«Օրինակ՝ չիպսի տուփը ախտահանել եմ, կամ գոնե հոսող ջրի տակ լվացել»․ Էմմա Պետրոսյանը՝ Չինաստանում անցկացրած օրերի եւ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

«Բոլորս գիտենք, որ չինացիները մաքրության հետ առանձնապես շատ մեծ սեր չունեն, բայց էս շրջանում հատկապես ամեն ինչ արվում էր հիգիենային հետևելու համար: Պատկերացրեք՝ ամեն անգամ խանութ գնալիս զարմանում էի. ինձ թվում էր, թե անձրև է եկել, դրանից է գետինը թաց, բայց փաստորեն անընդհատ նույնիսկ շենքի բակերը հեղուկով ախտահանում էին»,- ասում է Էմմա Պետրոսյանը, որը Չինաստանի Տյանցզին քաղաքում անգլերենի ուսուցիչ է աշխատում, սակայն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, ծնողների հորդորով մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստան է վերադարձել:

Էմմայի խոսքով՝ Չինաստանի կառավարության խորհուրդները նույնն են, ինչ հիմա Հայաստանում են ասում. անընդհատ ձեռքերը լվանալ, օգտագործել ալկոգել կամ հենց սպիրտ. «Սակայն, ի տարբերություն, որ էստեղ մեր նախարարն ասում է դիմակ կրելու կարիք չկա, եթե դու հիվանդ չես, էնտեղ բացառված է: Եթե առանց դիմակի մարդ տեսնեն, պարտադիր կմոտենան, նույնիսկ ոստիկանը կմոտենա ու կզգուշացնի, որ պարտադիր է կրելը, միայն երբեմն տղամարդիկ կարող են դիմակը իջեցնել, ծխել, հետո անպայման կրում էին դիմակը»:

Էմման տպավորված է Չինաստանում իրականացվող ախտահանման գործողություններից, ասում է, որ վերելակների մեջ նույնպես հատուկ հեղուկներով ախտահանում էր կատարվում. «Անձեռոցիկներ էին դրել, դրան գումարած լիֆտի կնոպկաները սեղմելու համար հատուկ փայտիկներ, փայտիկը վերցնում էիր, լիֆտի կնոպկան սեղմում ու օգտագործված փայտիկը գցում առանձին դրված բաժակի  մեջ»,- պատմում է Էմման:

Ասում է, որ Պեկինի խանութների մուտքի մոտ հատուկ սպիրտային հեղուկ էին ցողվում մարդկանց վրա, հետո միայն թողնում էին խանութ մտնել:

Նկատել է, որ Պեկինի օդանավակայանում անընդհատ ախտահանում էին. «Նույն հատվածը 5 րոպեն մեկ մաքրում էին, նույնիսկ աղբամանների մեջ հատուկ ախտահանող հեղուկ էին ցանում, որ մաքուր լինեն, նույնը զուգարաններում, բոլոր էն իրերը, ինչին դու պիտի կպնես, ամեն հնարավոր այդպիսի տեղերում միջոցներ են ձեռնարկել, որ մարդիկ չկպնեն դրանց»:

Էմման նշում է, որ հանրային սննդի կետերում, ինչպիսին, օրինակ՝ KFC-ն է, ներս մտնել և սնվել չէր թույլատրվում. հաճախորդները մուտքից վերցնում էին պատվերը և իրենց հետ տանում, որպեսզի որևէ կերպ մարդկային կուտակումներ չլինեն:

Պատմում է, որ Չինաստանում բոլոր հանրային վայրերում ջերմաչափում էին իրականացնում՝ շենքի մուտքում, խանութներում, վարսավիրանոցներում, որոնք վերջերս աշխատում են:

Էմման ևս խստորեն հետևել է կառավարության հորդորներին և փորձել զերծ մնալ վարակից: Դիմակ է կրել մշտապես տնից դուրս գալիս, ձեռքերը սպիրտով է ախտահանել, սխտոր է օգտագործել իմունիտետը բարձրացնելու համար:


«Տուն մտնելուց հետո պարտադիր ամբողջ հագուստս, կոշիկներս ախտահանել եմ սպիրտով, հետո նորից լվացքի մեքենայով լվացել, գնածս սնունդն էլ պարտադիր, անգամ տոպրակներով ախտահանել եմ, օրինակ՝ չիպսի տուփը ախտահանել եմ կամ գոնե հոսող ջրի տակ լվացել»,- ծիծաղելով ասում է Էմման: 

Էմման նշում է, որ Հայաստան վերադառնալու պատճառներից մեկը բացի այն, որ ծնողների հորդորն էր (քանի որ շատ անհանգստացած էին ստեղծված իրավիճակով), նաև տնից դուրս չգալու հանգամանքն էր. «Մաքսիմում, որ տնից դուրս եմ եկել, խանութ գնալ ու վերադառնալ տուն, չի էլ թույլատրվում, չի էլ խրախուսվում տնից դուրս գալ, ու հիմա իմացանք, որ մեր դպրոցը, նախնական տվյալներով, մինչև ապրիլ չի աշխատելու, երկու անգամ երկարաձգեցին էդ ժամկետը ու էլի հաստատ չի, որ ապրիլին կաշխատենք:  Հոգեբանորեն էլ ի վիճակի չէի ամբողջ օրը տանը նստել»,- նշում է Էմման:

Սակայն որոշել է, որ անպայման վերադառնալու է Չինաստան: «Հիմա ծնողներիս հետ բանակցությունների մեջ եմ, գնալու եմ էնտեղ աշխատեմ, պլանավորում եմ 1 տարի ու գուցե ավելի էնտեղ մնամ»,- ասում է Էմմա Պետրոսյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am