«Հայցում եմ Ձեր ներողամտությունը». Վարդան Սեդրակյանը նամակ է գրել Պարույր Հայրիկյանին

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը նամակ է գրել Պարույր Հայրիկյանին՝ ամբողջությամբ ընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը և հայցելով Հայրիկյանի ներողամտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր դեմ մահափորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանի նամակը՝ որպես ապացույց այն բանի, որ 2013 թ. հունվարին իր դեմ մահափորձ իսկապես եղել է:

«Եւ ես ներեցի ու նա կը լինի ազատութեան մէջ իր ընտանիքի հետ։ Իսկ մարդակերպ խոզերը, որ վայրահաչում էին, թէ մահափորձ չի եղել, թող իրենց համար արդարացումներ փնտրեն», – գրել է Հայրիկյանը:

Ինչպես երևում է Հայրիկյանի հրապարակած լուսանկարից՝ նամակը գրվել է 2021 թ. մայիսի 12-ին: Հայտնի քաղաքական գործչին հասցեագրված իր նամակում Վարդան Սեդրակյանը գրել է. «Բարև Ձեզ, պարոն Պարույր Հայրիկյան: Գրում է Ձեզ Վարդան Սեդրակյանը: Հայտնում եմ Ձեզ, որ ամբողջապես ընդունել եմ ինձ ուղղված մեղադրանքը: Խորապես զղջում եմ իմ կատարածի համար և հայցում եմ Ձեր ներողամտությունը: Դուք հանդիսանում եք մեր անկախության խորհրդանիշը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ քաղաքական կյանքում: Հարգանքներով՝ Վարդան Սեդրակյանը»:

ԱԻՄ կուսակցության նախագահ, 2013 թ. ՀՀ նախագահի ընտրությունների թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել է 2013 թ. հունվարի 31-ին:

Որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը, որը նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը նախագահի ընտրություններին, 2013 թ. սեպտեմբերին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: 2020 թ. մայիսի 27-ին դատարանը Վարդան Սեդրակյանի գործով պայմանական վաղաժամ արձակման որոշում է կայացրել: