Ֆոտոպատմության ցուցադրություն՝ ի նվիրումն Արցախյան պատերազմի մասնակիցների

ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն:

Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, կռվի խաղաղ կողմի մասին է:

Եռօրյա ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կցուցադրվի նաև «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։

Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ: Ֆիլմը չի պարունակում դաժան, ոչ մարդասիրական կադրեր՝ պահպանելով ֆիլմին ներկայացվող պահանջները: Ցուցադրության մուտքն ազատ է: