցիալական խմբերի համար ծախսեր, բայց ես չգիտեմ, թե երկարաժամկետ ու կարճաժամկետ հատվածում ինչքանով են կայուն դրանք։

Այսինքն՝ ինչքան կարող են այդ սոցիալական ծախսերը ֆինանսավորել՝ հաշվի առնելով այն, որ բյուջեն եկամուտների խնդիր ունի։ Դժվար է լինելու, հատկապես նոր տարվա սկզբին է դժվար լինելու։ Առջևում ձմեռ է, ջեռուցման ծախսերի, այլ խնդիրներ կարող են լինել։

– Կառավարության անելիքը ո՞րը պետք է լինի։

– Ես իմ Ֆեյսբուքի էջում վերջերս կիսվել եմ մի քանի երկրի օրինակով։ Օրինակ՝ Արգենտինայի խորհրդարանն այս ընթացքում մեկանգամյա քաղաքականություն կիրառեց՝ միլիոնատերերի հարկ։

Տարանջատեց նրանց օտարերկրյա ու Արգենտինայում եղած ակտիվները և հարկ կիրառեց, որը բաշխվեց՝ որպես տարբեր ոլորտների ծախս։ Մասնավորապես, 20 տոկոսը՝ առողջապահական, 20 տոկոսը՝ կրթական ծախսերի համար և այլն։ Դա լուծում է։

Իսպանիայի կառավարությունն արեց ճիշտ հակառակը, ինչը Հայաստանի կառավարությունն արեց նախորդ տարի։

Եթե հիշում եք՝ ՀՀ Կառավարությունը եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից հրաժարվեց ու անցում կատարեց համահարթ համակարգին։ Իսպանիայում պրոգրեսիվ հարկման համակարգն ավելի խորացրեցին։

Այսինքն՝ մենք հարկային հավաքագրումների խնդիր ենք ունենալու, պետք է ինչ-որ միջամտություններ լինե՞ն կառավարության կողմից։

– Իհարկե։ Ե՛վ տնտեսական անկումը խնդիրներ կստեղծի, և՛ անընդհատ խոսում են սահմանների վերանայման հարցերի մասին։ Ժամանակ է պետք, որպեսզի գնահատվի, բայց ինչ-որ քայլեր կան, որ կառավարությունն կարող է անել։

Օրինակ՝ երբ պրոգրեսիվ հարկումից անցում կատարեցին համահարթին, այդ ժամանակ, ըստ կառավարության հաշվարկների՝ հրաժարվեցին մոտավորապես 40 մլրդ դրամ տարեկան եկամտից։

Իսկ պրոգրեսիվ հարկումը վերաբերում էր այն քաղաքացիներին, որոնց եկամուտները բարձր են։

– Դուք առաջարկում եք հետ գնալ պրոգրեսիվ հարկման համակա՞րգ։

– Այո՛, ես ընդհանրապես կարծում եմ, որ պրոգրեսիվ հարկումը ճիշտ է։ Եվ այդ համակարգը կիրառվում է ամբողջ Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում։

Հայաստանում այս ճգնաժամի հետևանքով իրենց աշխատանքը կորցրել են ցածր եկամուտներ ունեցողները։

Ովքեր 2 մլն դրամից ավելի աշխատավարձ էին ստանում, նրանք իրենց աշխատանքը չեն կորցրել։ Ովքե՞ր են նրանք՝ բանկերի կառավարիչները, բջջային օպերատորների, էներգետիկ ընկերությունների, հանքերի ղեկավար կազմը։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ մարդկանց եկամուտն ավելացրեց։ Այս մարդիկ ոչինչ չեն կորցրել հիմա այս ճգնաժամի պայմաններում, մեր բյուջեն է կորցրել՝ տարեկան, ըստ կառավարության՝ 40 մլրդ դրամ։

Այդ օրենքը փոխելով՝ կարելի է հետ բերել 40-50 մլրդ դրամ գումար ու ծախսել շատ կարևոր խնդիրների լուծման համար։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am