««Չարի վերջը» մեր վախերի մասին է, մենք վախենում ենք և զոհաբերում մեր երեխաներին»․ Ռուբեն Բաբայան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

Երկրում տիրող տրամադրությունների, զարգացումների, ապագայի և երեխաների մասին «Մեդիալաբը» զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ

– Պարո՛ն Բաբայան, արդյոք ձեր խաղացանկում ներառված ներկայացումներն ընտրում եք երկրում տեղի ունեցող զարգացումներին համահո՞ւնչ։ Օրինակ՝ այսօր թատրոնի խաղացանկում ունեք հետևյալ ներկայացումները՝ «Գայլի և ուլիկների արկածները», «Դում-Դում իմաստունը և անգետները» և այլն։ 

– Երկրում տեղի ունեցող զարգացումները ներկայացումների ընտրության հարցում որևէ դերակատարում չեն ունենում, առավել ևս՝ մանկական ներկայացումների ընտրության հարցում, բայց կան գաղափարներ, արժեքներ, որոնք մենք ներառում ենք մեր ներկայացումներում։ Օրինակ՝ մի ներկայացում ունենք աուտիստ տղայի մասին, և, կարծում եմ, այն շատ կարևոր է, որովհետև հանդուրժողականություն է քարոզում, սովորեցնում է, որ նրանք մեզ պես մարդիկ են, պարզապես մի փոքր այլ վարվելաձևով։ Այսպիսի ներկայացումներից հետո մեզ մոտենում են ծնողները և ասում, որ իրենց երեխաները առանձնահատուկ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացումը։ 

– Ներկայացումներ ունեք նաև մեծահասակների համար։ Ի՞նչ ուղերձներ եք փորձում հասցնել մեծահասակներին։ 

– Այո՛, մենք ունենք մոտ 10 ներկայացում մեծահասակների համար՝ և՛ հայկական դրամատուրգիայից, և՛ ֆրանսիական, և այլն, բայց, օրինակ՝ մանկական մի շատ հայտնի հեքիաթ կա՝ «Երեք խոզուկները», որը պակաս կարևոր չէ մեծերի համար։ Հեքիաթն այն մասին է, որ եթե չեք ուզում մտնեն ձեր տուն, ամուր քարե տուն կառուցեք, ոչ թե տերևներից։ Պարզ հեքիաթ է, բայց մեծ գաղափար ունի իր մեջ։ 

– Խոսեցիք «Երեք խոզուկներից» և դրա արդիականությունից, իսկ «Չարի վերջը» և «Անխելք մարդը» հեքիաթները որքանո՞վ են արտացոլում մեր իրավիճակն այսօր։ 

– «Անխելք մարդը», օրինակ՝ հանճարեղ հեքիաթ է բոլոր ժամանակների համար։ Հեքիաթն այն մասին է, թե ինչպես մարդը կարող է անցնել իր երջանկության կողքով և չնկատել այն։ Այդ ներկայացումը մոտ 10 երկիր ենք տարել, և ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր տեղերում մեզ ասում էին՝ այդ հեքիաթը կարծես մեր մասին է։ Փաստորեն բոլոր ժողովուրդներն են տառապում այդ ցավով, բոլորն էլ անցնում են իրենց երջանկության կողքով և չեն նկատում։ 

– Իսկ «Չարի վե՞րջը»։

– Գիտե՞ք՝ երկար ժամանակ ես չէի հասկանում այդ հեքիաթի իմաստը և մի փոքր բացասական էի վերաբերվում դրան, մտածում էի՝ այդ ի՞նչ է քարոզում այդ հեքիաթը, չէ՞ որ կկուն իր ձագերին տալիս է աղվեսին։ Հետո հասկացա, որ Թումանյանի մյուս հեքիաթների պես այս մեկը ևս հանճարեղ է։ «Չարի վերջը» մեր վախերի մասին է, մենք վախենում ենք և զոհաբերում մեր երեխաներին։ 

– Իսկ մենք շարունակում ենք նույն այդ վախի ճանապարհո՞վ գնալ, թե՞ դասեր ենք քաղում։ 

