Հրանտ Բագրատյանի սխալ ու ապակողմնորոշիչ պնդումները՝ «Արմնյուզի» եթերում. Fip.am

Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մայիսի 5-ին 168.am-ի Pressing հաղորդման եթերում, որը հեռարձակվել է «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված որոշմանը, որով կառավարությանը հնարավորություն է տրվել առանց խորհրդարանի համաձայնության վերաբաշխումներ կատարել պետական բյուջեում, հայտարարել էր, որ այն հակասում է Սահմանադրությանը։ 

Բագրատյանը, մասնավորապես, նշել էր, որ որոշումը գալիս է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիկտատուրական ամբիցիաներից. «Սահմանադրությունն ասում է՝ պետական բյուջեի ծախսերը, եկամուտները և ծախսերը ավելացնող, պակասեցնող այդ բոլոր բաները ենթակա են պառլամենտի կողմից հաստատման: Դա հակասում է Սահմանադրությանը: Հակասահմանադրական, սովորական բռնապետություն է ստեղծում…: Իրենք 80 տոկոս մեծամասնություն են, ի՞նչն է խանգարում նրանց հարգել Սահմանադրությունը …»:

Նշենք, որ ապրիլի 29-ին Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որով Կառավարությունն օժտվեց 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությամբ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք այս օրինագիծը հակասահմանադրական է, թե՞ ոչ: 

Ինչ փոփոխություն է կատարվել օրենքում

Սահմանադրության 110 և 111 հոդվածները վերաբերում են պետական բյուջեի ընդունմանն ու բյուջեի նկատմամբ վերահսկողությանը։ Ըստ դրանց՝ Ազգային ժողովն ընդունում է պետական բյուջեն՝ կառավարության ներկայացմամբ և վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ։

Ապրիլի 29-ին ընդունված նախագծով փոփոխություններ են մտցվել 1997 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում: Դեռևս 2003 թվականին կատարված փոփոխություններով՝ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով կառավարությունն իրավունք ունի տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխումներ կատարել՝ առանց ԱԺ հաստատման։ Նոր փոփոխություններով 3 տոկոսի սահմանաչափը հանվել է։

Փաստացի՝ այս կարգավորումն աննախադեպ չէ, նման հնարավորություն կառավարությունն ունեցել է դեռ 2003-ից, և այն չի կարող հակասել Սահմանադրությանը։ 

Պետք է հավելել նաև, որ ընդունված նախագծով կառավարությունն հնարավորություն է ստացել առանց ԱԺ-ի հաստատման վերաբաշխումներ կատարել բյուջեում միայն մինչև այս տարեվերջ՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին, հիվանդության հետևանքների չեզոքացմանը և վերացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով:

Խորհրդարանում նախագիծը ներկայացնող, հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել էր, որ նախագիծն ընդունելու դրդապատճառը կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ընթացքում ավելի լայն ճկունություն ունենալու կարիքն է. «Առաջարկվող նախագծով որևէ ոտնձգություն չի արվում Ազգային ժողովի իրավասություններին, և չի էլ կարող արվել, բնականաբար։ Խոսքն ընդամենը վերաբերում է կարճաժամկետ հատվածում ճկունության որոշակի աստիճանի հայցմանը որոշակի սահմանափակման պայմաններում։ Բայց, միևնույն է, նույնիսկ ճկունության այդ աստիճանը կաշկանդված է Ազգային ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներով»։

Փաստացի՝ Բագրատյանը մանիպուլացնում է ընդունված որոշման մասին փաստերը՝ ոչ ամբողջական պատկեր ներկայացնելով: Նա չի նշում, որ կառավարությունն արդեն իսկ ուներ իրավասություն առանց ԱԺ հաստատման բյուջեի գումարների վերաբաշխումներ կատարելու՝ նոր որոշումը ներկայացնելով որպես աննախադեպ և «Նիկոլ Փաշինյանի դիկտատորական ամբիցիաների արդյունք»։

Բագրատյանը սխալ է ներկայացրել բյուջեի եկամուտները

Հրանտ Բագրատյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձել էր նաև բյուջեի եկամուտներին: 

«Ես արդեն տեսնում եմ, թե ինչ աղետալի վիճակում են հայտնվել բյուջեի եկամուտները: Այսօր արդեն տպվեց առաջին եռամսյակը: Մենք երեք ամսում ունենք 349 միլիարդ եկամուտ՝ անցյալ տարվա 436-ի դիմաց»,- նշել էր նա: 

Սակայն իրականում, ըստ Վիճակագրական կոմիտեի, 2020 թ․ առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտները կազմել են 349 մլրդ դրամ, իսկ 2019 թ․ առաջին եռամսյակում՝ 299․6 մլրդ դրամ: Նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բյուջեի եկամուտների 16 տոկոսի աճ: 

Տնտեսագետը նաև ներկայացրել էր նույն ցուցանիշները փետրվար ամսվա համար:  «Փետրվար ամսին մենք ունեցել ենք 90 միլիարդ հարկային եկամուտ՝ անցյալ տարվա 91-ի դիմաց: Մենք արդեն փետրվարին անկում ունեինք. դեռ կորոնավիրուս չկար»,- նշել էր նա: 

Սակայն Բագրատյանը սխալ տվյալներ է ներկայացնում։ Այո, 2020-ի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ եկամուտներն իսկապես նվազել են, սակայն թվերն այլ են։ Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020 թվականի փետրվարին հարկային եկամուտները կազմել են 85.2 միլիարդ դրամ, իսկ 2019 թվականի փետրվարին՝ 86.5 միլիարդ դրամ: 

Այսպիսով՝ Հրանտ Բագրատյանը 168.am-ի Pressing հաղորդման եթերում կատարել է սխալ և մանիպուլյատիվ հայտարարություններ:

Fip.am
Լուսինե Ոսկանյան