– Երբ կարդում ենք Թումանյանի գրվածքները, առավել ևս՝ հոդվածները, տեսնում ենք, թե դրանք որքան արդիական են նաև այսօր։ Թումանյանն ասում էր՝ մենք ներսից ենք հիվանդ, և բուժումը պետք է գա ներսից։ 

– Այդ բուժումն այսօր գալի՞ս է։ 

– Գիտեք՝ մենք մշտապես մեր խնդիրները, մեր հաջողություններն ու անհաջողությունները կապում ենք արտաքին ուժերի՝ այլ ժողովուրդների, պետությունների հետ, բայց մենք կարող ենք ավելի լավ ապրել, եթե ինքներս աշխատենք մեր խնդիրների լուծման վրա և փոխենք ինքներս մեզ ներսից։ 

Վերջերս մենք դժգոհում ենք ատելության մթնոլորտից, որը կա մեր կյանքում, բայց ինքներս պետք է հասկանանք, որ մեր ուժերի սահմաններում է ատելությունը կանգնեցնելը։ Երբ մեզ վիրավորում են, ատելություն է դեպի մեզ գալիս, եկեք պարզապես չշարունակենք ատելություն տարածել, չփոխանցենք էստաֆետը մյուսներին։ 

– Խոսեցիք երկրում տիրող ատելության մթնոլորտից, իսկ այդ ատելության մթնոլորտը, անկումային վիճակը, հետպատերազմյան խոր հուսահատությունն ինչպե՞ս են ազդում երեխաների վրա, և ինչպե՞ս պիտի փոխենք մեր մոտեցումներն այս իրավիճակում:

– Մենք իրավունք չունենք մեր հոգեվիճակը, մեր հուսահատությունը փոխանցել մեր երեխաներին, որովհետև երեխաները նոր են կյանք մտնում։ Ինչքան էլ դժվար լինի, մենք իրավունք չունենք այլ կերպ վարվելու, հակառակ դեպքում ի՞նչ ենք մենք տալու մեր երեխաներին, եթե ուժեղ և լավատես չլինենք։ 

Մեր հասարակությունում այսօր խնդիր է այն, որ երեխան քիչ է ընդունվում որպես անհատականություն։ Ես հույս եմ կապում նոր սերնդի հետ, որն ավելի լայնախոհ է և առաջադեմ, ինքս տեսնում եմ, թե ինչպես են, օրինակ՝ երիտասարդ ծնողներն իրենց երեխաներին բերում թատրոն, և թե ինչպես են գնահատում երեխայի մեջ մշակութային զարգացման կարևորությունը։ 

– Պարո՛ն Բաբայան, պատերազմից հետո հյուրախաղերով մեկնել էիք Արցախ, ի՞նչ տեսաք արցախցի մանուկների աչքերում, արդյոք պատերազմի դրոշմը երեխաների վրա ակնառո՞ւ է:

– Մենք տեսանք, թե ինչ մեծ ոգևորությամբ էին երեխաները նայում ներկայացումները և թե ինչքան էին ուրախացել։ Փոխվում էր նաև նրանց ծնողների տրամադրությունը, երբ տեսնում էին, որ իրենց երեխան ապրում է, հատկապես երբ խաղում էինք Հադրութի, Շուշիի փախստականների համար։ 

Մենք պետք է գործով ապացուցենք, որ դերակատարում ունենք նրանց երջանկացնելու հարցում, մարդիկ պետք է զգան, որ անտեսված չեն, որովհետև երբ մարդը զգում է, որ անտեսված չէ, նա գիտի, որ կյանքը շարունակվում է։ 

– Առաջիկայում նախատեսո՞ւմ եք հյուրախաղեր և որտե՞ղ:

– Առաջիկայում պետք է հյուրախաղերով մեկնենք Սանկտ Պետերբուրգ, ապա՝ Թբիլիսի։ Արդեն հունիսի 16-ին պետք է մեկնենք ԱՄՆ՝ բեմադրելու Թումանյանի «Գելը» և աուտիստ տղայի մասին ներկայացումը, բացի դրանից՝ մեր դերասանները, տիկնիկագործը, կավագործը, վարպետության դասեր են անցկացնելու այնտեղ։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am